Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում բնակվող այլախոհ թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ում հրապարակված «Թուրքիան ակտիվացնում է Վաշինգտոնում գաղտնի և բացահայտ ազդեցության գործողությունները» վերնագրով հոդվածում բացահայտել է Թուրքիայի բազմաշերտ և ընդլայնվող գործունեությունը Միացյալ Նահանգներում։
Ահա, թե ինչպես է Բոզքուրտն ամփոփել իր բացահայտումները. «Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր լոբբիստական և ազդեցության գործողությունները Միացյալ Նահանգներում՝ կառուցելով ամուր և համատեղ աշխատող ավելի բարդ ցանց՝ գրանցված գործակալների, իրավաբանական և քաղաքական խորհրդատուների, կուսակցական ներկայացուցիչների, ոչ առևտրային կազմակերպությունների և հասարակայնության հետ կապերի ընկերությունների՝ Անկարայի քաղաքականության վերաբերյալ Վաշինգտոնի ընկալումը ձևավորելու նպատակով»։
«Օտարերկրյա հետախուզության գրանցման մասին ակտ» (FARA) ամերիկյան օրենքի համաձայն՝ օտարերկրյա ենթակաները պարտավոր են տեղեկացնել Արդարադատության նախարարությանը (DOJ), երբ նրանք վարձում են ամերիկյան լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ: DOJ-ի կայքում ներկայացված են օտարերկրյա կազմակերպությունների և ամերիկյան ընկերությունների միջև կնքված պայմանագրերը, վճարված գումարները, ինչպես նաև հանդիպումների կամ հարաբերությունների մանրամասները Միացյալ Նահանգների քաղաքական գործիչների հետ:
Ուշագրավ է, որ 2001-2021 թվականների ընթացքում Թուրքիան վարձել է 105 ամերիկյան լոբբիստական ընկերություններ՝ ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության (CRS) 2026 թվականի մարտի 9-ի զեկույցի։
Կարդացեք նաև
Լոբբիստական ջանքերից բացի, Թուրքիան նաև ներգրավվել է ավելի լայն ազդեցության գործարքներում։ Քաղաքական ակտիվիստ Լորա Լումերի խոսքով, որը նախագահ Թրամփի մտերիմ վստահելի անձն է, ԿՀՎ-ը «ունի անառարկելի ապացույցներ, որ Թուրքիան, ավելի կոնկրետ՝ Էրդողանի վարչակազմը, ուղղորդել է ծախսեր փոդքասթերների համար՝ խաթարելու համար Թրամփի վարչակազմի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը»։ Նա X հարթակում գրել է. «ԿՀՎ-ն ապացույցներ ունի, որ այս թուրքական ֆինանսավորումը հասնում է առնվազն մեկ կին և մեկ տղամարդ փոդքասթերների»։ Նա եզրափակել է. «Թուրքիան «Մահմեդական եղբայրության» ամենամեծ ֆինանսավորողն է»։ Բոզքուրտը գտնում է, որ Լումերի պնդումը համահունչ է «Էրդողանի կառավարության կողմից ԱՄՆ տարածքում գաղտնի ֆինանսավորվող լավ փաստագրված արձանագրմանը, սկսած «Մահմեդական եղբայրության» հետ կապված ցանցերի աջակցությունից մինչև լրտեսական գործունեություն, որը թիրախովորում է Էրդողանի քննադատներին, ինչպիսիք են Գյուլենի շարժման անդամները»։
Անկարայի կողմից վարձված ամերիկյան ընկերությունները «զբաղվում են բազմաբնույթ գործունեությամբ, այդ թվում՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ կապերի հաստատում, հանդիպումների կազմակերպում, միջոցառումների անցկացում, կարծիքների հրապարակում [ամերիկյան լրատվամիջոցներում], ինչպես նաև հաղորդագրությունների արշավների համակարգում՝ ուղղված Թուրքիայի քաղաքական դիրքորոշումների խթանմանը», գրել է Բոզքուրտը։
Turken Foundation Inc.-ի՝ «Նյու Յորքում հիմնված և Էրդողանի ընտանիքի անդամների ու գործընկերների վերահսկողության տակ գտնվող ոչ առևտրային կազմակերպության FARA գրանցումը բացահայտում է ֆինանսական հոսքերի ծավալն ու կառուցվածքը, որոնք աջակցում են Անկարայի հետ համընկնող գործունեությանը Միացյալ Նահանգներում»: Փաստաթղթից երևում է, որ 2025 թվականի նոյեմբերի 30-ին ավարտված վեցամսյա հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամը ստացել է 2 միլիոն դոլարի ֆինանսավորում Թուրքիայի հետ կապված կազմակերպություններից, մասնավորապես՝ Թուրքիայի երիտասարդության և կրթության ծառայության հիմնադրամից (TURGEV) և «Մահմեդական եղբայրության» հետ կապված թուրքական իսլամիստական Ensar հիմնադրամից: TURGEV-ը ղեկավարում է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը», գրել է Բոզքուրտը:
Ուղղակի քաղաքական լոբբինգի առումով, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը 2024 թվականի ապրիլի 18-ին կնքել է 1,02 միլիոն դոլարի նոր պայմանագիր՝ «LB International Solutions LLC-ի հետ, որը Թուրքիայի դեսպանատան անունից Կոնգրեսի հետ կապեր հաստատող ամենաերկարաժամկետ գործընկերներից մեկն է։ Ընկերությունը նաև ընդլայնել է իր գործունեությունը, ներառելով մասնավոր թուրքական ընկերություններ, ինչպիսին ONJA-ն է, որը տրամադում է ֆինանսական և առևտրային խորհրդատվական ծառայություններ», գրել է Բոզքուրտը։
FARA-ի գրանցման տվյալները ցույց են տալիս, որ LB International Solutions LLC-ին հանձնարարված է «Թուրքիայի համար լոբբիստական և կառավարական կապերի ծառայություններ մատուցել», ներառյալ թուրքամետ օրենսդրության ընդունումը, որը «նպաստում է Թուրքիայի շահերին և դրական կերպար է ստեղծում թուրքերի, Թուրքիայի և Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ»։
Բացի այդ, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում 2025 թվականի մայիսին կնքել է 1,54 միլիոն դոլարի պայմանագիր Վաշինգտոնում գործող Saltzman & Evinch իրավաբանական ընկերության հետ՝ տրամադրելու «իրավական խորհրդատվություն և վերլուծություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող և դրանց վրա ազդող հարցերի ու զարգացումների շուրջ, ինչպիսիք են ներկա և հնարավոր դատական գործերը, օրենսդրական նախաձեռնությունները, գործադիր որոշումներն ու քաղաքականությունը»՝ ըստ FARA-ի ներկայացրած փաստաթղթի: Բոզքուրտի խոսքով՝ Wall Street Journal-ը հայտնել է, որ «Թուրքիայի կառավարությունը Saltzman & Evinch-ին օգտագործել է՝ Միացյալ Նահանգներում բնակվող Էրդողանի քննադատների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Ընկերության գործընկեր Գյունայ Էվինչը, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքացի է, որոշ ժամանակով աշխատանքի է ընդունել նաև Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինի դստերը՝ Ռումեյսա Քալինին (Կարաբուլութ)»:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վաշինգտոնյան գրասենյակը FARA-ին ներկայացված իր հայտարարագրում հայտնել է, որ Միացյալ Նահանգներում կուսակցության գործառնական ծախսերի համար Թուրքիայից փոխանցվել է 875,534 դոլար, մինչդեռ ծախսվել է 941,833 դոլար: FARA-ի հայտարարագրում նշվում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վաշինգտոնյան գրասենյակը «ներգրավված է եղել քաղաքական, սոցիալական և մշակութային գործունեության մեջ, ինչպիսիք են հանրային հավաքները և անձնական հանդիպումները»:
2025 թվականի հունվարի 31-ին Թուրքիայի կառավարությունը կնքել է 600 հազար դոլարի պայմանագիր մեկ այլ ամերիկյան լոբբիստական ընկերության՝ Skyline Capitol-ի հետ: FARA-ի գրանցման տվյալները ցույց են տալիս, որ «Skyline Capitol-ին հանձնարարված է կապ հաստատել թե՛ Կոնգրեսի, թե՛ գործադիր իշխանության հետ, ինչպես նաև ընդլայնել Թուրքիայի ներգործությունը ԱՄՆ-ի նահանգային և տեղական քաղաքական համակարգերում: Ընկերությունը պարտավոր է կառուցել հարաբերություններ նահանգապետերի, նահանգային օրենսդիրների և քաղաքապետերի հետ ամբողջ երկրում, ամրապնդել կապերը թուրք-ամերիկյան բիզնես համայնքների հետ և ներգրավել վերլուծական կենտրոններ, ակադեմիական և քաղաքական հաստատություններ՝ նարատիվներ ձևավորելու համար»: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Imperium Strategies LLC-ը, ենթապայմանագրային համագործակցություն ունի Skyline Capitol-ի հետ:
Բացի այդ, GoTürkiye-ն վարձել է Geoffrey Weill Associates-ին՝ աշխատելու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնության շրջանակներում և ձևավորելու հանրային ընկալում ու խթանելու զբոսաշրջությունը Միացյալ Նահանգներում: Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության կորպորացիան (TRT) նույնպես ունի գրանցված ներկայություն Վաշինգտոնում:
Թուրքիան ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում տարբեր ամերիկյան լոբբիստական ընկերությունների վրա: Բնականաբար, մեծ գումարներ են պահանջվում փաստերը խեղաթյուրելու, ճշմարտությունը սխալ ներկայացնելու, Էրդողանի կառավարության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները արդարացնելու և անցյալի ցեղասպանությունները թաքցնելու համար:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































