Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարային կուսակցությունը կհամախմբվի ՕԵԿ-ի շուրջը

Օգոստոս 14,2014 14:30

«Առավոտի» հարցերին պատասխանում է Ագրարային կուսակցության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արա Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, Ագրարային կուսակցությունը անցած մի քանի ամիսներին ակտիվ կազմակերպչական եւ քաղաքական գործունեություն ծավալեց: Սեպտեմբերից քաղաքական կյանքը կվերադառնա ակտիվ հուն: Ի՞նչ ծրագրեր եւ նպատակադրումներ ունի կուսակցությունը առաջիկայում:

– Իսկապես, նախորդ ժամանակահատվածը Ագրարային կուսակցության համար նշանավորվեց մի քանի կարեւոր իրողություններով: Նախ՝ մենք ակտիվորեն զբաղված ենք կուսակցության շինարարական աշխատանքներով: Ձեռնամուխ ենք եղել ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ հանրապետության մարզերում կուսակցության տարածքային կառույցները ակտիվացնելուն, ինչը բավականին հաջող ընթացք ունի:

Ձեր նշած անցած ժամանակահատվածում մշակել ենք կուսակցության առաջիկա ժամանակահատվածի գործունեության ծրագիրը եւ սոցիալ-տնտեսական բազմաթիվ այնպիսի ծրագրեր ու առաջարկներ, որոնք նախ կներկայացնենք մեր հասարակության դատին, այնուհետեւ հետամուտ կլինենք դրանց լուծման գործին: Մյուսը՝ մենք ակտիվորեն ներգրավված ենք լինելու Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին եւ փորձելու ենք մեր մոտեցումները, մեր տեսակետները հասանելի դարձնել քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին:

– Կուսակցության անվանումը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ձեր գործունեության տիրույթում լինելու են գերազանցապես գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր: Դա այդպե՞ս է:

– Առաջին հայացքից դա այդպես է, բայց Ագրարային կուսակցությունը անմասն չի մնալու նաեւ սոցիալական, տնտեսական, քաղաքական ու այլ ոլորտներին վերաբերող խնդիրները վեր բարձրացնելու գործից:

Տեսեք, մեր երկիրը հրաշալի պոտենցիալ եւ հնարավորություն ունի՝ զարգացնելու գյուղատնտեսությունը: Այսօր մեր ազգաբնակչության գերակշիռ մասը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներում: Սակայն իսկապես առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ոլորտը զարգացնելու համար:

Մի կողմից՝ բնական աղետների կործանարար հետեւանքները, որոնք պետական աջակցությամբ չեն վերացվում, մյուս կողմից՝ պարարտանյութերի բարձր գները, գյուղտեխնիկայի բացակայությունը, գյուղատնտեսական վարկերի անմատչելիությունը, ապահովագրական համակարգի բացակայությունը, գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների անմխիթար վիճակը, գյուղատնտեսական մթերքների արտահանման անբարենպաստ պայմանները եւ այլն մոտիվացիա չեն առաջացնում գյուղացու մոտ զարգացնելու իր տնտեսությունը, արտադրություն դնելու, աշխատատեղ բացելու եւ հանգիստ խղճով աշխատելու:

Այս եւ այլ խնդիրները լինելու են մեր կուսակցության ուշադրության առանցքում, ու մենք ոչ միայն բարձրաձայնելու ենք դրանք, այլեւ առաջարկելու ենք լուծումներ: Խոսեցի արտահանման մասին եւ ուզում եմ մի կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն սեւեռել: Տեսեք՝ Ռուսաստանի կառավարությունը օրերս արգելել է մի շարք երկրներից գյուղատնտեսական հումք, սնունդ ու արտադրանք ներմուծել ռուսական շուկա:

Այս իրողությանը օրերս անդրադարձել էր նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը նշել էր, որ սա փայլուն հնարավորություն է մեր արտադրողների համար: Ինչ խոսք, սա հրաշալի հնարավորություն է մեր արտադրողների համար՝ ավելացնելու գյուղատնտեսական մթերքների արտահանումը ռուսական հսկայական շուկա: Եվ կառավարությունը այս ուղղությամբ մեծ աշխատանք ունի անելու:

– Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի հետ կապված Ագրարային կուսակցությունն իր սատարումն էր հայտնել «Օրինաց երկիր» կուսակցությանը: Դուք նաեւ ներկա էիք Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Նախ կցանկանայի ճշտել ՕԵԿ-ի հետ համագործակցությունը միայն այդ խնդրի մասո՞վ էր, թե՞ կան համագործակցության այլ օրակարգեր եւս: Եվ երկրորդ՝ այդուհանդերձ, հոսանքի գինը օգոստոսի 1-ից բարձրացավ: Ի՞նչ քայլեր եք ծրագրել իրականացնելու ըստ այդմ:

– Սկսեմ 2-րդ հարցից: Մեր քաղաքական խորհրդի որոշմամբ հայտարարեցինք, որ սատարում ենք ՕԵԿ-ին էլեկտրաէներգիայի եւ շղթայական թանկացումների դեմ պայքարում: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ հոսանքի թանկացումը իր բացասական հետեւանքներն է ունենալու մարդկանց սոցիալական դրության եւ տնտեսության զարգացման վրա: Այդ որոշումն ի սկզբանե անհիմն էր եւ հակաժողովրդական, քանի որ համակարգում առաջացած 18 մլրդ դրամի ճեղքվածքը չի կարելի փակել՝ մտնելով սպառողի գրպանը, մանավանդ որ՝ այդ ճեղքվածքը առաջացել է անարդյունավետ կառավարման պատճառով: Այդուհանդերձ, որոշումը ուժի մեջ է մտել:

Թե ինչ ենք մենք անելու: Գիտեք, որ ՕԵԿ-ը էլէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ համարելու հայցով դիմել է Վարչական դատարան, դիմել է Ազգային ժողովի խմբակցություններին, ձեռնարկել է այլ գործընթացներ, որոնք նպատակ ունեն խնդրի լուծումներ գտնել: Մեր կուսակցությունը կիսում է այս մոտեցումները, եւ այսուհետ եւս շարունակելու ենք սատարել ՕԵԿ-ի նշածս նախաձեռնությունները: Այսինքն՝ մեր նպատակները համընկնում են, հետեւաբար համընկնում են նաեւ պայքարի միջոցներն ու ճանապարհները:

Ինչ վերաբերում է առաջին հարցին: Ինքս երկար տարիներ ճանաչում եմ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: Առիթ ունեցել եմ մի քանի անգամ հանդիպելու նրան եւ մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ հարցեր քննարկելու: Ագրարային կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ արդեն ձեւավորվել է առողջ եւ կառուցողական համագործակցություն: Վերջին մեր քաղաքական խորհրդի նիստում մանրամասն քննարկել ենք ՕԵԿ-ի հետ համագործակցության բազմաթիվ օրակարգեր, քանի որ համարում ենք, որ իր կենսագրության անցած 17 տարիներին ՕԵԿ-ը եղել է հասարակությանը հուզող խնդիրների բարձրացման եւ լուծման առաջամարտիկներից մեկը:

Կուսակցության հեղինակած հարյուրավոր օրենքները դրա վառ ապացույցն են: Մենք որոշել ենք համախմբվել «Օրինաց երկիր» կուսակցության շուրջը, հանդես գալ, այսպես ասած, միասնական ճակատով, ու վստահ եմ, որ մեր համագործակցությունը լավ արդյունքներ կտա: Բացի այդ՝ «Օրինաց երկիրը» խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժ է, ինչը լավ հնարավորություն է տալիս մեր կողմից առաջ քաշված բազմաթիվ խնդիրներն ու առաջարկությունները հնչեցնել խորհրդարանի բարձր ամբիոնից:

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031