Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է, որ «Կանազի» հոսպիտալի գործով տուժողները ցուցմունքները հնարել են

Օգոստոս 20,2014 23:25

«Կանազի» հոսպիտալի գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Նալբանդյանը պնդում է, որ նախորդ տարվա նոյեմբերի երկուսին տեղի ունեցած դեպքերի կարեւոր հանգամանքները չեն բացահայտվել՝ գործով տուժողների նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների պատճառով:

«Ավելին այս մասով չեմ ընդարձակվի, որովհետեւ այս մասով հետագայում ասելիք ունեմ դատարանում: Այս պահին բավականին շատ մտահոգություններ ունեմ գործի ընթացքից, որոնց մասին կրկին հիմա չեմ ցանկանում խոսել»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորում տուժողների ցուցմունքների հակասությունները, պարոն Նալբանդյանը կարճ ձևակերպեց` հնարում են. «Եթե մի բան տեսել են, պատկերացրել ու հասկացել, դա անընդհատ կասվի: Ասվում են ոչ օբյեկտիվ բաներ, որոնք առաջացնում են հակասություններ: Եթե փաստական հանգամանքները հնարվում են, ապա մի անգամ մի ձեւով, մեկ այլ անգամ մի այլ ձեւով կներկայացվի»:

Հարցին, թե դուք է՞լ եք կարծում, որ հոսպիտալի բուժանձնակազմն է հրահրել ու ծեծել տղաներին, պարոն Նալբանդյանն ասաց, որ համոզված է, որ բուժանձնակազմն է առիթը եղել. «Եթե գործ ունեն հոգեբուժական բաժանմունքի հիվանդների հետ, նրանց մոտեցումը պետք է այլ լիներ, քան եղել է իրականում»:

Հիշեցնենք, որ «Կանազի» հոսպիտալում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Իսկ զինվորները պնդում են, որ հոսպիտալի բժիշկներն են իրենց վրա հարձակվել ու ծեծել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031