Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի պարա լողի առաջնություն. ՀՀ դրոշը՝ աշխարհի 38 երկրների առաջնաշքերթում (մաս 3)

Նոյեմբեր 05,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ «Առավոտի» հոկտեմբերի 21-ի, 28-ի համարներում

ԹՈՒՐՔԻԱ, ԳԵԲԶԵ, ՔՈՋԱԵԼԻ

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐԱ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 38 ԵՐԿՐՆԵՐԻ  ԱՌԱՋՆԱՇՔԵՐԹՈՒՄ (մաս 3)

Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնության պարա լողի մրցաշարին մասնակցությունն առաջինը հենց Թուրքիան էլ ողջունել էր իրենց Պարալիմպիկի էջում, հաստատելով և ներկայացնելով իր ողջույնի խոսքում, որ Հայաստանի մասնակցությունն առաջին անգամ է, որ ևս մի դրոշ ավելացավ Եվրոպական ընտանիքին և որ  իրենք սիրով սպաում են մեզ՝ ՀՀ պարա լողորդ Գարիկ Միքայելյանին։

…Խանութի ներսում աշխատում էր մի տարիքով կոշկակար, բոլոր կոշիկները ձեռագործ էին, նա չգիտեր, որ ձեռքիս հեռախոսի վրա միացված թարգմանիչն ավտոմատ թարգմանում էր մեր բոլորի խոսակցությունը։ Դե հերիք է խոսես, թող այդ հայերին, կոշիկն արդեն վաճառել ես, թող գնան, ասաց տարեց կոշկակարը, որի խոսքը խլացնելու շտապեց Հասանն իր հրաժեշտի ջերմ ու շռայլ խոսքերով։ Թուրքական բարեսրտության սահմանները ևս մի դրվագով բացահայտած՝ մենք քայլեցինք դեպի անհայտ մի ճաշարան, փորձելու այդքան չարչրկված «Ադանա» կոչվող քյաբաբը, որը զարմանալու ոչինչ չուներ, գուցե Ստամբուլինն ուրիշ է եղել, ամեն դեպքում մեզ այն շատ սովորական թվաց։ Հայաստանից տարած հաց ու պանրի համը անփոխարինելի էր, թուրքական հացի մեջ մենք հայերս չենք զգացել այն համն ու բույրը, ինչ մերի, բոլոր ուտելիքներն ու անուշեղենները իրենց հետաքրքիր համը թողել են, բացի հացից։ Հայի հացի բույրի մեջ կա այն, ինչը չես թարգմանի ու չես հանի ոչնչով, պակասեցրու ինչ ուզում ես, այն ամենահամովն է լինելու անգամ օտարի քիմքին։

Զարմանալի էին իմ, մեր տեսած թուրքերը, քաղաքականապես պատրաստված, բարեհամբույր պահվածքը սպասարկման ոլորտում ընդունված նորմ էր, իսկ ամենազարմանալին այն էր, որ քաղաքային երթևեկությունը ոչնչով չկարգավորվող էր ու բավականին արագ էին վարում մեքենաները և ի զարմանս մեզ, բացի այն, որ ոչ մի վթարի ականատես չեղանք, այլև չտեսանք մի վարորդի մյուսի վրա բղավելիս կամ ազդանշաններ տալիս, նրանք պարզապես, անգամ այդ խտության և արագության պայմաններում մեկը մյուսին զիջելու սովորույթն էին կիրառում։ Քաղաքի պատերին ամենուր հայրենասիրական, պատմական դրվագներ պարունակող պլակատներ էին ու ցուցանակներ, Քեմալի լուսանկարներն ու քանդակներն անընդհատ և ամեն անկյունից, պատից ու պաստառից նայում էին ու ներկա էին իրենց առատությամբ։

Շների չհանդիպեցինք Գեբզեի փողոցներում, բայց ինձ զարմացնում էր այն, որ ամեն տասը մետրը մեկ կհանդիպեիր կերամանի ու ջրամանի, որից պարբերաբար օգտվող կատուների առատությունը աչք էր ծակում, անգամ լողավազանում շրջում էր մի սև ու փայլուն, գեղեցիկ կատու, որին հնարավոր չէր դուրս բերել այդտեղից։ Թուրքերի սերը հանդեպ այդ կենդանին ակնհայտ էր, ես ցավ էի ապրում՝ հիշելով բոլոր այն դժբախտ հայ կատուներին, որոնք շրջապատի վերաբերմունքի պատճառով պարբերաբար գալիս էին մեր բակ ու սատկում թունավորումից, թակարդներից ստացած վիրավորումներից, այդ բախտին էր արժանացել նաև մեր տան Վանիկ անունով կատուն, որը տարբեր աչքերի գույներ ուներ ու հենց պատերազմի օրն էր եկել մեր տուն։ Փաստորեն, միայն հասարակությունը չի, որ երջանիկ կամ դժբախտ է տիրող հոգևոր, բարոյահոգեբանական իրականությունից, որտեղ մենք շատ ու շատ բաներում տանուլ ենք տալիս, բացարձակ սանձարձակության պայմաններում, չկա տարրական էթիկայի ու դաստիարակության մի նորմ, որը բոլորի համար ոսկե օրենքի պես կիրառելի լինի ու լինի համատարած, սա անշուշտ տեսանելի է նաև օտար աչքին և տվյալ ազգի մասին խոսում է որպես ընդհանրացված բնութագիր։

Ինչպե՞ս կարող էինք մենք տանուլ տալ այսքան ու ամենուր, ինչպես, մի՞թե հետսովետական, անկախ երկիրը չկարողացավ պահել այն լավն ու բարին, որը կարելի էր և պետք էր պահպանել, միջանձնային հարաբերություններից սկսած մինչև նորանկախ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Ազատությունն ու անարխիան հաճախ են շփոթեցնում անհատին ու տանում նրան քայլերի, որոնք աններելի են հատկապես, երբ այդ անհատները սովորական մեկը չեն, այլ որոշակիորեն վստահված անձինք, որոնցից է կախված քո ազգի, երկրի ապագան բոլոր բնագավառներով և առումներով։ Մենք տանուլ ենք տվել մի բան, որը կոչվում է հայրենասիրություն, որովհետև դժվար գտնվեր մի թուրք, ով կասեր, որ չի սիրում իր հայրենիքը, չի սիրում մյուս ազգակցին։ «էլ վաթան»– առաջինը հայրենիք, այս լոզունգը մեխվել է իմ ուղեղում. մի ժողովուրդ, ում պետությունը կառուցված է այլոց հայրենիքների վրա, արյան ու զավթողականության ուժով, սիրում է այն, ինչ ձեռք է բերել, արդարության, թե հանցանքի ուժով, դա կարևոր չէ նրա համար, նա այն նվաճել է ու ամրագրել, որ նախ և առաջ՝  հայրենիք… Իրանի  Փահլավի Շահի հետ հանդիպման ժամանակ հայտնի է Մուստաֆա Քեմալի խոսքերը ուղղված Շահին. «Դու ունես ազգ ու երկիր, որ հազարամյակների պատմություն ունի, ես ունեմ Թուրքիա, իսկ թուրքեր նոր պիտի ստեղծեմ…»։ Մենք տեսանք Քեմալի ստեղծած թուրքերին, առնչվեցինք նրանց հետ, ինքներս մեզ թույլ տվածի սահմանում, սպորտային այցի մեջ ամեն օր եղանք մեր գերբի, դրոշի, «Armenia» անվան կրողը, շրջելով մարզահագուստով և սպորտային թիկնապայուսակներով, որոնց վրա մեր եռագույնն էր ու Հայաստան անունը։

Գեբզեի օլիմպիական լողավազանում, պարա լողի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Հայաստանի Հանրապետության դրոշն առաջինը մտավ ու մինչև մրցաշարի ավարտ մնաց առաջնաշքերթում, մենք մեկնեցինք մինչ խաղերի ավարտը, ելնելով ֆինանսական սուղ պայմաններից։

Լռություն էր այս մասին հայկական բոլոր լրատվամիջոցներում, բոլոր կայքերում, բացի ՀՀ Պարալիմպիկ կոմիտեի կարճ ու սեղմ հաղորդագրության, ոչինչ չկար այս կարևոր իրադարձության մասին։ Փոխարենը, երբ արդեն վերադառնում էինք ու օդանավակայանի ծխոտ ճանապարհին էինք, տաքսու վարորդն ասաց, որ այրվում էր արդյունաբերական Գեբզե քաղաքի օծանելիքի գործարանը, ծուխը չէր խանգարում, որ մեքենայի պատուհանից երևար մեզ ողջունող ու հրաժեշտ տվող, հայկական «Armine» անունը կրող այս ցուցանակը, որն անշուշտ խորհրդանշական էր ու միստիկ ինձ համար, չէ՞ որ ես իմ երկրի դրոշակակիրն էի այդտեղ։

Վերադարձանք սեպտեմբերի 9-ին, փակման արարողությանը այնտեղ չէինք, բայց այնտեղ էր, լողավազանի առաստաղից որպես առաջինը կախված էր մեր լինելության ու պետականության, մեր կամքի խորհրդանիշը, ի՞նչ ենք մենք զգում նրա հանդեպ, արդյոք հասկանո՞ւմ ենք որքան թանկ է ու կարևոր այն մեզ համար, երանի՜ իսկապես ու ողջ գիտակցական հզորությամբ զգանք նրա արժեքը և ուշքի գանք, սթափվենք մեր տանուլ տվածներից ու հանենք անտարբերության հանցավոր ախտը մեր ներսից, որպես ազգ, մենք՝ պատմիչի նշած վեհագույնը բոլոր հյուսիսային ազգերի մեջ։

Սա խորը ինֆորմացիոն, բարոյական ու պատվիրանախրատական մեսիջ ընդունենք մեր մեջ ու վերջապես վերածնվենք, որովհետև երբ բարեկամության ու եղբայրության հին ու բարի լոզունգները թարմացած փայլով կհորդեն դեպի մեր փոքրիկ հանրապետություն, հազարամյակների քաղաքակրթություն ունեցած ազգը հավուր պատշաճի պատրաստ լինի չասիմիլիզացվելու, չկորչելու և չոչնչանալու՝ մի պատրաստված ու իր ուժի բոլոր իմաստներով կանոնակարգված, քո պատմությունը իմացող կամ չիմացող, իմացածը թաքցնող ու խեղող մի նոր հանրույթի առաջ, որը կոչվում է ժամանակակից թուրք։ Այստեղ է, որ պիտի հասկանանք, որ մեր վերջին մարտը դեռ տանուլ տված չէ և այն հաղթելու կամ պարտվելու միակ ախոյանն ու աջակիցը հենց ինքներս ենք, մեր տեսակով, դիմագծով, թե առանց դրա, սա է ընտրությունն ու սա է միակ՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն ընտրությունը։ Հայրենիքով ապրող, նրա անվան համար պայքարող, արդարամիտ հայ մարդու համար պարզ է ընտրությունը, արժանապատիվ, ուժեղ պետություն, որտեղ մարդն արժեք է, զինհաշմանդամի համար այս ընտրությունը պարզապես ընտրություն չէ, ամենօրյա պայքար է, ոչ մի կերպ չհանձնվելու համոզմունք։

Թուրքիա պետության մեջ եղած մեր ամեն օրվա մեջ մենք հպարտ էինք, որ ՀԱՅ ենք. արժանապատիվ ու չընկրկող տեսակի հետ վարվեցողությունը նույնպիսին եղավ՝ ղեկավարից մինչ հասարակ քաղաքացի։ Սա արդեն պատմություն է։

Ուրեմն՝ առաջ, իսկ առջևում մարզական ճանապարհի նոր մարտահրավերներ են ու պայքարի ճանապարհ, մարզվելու, արդեն գրանցված արդյունքներին համապատասխան հասանելիքը ստանալու, որը մեզանում անգամ զինհաշմանդամ մարզիկին տրվում է արհեստական բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելու և պայքարի գնով։

Արմինե Մելիք–Իսրայելյան

 Արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
04.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել