Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դիտորդները բարձրացրել են քրեակատարողական հիմնարկների գերբնակեցված լինելու հարցը

Սեպտեմբեր 15,2014 13:30

Նախարարի տեղակալը հանդիպել է հասարակական դիտորդական խմբի հետ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ:

Ըստ արդարադատության նախարարության, անդրադառնալով դիտորդական խմբի կողմից ներկայացրած առաջարկություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք նախարարության կողմից խմբավորվել են, նախարարության ուշադրության կենտրոնում են, եւ հավելել, որ դրանց ուղղությամբ տարվել եւ տարվում են աշխատանքներ: Սուրեն Քրմոյանը նշել է, որ հարկ եղած դեպքում առաջարկներին նաեւ օրենսդրական լուծումներ կտրվեն: ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանն անդրադարձել է դիտորդական խմբի կողմից ներկայացված առաջարկների հիմնական ուղղություններին: Մասնավորապես՝ ՔԿՀ-ների գերբնակեցման հարցին, որի վերաբերյալ բարեփոխումների հայեցակարգ կա: Նախատեսվում է նաեւ պրոբացիոն ծառայության ներդրմամբ նույնպես նպաստել խնդրի լուծմանը: Ներկաներն անդրադարձել են այն չափանիշների բացակայությանը, որոնց հիման վրա անձին կարելի է ազատազրկել, ինչի վերաբերյալ լուծումները նույնպես հայեցակարգում կան:

Մյուս խնդիրը, որը նույնպես բարձրացվել է, դատապարտյալների համար ոչ ցանկալի աշխատանքներին է առնչվում, որը պայմանավորված է ենթակառուցվածքների ցածր կայացվածության մակարդակով, ՔԿՀ-ներում բժշկական ծառայությանը:
«ՔԿՀ-ների ներսում մենք կկարողանանք հաջորդ տարի բոլոր բուժծառայությունները վերազինել, վերակազմակերպել, մասնագետներին վերակրթել, այդ հարցը մենք ամբողջությամբ կարգավորելու ենք օրենսդրական եւ անհրաժեշտ այլ միջոցներով»,-վստահեցրել է նախարարի տեղակալը: Նա հավելել է նաեւ, որ նախատեսվում է մյուս տարի գործարկել պրոբացիոն ծառայությունը, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել հոկտեմբերին: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին՝ Սուրեն Քրմոյանը նշել է, որ ՔԿՀ նոր պետն արդեն հստակ հանձնարարականներ է տվել իր ենթականերին, եւ այն խնդիրները, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, էականորեն կբարեփոխվեն:

Ինչ վերաբերում է դատապարտյալների անձնական ու կրթական առաջխաղացման հնարավորություններին՝ ապա արտոնություններ կտրվեն բուհ ընդունվելու համար, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում նույնպես դատապարտյալների համար կրթություն ստանալու հնարավորություն կլինի:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցի առնչությամբ Սուրեն Քրմոյանը կարծիք է հայտնել, որ դրա նախապայմանը պետք է լինի դատապարտյալի կատարած աշխատանքը, իսկ եթե նա չի աշխատում ու որդեգրում է հակասոցիալական վարք, ապա այդ ինստիտուտը նրա նկատմամբ չպետք է գործի: Այս առնչությամբ, դիտորդական խմբի անդամները մտահոգություն են հայտնել, որ դատապարտյալների շրջանում այն կարող է նվաստացուցիչ դիտվել՝ հաշվի առնելով առկա ենթամշակույթը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը նշել է, որ այդ դեպքում մենք ընդունում ենք դատապարտյալների ներքին մշակույթը, մինչդեռ պետք է աշխատանքներ տարվեն այդ մշակույթը փոխելու ուղղությամբ:

Կրկին բարձրացվել է ՔԿՀ աշխատակիցների սոցիալական վիճակի, նյութատեխնիկական խնդիրների լուծման, դատապարտյալների կողմից թմրադեղերի օգտագործման կանխարգելման հարցը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը վստահեցրել է, որ իրենք շուտով այլ հարցեր ու խնդիրներ եւս կներկայացնեն, մասնավորապես՝ կոռուպցիոն ռիսկերի մասով:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930