Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի քաղաքացու հետ խաղադրույքներ է դրել, ինչն ավարտվել է դանակահարությամբ

Սեպտեմբեր 15,2014 14:00

Գուրգեն Բաղդասարյանը դատապարտվել էր
ազատազրկման 3 տարի ժամկետով

Նրա նկատմամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կիրառել էր ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշումը, եւ Գուրգեն Բաղդասարյանն ազատվել էր նշանակված պատժից:

Կալանավորումը վերացվել էր եւ դատական նիստի դահլիճից նրան անհապաղ ազատել էին:

Մեղադրող Ա. Չախոյանը հենց այս դատավճռի դեմ բողոք է բերել վերաքննիչ դատարան:
Գուրգեն Բաղդասարյանը մեղադրվել է 2013 թ. մայիսին Ֆրանսիայի քաղաքացուն դանակահարելու համար:

Նա ինտերնետ ակումբում ծանոթացել է Ֆրանսիայի քաղաքացի Արտաշես Գասպարյանի հետ: Ըստ գործի նյութերի, վերջինիս խնդրանքով նրան թույլատրել է «Վիվառո» ինտերնետային կայքում իր անվամբ բացված անձնական էջից խաղադրույքներ կատարել` հայտնելով անձնական էջի անհատական տվյալները եւ գաղտնաբառը: Հետագայում Գուրգեն Բաղդասարյանը ցանկացել է կայքից միայնակ օգտվել, փոխել է գաղտնաբառը: Հընթացս պարզել է, որ կայքում Արտաշես Գասպարյանի կողմից մուտքագրված գումար է մնացել` այդ մասին տեղեկացրել է վերջինիս եւ պատրաստակամություն հայտնել վերադարձնել այն:

2013թ. մայիսի 17-ին Երեւանի Բաղրամյան եւ Երզնկյան փողոցների հատման վայրում Գուրգեն Բաղդասարյանին պատահաբար հանդիպելով` Արտաշես Գասպարյանը պարզաբանումներ է պահանջել ինտերնետային կայքում իր մուտքագրած գումարը վերադարձնելու վերաբերյալ: Վիճաբանություն է առաջացել նրանց միջեւ, որը շարունակվել է Բաղրամյան պողոտայի 69 շենքի բակում: Վիճաբանության ընթացքում Գուրգեն Բաղդասարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Արտաշես Գասպարյանի կրծքավանդակի ձախ հատվածին: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դատարանում Գուրգեն Բաղդասարյանն իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել: Իսկ նախաքննության մարմնին դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ: Նա նաեւ նշել էր, որ որեւէ մեկին միտումնավոր վնասելու ցանկություն եւ նպատակ չի ունեցել, զղջում է կատարած արարքի համար, իր գործողություններն էլ ուղղված են եղել միայն իր անձը պաշտպանելուն:

Նախաքննության փուլում ամբաստանյալ Գուրգեն Բաղդասարյանը ցուցմունք է տվել, որ մարդաշատ վայրում չաղմկելու համար, իրենք պարզաբանումների հետ կապված՝ գնացել են Բաղրամյան պողոտայի 69-րդ շենքի բակ: Վիճաբանության ընթացքում Արտաշես Գասպարյանը ու նրա ընկերը սկսել են ձեռքերով եւ ոտքերով հարվածել իրեն, հագին առկա բաճկոնը գլխի վրա է շրջվել, հարվածների հետեւանքով վայր է ընկել եւ գետնից երկաթյա առարկա վերցնելով՝ ընկած վիճակում հարվածներից պաշտպանվելու համար, նշված առարկայով հարված է հասցրել, որից հետո վիճաբանությունը դադարել է: «Նկատել է, որ Արտաշես Գասպարյանը ձեռքը որովայնին է պահած, ընկերոջ հետ փախել է շենքի բակից: Վիճաբանության ժամանակ ինքը նույնպես մարմնական վնասվածք է ստացել, սակայն բաճկոնը գլխին ընկած լինելու պատճառով չի տեսել, թե իրեն ով է հարվածել: 22.05.2013 թվականին ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում»,- հայտնել էր նա:

Վկա, Ֆրանսիայի քաղաքացու ընկեր Ռաֆայել Նազարյանը դատաքննության փուլում պնդել է իր նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ 2008 թ. ընկերություն է արել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Արտաշես Գասպարյանի հետ, որը Հայաստան գալուց հետո բնակվել է նույն թաղամասում՝ պապիկի տանը: Դեպքի օրը գնումներ կատարելու համար դուրս է եկել տնից եւ քայլել Բաղրամյան պողոտայով: Բաղրամյան եւ Երզնկյան փողոցների հատման վայրում նկատել է մայթեզրին կայանված Ա.Գասպարյանի պապիկին պատկանող ավտոմեքենան, որը Հայաստանում գտնվելու ժամանակ Արտաշն է վարել: Ավտոմեքենայի մեջ նստած Ա.Գասպարյանի ընկեր Արմենի ընկերուհուց տեղեկացել է, որ Արտաշը եւ Արմենը գնացել են Երզնկյան փողոցի վրա գտնվող աստիճանների ուղղությամբ: Երզնկյան փողոցի աստիճանների վրա հանդիպել է Արմենին, ով իրեն հայտնել է, որ Ա.Գասպարյանին դանակով հարվածել են եւ վերջինս գնացել է հիվանդանոց: Միասին մոտեցել են ավտոմեքենային, նույն ժամանակ ավտոմեքենան է նստել իրեն անծանոթ մի տղա: Արմենը ավտոմեքենան վարել է դեպի Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկ: Ճանապարհին իրեն է զանգահարել Արտաշը եւ հայտնել, որ ինքը տաքսի ավտոմեքենայով գնում է Պռոշյան փողոցի վրա գտնվող հիվանդանոց: Հիվանդանոցում իմացել է, որ Ա.Գասպարյանին վիրահատել են: Ընդհանուր խոսակցություններից տեղեկացել է, որ դեպքի օրը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գուրգեն Բաղդասարյանը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ա.Գասպարյանին: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես պատժատեսակ պետք է նշանակվի ազատազրկում:

Հաշվի առնելով Գուրգեն Բաղդասարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաեւ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դատարանը միաժամանակ արձանագրել էր, որ «հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով», գործի փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ նախահարձակը եղել է տուժող Ա.Գասպարյանը: Այդ կապակցությամբ քրեական գործում առկա է դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` Գ. Բաղդասարյանի առողջությանը պատճառվել է առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս: Նախաքննության մարմինն այդ կապակցությամբ 18.02.2014թ. որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` դիմողի` Գուրգեն Բաղդասարյանի բողոքի բացակայության հիմքով:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առաջին ատյանի դատարանը չէր արձանագրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930