Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ Եռյակը հանրահավաքին իշխանությունից կպահանջի վտանգավոր քայլ

Սեպտեմբեր 19,2014 17:17

«Ես այսօր վստահ չեմ, որ իշխանությունները կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին: Քաղաքական գործի մեջ պիտի տրամաբանություն լինի: 2012-ի խորհրդարանական ընտրությունից առաջ մեր գործընկերները՝ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» իրենց ծրագրային դրույթներում գրում էին, որ անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումներ: «Ժառանգությունն» ընդգծում էր խորհրդարանական համակարգ: Իսկ արդեն 2012-ի աշնանը ԲՀԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին եւ խորհրդարանական համակարգին անցնելուն: Ի՞նչ եք կարծում, մենք ի՞նչ պիտի անեինք այդ ժամանակ, պիտի ասեինք՝ վայ, ինչպես եղավ, որ դուք հանգեցիք մեր կարծիքի՞ն, ուրեմն մի վատ բան էիք մտածում, ուրեմն քննադատեի՞նք: Հիմա, եթե իշխանություններից ոմանք հայտարարում են, որ խնդիրը քննարկելի է, մենք պիտի ասեինք՝ վայ, ղալաթ եք անում, դուք իրավունք չունե՞ք նման բան ասելու,- այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսպես բացատրեց ՀՅԴ-ի՝ Քառյակը հանրահավաքների ժամանակ լքելու որոշումը:

Նա բացատրեց. «Այն ուժերը, ովքեր կողմնակից են խորհրդարանական համակարգի անցման, այս պարագայում Եռյակը, որովհետեւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ է, մենք առաջարկում էինք մշակել համատեղ առաջարկությունների այն փաթեթը, որը կփոխեր ընտրական համակարգը, կնվազեցներ իշխանությունների ցանկությունը վերարտադրվելու: Ասում էինք՝ եկեք միասին քննարկենք, գտնենք ոսկե միջինը, հիմնական առանցքային հարցերը եւ դնենք իշխանության սեղանին: Ասեինք՝ կգնանք սահմանադրական բարեփոխումներին, եթե այս դրույթները մտնեն: Շատ ավելի ուժեղ կլիներ մեր դիրքորոշումը, բայց ցավոք, այդ համաձայնությունը մենք չկարողացանք ունենալ»:

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ Քառյակը շարունակելու է գործել բոլոր այն հարցերում, որտեղ համաձայնություն կլինի. «Ես չեմ բացառում, որ հենց Քառյակի եւ մեր երկրի պետականության ընթացքին ամենամեծ վնասը կարող է տալ, որ աշնանային հանրահավաքում մեր գործընկերները որոշեն հիմնական հարց դարձնել Սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը: 12 կետերը ամփոփեցին, հասկանալի է, հաջորդ քայլը որն է, ո՞րն է լինելու այն պահանջը իշխանություններից, որը ենթադրում է հանրահավաքը: Հնչում են տեսակետներ, որ կլինի ամբողջական իշխանափոխություն, բայց փողոցում էսկալացիա, մոտավորապես նույն պատկեր ինչ ունեինք 2008-ին, ես վստահ չեմ, որ բոլոր ուժերը դրա կողմնակիցն են, ԲՀԿ-ի հայտարարությունը կա, որ իրենք խաղաղ սկսելու կողմնակից են:

Ես շատ կափսոսամ, եթե այս իրավիճակում նրանք հանկարծ որոշեն, որ մի հաղթանակ ցույց տան, ինչ-որ մի բան ասելու ունենան, որոշեն իշխանությունից պահանջեն հրաժարվել սահմանադրական փոփոխություններից: Չուզենալով՝ կամա-ակամա հենց հանրահավաքին մասնակցող ուժերը կնպաստեն իշխանության դիրքերի հետագա ուժեղացմանը եւ վերարտադրմանը: Ես չեմ բացառում, որ իշխանությունը, իր նպատակն ունենալով, ընդառաջ գնա այդ պահանջին եւ ասի՝ լավ, չեք ուզում, չեք ուզում, մենք այդ փոփոխությունները չենք անում եւ նույն ընտրական համակարգով, նույն ուժային լծակներով կգնան հաջորդ ընտրություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930