Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեղում ով էլ նշանակվեր, խոսակցություններ էին ծագելու»

Հոկտեմբեր 10,2014 14:00 Share

Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «փակագծեր» է բացում

Երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը, հայաստանյան մշակութային դաշտում «ալեկոծություն» բարձրացավ, պատճառն այն էր, որ նրան չէին ճանաչում: Անդրանիկ Արզումանյանն էլ, ստանձնելով տնօրենի պաշտոնը, հայտարարեց, թե պատրաստվում է օպերային վերադարձնել նախկին փառքը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ է արել տնօրենն այդ ուղղությամբ, մնո՞ւմ է խոստման տերը: Պարոն Արզումանյանը նշեց, թե դեռ շատ աշխատանք կա կատարելու. «Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել: Բայց ահագին քայլեր արդեն արել ենք, օրինակ, փոփոխությունները՝ ադմինիստրատիվ բլոկի հետ կապված, նոր բաժիններ են բացվել, այդ թվում՝ իրավաբանական, մարկետինգի եւ մենեջմենթի: 21-րդ դարում առանց մենեջմենթի թատրոն չի կարող գոյատեւել: Որոշակիորեն հարստացրել ենք նաեւ խաղացանկը: Կարծում եմ, որ մեր աշխատանքի արդյունքում է, որ այսօր դահլիճը 100 տոկոսով լցվում է»:

Տնօրենն առանց մանրամասնելու հավաստիացրեց, թե պատրաստվում են տարբեր երկրներից արտիստներ հրավիրել, նաեւ անվանի բեմադրիչների, որոնք նոր ներկայացումներ կբեմադրեն մեր օպերային թատրոնում:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ օպերային թատրոնում կայացած ատեստավորմանը, որը դժգոհությունների տեղիք էր տվել: Արզումանյանի ձեւակերպմամբ, յուրաքանչյուր փոփոխություն ունի ցավալի կողմեր: Ասում է՝ ստիպված են եղել մի քանի տարեց աշխատակիցների հրաժեշտ տալ, արտիստների մի մասի հետ էլ կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր կնքել: Օպերայի տնօրենի կարծիքով՝ ատեստավորումն արդար է եղել ու թափանցիկ, նրա խոսքով, հանձնաժողովներում պրոֆեսիոնալներ էին՝ օրինակ, Մեծ թատրոնից հրավիրված արվեստագետներ: Մեր զրուցակիցը փաստում է, որ փոփոխությունների արդյունքում 2-3 անգամ բարձրացրել է աշխատավարձը, օպերային արտիստներն այժմ ամսական միջինը 250 000 դրամ են ստանում: «Քանի որ աշխատավարձը բարձրացել է, պահանջներն էլ, բնականաբար, խստացել են»,- պարզաբանում է տնօրենը:

Նրա ասելով, տարեվերջին 3-4 նոր ներկայացում կունենան, ինչ վերաբերում է «բազմաչարչար» «Կարմենին», 50 տոկոսով աշխատանքներն արվել են, Արզումանյանը հույս ունի, որ ֆինանսական խնդիրները կլուծվեն ու այն կյանքի կկոչվի 2015-ին:
Հարցրինք՝ գործող Օպերայի աջակցման հիմնադրամը իսկապե՞ս աջակցում է, ինչ-որ բան արվե՞լ է՝ նրա հետ համագործակցությամբ: Տնօրենը պատասխանեց, թե ունեն համատեղ նախագծեր, օրինակ՝ անցյալ շաբաթ նվագախումբը մեկնել է Արցախ, տարբեր ծրագրերով հանդես են եկել Գյումրիում, Վանաձորում, մի քանի օրից էլ կմեկնեն սահմանամերձ շրջաններ:

Մեր դիտարկմանը, թե մշակութային օջախների ղեկավարները մտահոգություն ունեն, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուց հետո խնդիրներ կառաջանան հյուրախաղերի առումով, մասնավորապես՝ դեկորների տեղափոխման հետ կապված, պարոն Արզումանյանը, որ Հայաստանում ընկալվում է իբրեւ Ռուսաստանի «մարդ», չհամաձայնեց: Նախ ասաց, որ իրեն երեւանցի է համարում, ինչի համար հպարտ է, ապա հավելեց, թե չի կարծում, որ դժվարություններ կլինեն. «Ընդհակառակը՝ մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ է կապված, եւ Մաքսային միությանը միանալը կհեշտացնի մեր աշխատանքը»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ Վիգեն Գալստյանին՝ օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր նշանակելուց հետո վերականգնվել է օպերա-պարարվեստի քոլեջ կապը, հույս ունի, որ քոլեջում այլ դասավանդողների էլ կհրավիրի օպերա: Նա ափսոսանք հայտնեց, որ բալետի տղամարդ պարողների խնդիր ունենք, 7-8 հոգի էլ ծառայում է բանակում: Չնայած նշեց, որ պաշտպանության նախարարը նրանց փրկել է զինվորական կոպիտ կոշիկներ կրելուց՝ տղաներն առավոտյան գալիս են աշխատանքի, երեկոյան վերադառնում զորամաս:

Հետաքրքրվեցինք՝ իր պաշտոնավարման ընթացքում գրանցված ամենամեծ հաջողությամբ: «Ամենամեծ հաջողությունն այն է, որ անհաջողություն չի եղել»,- պատասխանեց տնօրենը: Թերացումների մասին չցանկացավ խոսել, ասաց, որ ինքը ինքնաքննադատությանը տրվելով՝ կարող է շատ «առաջ գնալ»:

Նա «Անուշը», «Սպարտակը» եւ «Աիդան» համարում է օպերայի համար այցեքարտային ներկայացումներ, բայց գտնում է, որ դեռ աշխատելու տեղ կա. «Այնպես չի, որ գոհ եմ ներկայացումների որակից, բայց, իհարկե, շատ տանջանք ու քրտինք է թափված»:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն լուրերին, որ նշանակումը կապվում է ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի անվան հետ: «Արմեն Սմբատյանին ճանաչում եմ շատ վաղուց, բայց իմ նշանակման հետ այդ մարդը որեւէ առնչություն չի ունեցել, նույնիսկ եղել են խոսակցություններ, թե իբր հայ չեմ… նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, եւ եթե բոլորին պատասխանեմ, ժամանակ չի մնա աշխատելու համար: Նաեւ վստահ եմ, որ իմ տեղում ով էլ նշանակվեր, էլի նման խոսակցություններ էին ծագելու… Մի ցանկություն ունեմ, որ օպերայի մասին բարի նյութեր գրվեն, 600 մարդ է աշխատում այստեղ, ախր մարդիկ քրտինք են թափում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031