Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքը ստորագրեցին համատեղ հայտարարություն

Հոկտեմբեր 13,2014 21:40

Հոկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Նորին Սրբություն Մոր Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը, գոհություն ենք մատուցում Ս. Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Ս. Հոգուն, որ առիթ ընձեռեց մեզ՝ հանդիպելու համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, եղբայրական հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Քրիստոսավանդ ողջույնով վերահաստատելու եղբայրական սերը երկու հովվապետերի միջև, հավատքի միությունը և մեր Քույր Եկեղեցիների համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հայ և Ասորի առաքելահիմն Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միևնույն քրիստոսաբանությունը և սրբազան ավանդությունը, հայրախոսական և ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր, խոստովանողներ և վկաններ: Ուրախ ենք արձանագրել, որ այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները մեր երկու Եկեղեցիների միջև:

Հարագնա փոփոխությունների աշխարհում մեր Եկեղեցիները հովվական իրենց կյանքում նոր մարտահրավերների առջև են կանգնած: Կարևորում ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը հոգևոր և աստվածաբանական կրթության, հովվական կյանքի, վանականության խթանման գործում: Մեր քաջալերանքն ենք բերում մեր Եկեղեցիների ներկայացուցիչներին՝ շարունակելու փոխգործակցությունը թեմական մակարդակներում:

Մեծապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Այսօր Մերձավոր Արևելքի երկրները, որոնք օրրանն են միաստվածյան կրոնների և որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել ու արարել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, այսօր գտնվում են մեծ ճգնաժամի մեջ: Խստորեն դատապարտում ենք բոլոր ահաբեկչական խմբավորումների և կրոնական ծայրահեղականների կողմից իրականացված գործողություններն ու կիրառված բռնությունները քրիստոնյաների, մահմեդականների, եզդիների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Հույս ունենք, որ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կարդյունավորվի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և բռնի տեղահանված բնակիչները կվերադառնան իրենց բնակավայրերը:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Սիրիայում շարունակվող պատերազմի առնչությամբ: Եվս մեկ անգամ կոչ ենք  անում միջազգային հանրությանը՝ հարգելու Սիրիայի ժողովրդի` բացառապես խաղաղ ճանապարհով իրենց քաղաքական խնդիրները և տարաձայնությունները լուծելու կամքը: Աղոթում ենք առևանգված երկու արքեպիսկոպոսների` Գրիգորիոս  Յոհաննա Իբրահիմի և Բուլոս Յազիչի շուտափույթ ազատ արձակման համար: Լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին, լինի դա մարդկային կյանքի համար օգտակար ֆինանսական, բժշկական թե այլ բնույթի, և կվերացնի մարդասիրական օգնության ճանապարհի բոլոր խոչընդոտները:

Հարյուր տարի է անցել մարդկությանն այդքան դժբախտություն և չարիք պատճառած Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից: Աշխարհի տարբեր ազգեր և պետություններ հիշատակում են մարդկության չարիքները և անդրադարձ են կատարում անդառնալի կորուստներ պատճառած այդ իրադարձություններին: Պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ ինչպես հայերի համար, ովքեր կորցրեցին մեկ ու կես միլիոն հայրենակիցների և իրենց հայրենիքի մեծ մասը, այնպես էլ  ասորի ժողովրդի համար, ովքեր կորցրեցին իրենց՝ ավելի քան հինգ հարյուր հազար բնակչություն: Մենք աղոթք ենք բարձրացնում հայ և ասորի նահատակների, ինչպես նաև Առաջին Համաշխարհային պատերազմի մյուս զոհերի համար: Հրավիրում ենք համայն քրիստոնեական աշխարհին` միանալու Հայոց Ցեղասպանության և Ասորի Սայֆոյի 100-րդ տարելիցների հիշատակման միջոցառումներին 2015 թվականին: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին` ճանաչելու և դատապարտելու հայ և ասորի ժողովուրդների, ինչպես նաև այլ քրիստոնյա համայնքների դեմ իրագործված ոճրագործությունները:

Գոհություն ենք մատուցում Ամենակալ Տիրոջը` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա համագործակցութան համար, որոնք ունեն միևնույն հավատքը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ եկեղեցական մեր ընտանիքը էկումենիկ շարժման և երկխոսությունների մեջ է այլ Եկեղեցիների և քրիստոնեական համայնքների հետ: Պատմական այս նոր պայմաններում աստվածաբանական երկխոսությունները պետք է նպաստեն Քրիստոսի Եկեղեցու համընդհանուր վկայությանն այս փոփոխվող աշխարհում: Ուրախ ենք, որ երկկողմ և բազմակողմ հարաբերություններ են զարգանում կրոնների և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` հանուն աշխարհի խաղաղության, ինչպես նաև մարդկության բարօրության և բարգավաճման համար:

Մենք աղոթում ենք առ Աստված Եկեղեցիների պայծառության և աշխարհի ու հատկապես Մերձավոր Արևելքի խաղաղության համար` հայցելով, որ Տերը շուտափույթ խաղաղություն և անխռով կյանք պարգևի Սիրիայի ժողովրդին»:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031