Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տրակտորը մի ամբողջ գյուղի կյանք փոխեց, մի սարքավորումը մի ընտանիք պահեց Հայաստանում

Հոկտեմբեր 29,2014 16:00

Մարդիկ Հայաստանից մեկնում են տաբեր պատճառներով. ոմանք մեկնում են օտար երկրներ, որպեսզի ժամանակավոր աշխատեն, մի քիչ փող հետ գցեն ու վերադառնան, ոմանք հեռանում են տուն-տեղ վաճառելով ու հայրենիքի հետ կամուրջներն այրելով: Արտագաղթին, միգրացիային մարդկանց դրդող հանգամանքները բազմազան են՝ բավարար կենսամակարդակ չեն կարողանում ապահովել հայրենիքում, Հայաստանում զարգացման հեռանկարների նկատմամբ հավատի բացակայությունը, աշխարհաքաղաքական անկայունությունը, մեկնում են սոցիալական, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի կամ ձեռներեցությամբ զբաղվելու անհնարինության եւ այլ պատճառներով: Սրանք պաշտոնական հետազոտության արդյունքներն են:

Այգեշատ գյուղի բնակիչ Թովմաս Մխիթարյանը այն հազարավորներից է, որ մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, քանի որ հայրենի գյուղում, ինչպես ինքն է ասում՝ անելիք չկար: Մեզ հետ զրույցում Թովմասն ասում է, որ առաջին անգամ մեկնեց Ռուսաստան 2012 թվականի ձմռանը, ու հենց այս սեզոնին է, որ գյուղում աշխատանք չկար, բայց գարնանը ուժեղ կարկտահարություն եղավ, ու կառավարության շոշափելի օգնություն էլ չեղավ, որոշեց չվերադառնալ հայրենիք՝ մնաց մինչեւ ամառն ավարտվի, քանի որ այդ սեզոնին Անապա քաղաքում շինարարությունը եռում էր, ինքն էլ վաստակում էր բավարար, որպեսզի նաեւ ընտանիքի հոգսերը հոգա: Հետո 50-ն անց այս տղամարդու կինն ու որդիներն էլ մեկնեցին նրա մոտ, միասին աշխատում էին: Կինը՝ Նելլին, ասում է, որ գրեթե օր չկար, որ չմտածեր Հայաստան վերադառնալու մասին, փոքր որդին 4 տարեկան էր, բայց չէր հանդուրժում, որ ընտանիքում ռուսերեն էին խոսում: Այս ընտանիքի անդամների ուշքն ու միտքը հայրենի Այգեշատ վերադառնալն էր՝ մի քիչ էլ փող հավաքեն ու տուն գան, հողն իրենց է սպասում, մշակելու կարիք ունի, ու վերադարձան: Թովմասն ասում է՝ այսօր գյուղում ապրելն ու հողագործությամբ զբաղվելն այնքան դժվար է, գյուղացիական վարկերն այնքան բարձր տոկոսներով են, որ շատ գյուղացիներ գերադասում են հողը պարապ թողնել ու գնալ արտագնա աշխատանքի, այնտեղ քրտինքն իզուր չի թափվի, ինչպես որ հայրենի գյուղում շատ ու շատ դեպքերում է լինում:
Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ հետո Թովմասը նորից մտածում էր Ռուսաստան մեկնելու մասին, բայց զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացավ, որ մի կազմակերպություն պատրաստ է օգնել, եթե, այսպես ասած՝ «քննությունը բռնի»:

Թովմասի խոսքերով՝ «Մասնակցեցի հատուկ դասընթացներին, սովորեցնում էին, թե ոնց պետք է ճիշտ բիզնես վարել, ու նման բաներ, հետո երբ ներկայացրի ծրագիրս, իրենք ինձ պայմանագրով տրակտոր տվեցին»: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն է, որն աջակցում է գյուղացիներին՝ բիզնեսի կառավարման դասընթացներ կազմակերպում, ապա հաջող բիզնես-ծրագրեր ներկայացրածներին գույք եւ տեխնիկա տրամադրում: Կազմակերպությունն, իհարկե, չի կարող բոլոր գյուղացիներին աջակցել, ռեսուրսները սուղ են:

«Մարդը կարիքի մեջ» ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ իրենք աշխատում են վերադարձած միգրանտների հետ, որոնք առնվազն 1 տարի աշխատել են Հայաստանից դուրս եւ վերջին 1 տարվա ընթացքում վերադարձել են. ծրագիրն իրականացնում են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում: 155 գյուղացիներ մասնակցել են դասընթացներին, 75-ը բիզնես-ծրագիր է ներկայացրել, ապա ընտրող հանձնաժողովն, այսպես ասած՝ քննություն է վերցրել նրանցից, թե որքանով են պատրաստ բիզնես ծավալել, ու 16 շահառուներ օգտվել են դրամաշնորհային ծրագրից:

Ծրագրից օգտվողներից մեկն էլ այգեշատցի Թովմաս Մխիթարյանն է. նա ասում է, որ այդ ծրագրի շնորհիվ ստացած մի տրակտորն իր կյանքը փոխեց, այլեւս չի մտածում արտերկիր մեկնելու մասին: «6.5 հեկտար հող ունեմ, խաղողի, ծիրանի, կեռասի այգիներ են, առվույտ եմ ցանում: Լավ բերք եմ սպասում, եթե բնությունն էլ մեզ լավ աչքով նայի: Կարկուտից հետո կառավարությունն ընդամենը հողի հարկը չվերցրեց, որն ընդամենը 120 հազար դրամ է, իսկ կրած վնասները միլիոնների էին հասնում: Մինչեւ այս տրակտորն ստանալը՝ գյուղատնտեսական տեխնիկայի համար տարեկան 1 միլիոն դրամ էի ծախսում, իսկ հիմա որ տրակտորը տվել են, ծախսս թեթեւացել է, դիզվառելիքի հարցն եմ լուծում, ու աշխատողին էլ աշխատավարձ եմ տալիս, շատ գոհ եմ: Հետագայում նաեւ գյուղացիների հողակտորների վարելու համար վարձով կտամ տրակտորը ու իմ բիզնեսը կլինի՝ 1 հեկտար վարելը 40 հազար դրամ է»: Թովմասի ընտանիքն, ինչպես ինքն է ասում՝ 5 շունչ է, մի տղան հայոց բանակում է ծառայում, ամենափոքրը 5 տարեկան է, մյուս չափահաս որդին էլ օգնում է գյուղատնտեսական աշխատանքներում: Ընտանիքի երիտասարդներն ասում են՝ գյուղից տեղ չեն գնա, արդեն հոգսը թեթեւացել է, ու այստեղ էլ արմատներ են գցելու: «Ինչքան էլ դրսում լավ լինի գործը, մեկ ա՝ միգրանտ ես, քեզ ուրիշ աչքով են նայում»,- ասում է Թովմասը:

Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ դրամաշնորհային ծրագիրն ավարտվել է, բայց իրենք դեռ շարունակելու են շահառուների բիզնեսին հետեւել, թե ինչպես են կիրառում իրենց տրամադրած գույքն ու տեխնիկան, ինչպես են իրականացնում իրենց բիզնես-ծրագիրը. «1-5 միլիոն դրամի սահմաններում է եղել այդ տեխնիկաների ու գույքի, սարքավորումների աջակցությունը, մինչեւ 2015 թվականի հուլիս 1-ը մոնիտորինգի տակ են, եթե բոլոր կետերը կատարեն շահառուները, ապա գույքը կնվիրենք նրանց, եթե ոչ՝ հակառակը»:
Երբ Թովմասի հետ զրուցում էինք, մեզ մոտեցավ նրա հարեւանը՝ 32-ամյա Օնիկը, որը 1999 թվականից արտերկիր է մեկնում՝ արտագնա աշխատանքի, հիմա էլ մտադրությունից հետ չի կանգնել. ասում է՝ ափսոս, որ չի կարողացել «Մարդը կարիքի մեջ» դրամաշնորհային ծրագրից օգտվել, ուզում է գյուղում հացի փուռ բացել, քանի որ իրենց համայնքում փուռ չկա, որ գյուղացիք իրենց լավաշը թխել տան: Օնիկն ասում է, որ իր հողատարածքն էլ պարապ է թողել, չի մշակում, որովհետեւ ձեռնտու չէ. հաշվարկել է՝ ավելի լավ է գնա Սոչիում աշխատի, քան հող մշակի. «Էդքան չարչարվում ենք, գալիս են մեր բերքը կոպեկներով առնում տանում, քաղաքում եռակի թանկ ծախում, ոնց որ աշխատենք վերավաճառողների համար: Մի անգամ ինքս բերքը տարա Մալաթիայի շուկա, էնքան մարդ եկավ փող ուզեց, որ զզվեցի, թողեցի հետ եկա»:

Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ իրենք աշխատում են վերադարձածների հետ, որոնք արտերկրում աշխատելով՝ որոշակի հմտություններ, գիտելիքներ են ձեռք բերել եւ կարող են դրանք ներդնել Հայաստանում: Ընդ որում, մի գյուղացու նոր բիզնեսի համար աջակցություն տրամադրելով՝ 1-4 աշխատատեղ է բացվելու, որը հետագայում կարող է նաեւ ընդլայնվել: Տիկին Բեժանյանն իրենց ծրագրի լավագույն արդյունքներից է համարում Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի բնակչին աջակցելը, որն ըստ էության մի ամբողջ գյուղի աջակցություն է: «Այս գյուղը դժվարանցանելի է, Խուստուփ լեռան վրա, նոյեմբերի վերջից մինչեւ մայիս աշխարհի հետ կապը կտրված է: Երբ այլ մարզերում կարտոֆիլի սեզոնն ավարտվում է, այս համայնքում գարունը նոր բացվում է, ու կարելի է հողը մշակել: ԽՍՀՄ տարիներին փոքրիկ Շիշկերտը ամբողջ Մեղրիի տարածաշրջանին ապահովել է կարտոֆիլով: Հիմա գյուղում շատ քիչ մարդ է մնացել, տեխնիկա չունեն, որ դաշտերը մշակեն, որովհետեւ թե աշխատող ձեռքը եւ թե տեխնիկան քիչ է, եթե մշակում էլ են, բերքի կեսը մնում է ձյան տակ, չեն հասցնում հավաքել կարտոֆիլը: Մենք վերադարձած միգրանտին տրակտոր տվեցինք՝ համապատասխան կցորդներով, արդեն այս տարի առատ բերքահավաք է սպասվում: Շահառուն մեզ խոստովանել է, որ հատուկ արտագնա աշխատանքի էր գնում, որպեսզի գումար հավաքի ու ձեռք բերի տեխնիկա, ու գյուղում կարտոֆիլի արտադրություն սկսեն: Հիմա այդ տրակտորը օգնում է ամբողջ գյուղին»:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ծրագրի շահառուներից է Էջմիածին քաղաքի բնակիչ 32-ամյա Վարդան Խաչատրյանը: Նա արտագնա աշխատանքի էր մեկնում Մոսկվա, ու հենց այնտեղ էլ ծանոթացել է ապխտած ձկան արտադրությանը, մի քիչ էլ համացանցն է փորփրել ու մասնակցելով ծրագրի դասընթացներին՝ բիզնես-ծրագիր է ներկայացրել: Կազմակերպությունը նրան տրամադրել է հատուկ սարքավորումներ՝ բիզնեսը սկսելու համար: Վարդանը վստահ է, որ բիզնեսը ծաղկելու է, ինքը բարձրորակ ապրանք է արտադրելու ու սպառողների պակաս չի ունենա: Ասում է՝ Եվրոպա մեկնելու «շանսեր է» ունեցել, բայց քանի որ հիմա այս բիզնեսն է սկսել, չի էլ մտածում այլ երկիր մեկնելու մասին, համ էլ ուզում է իր երեխաները Հայաստանում մեծանան:
Ի տարբերություն Վարդանի եւ Թովմասի՝ Արմենը Հայաստան վերադառնալու մտադրություն չունի. նա եվրոպական մի քանի պետություններում փորձում էր հաստատվել, ամեն քայլի դիմել է, մինչեւ անգամ հոգեկան խնդիրներ ունեցող ու էպիլեպսիկ է ձեւացել, քաղաքական հալածյալ, միայն թե իրեն կարգավիճակ տան: Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից հույսը կտրել է, այս երկրներից «դեպորտ են» արել. զարտուղի ճանապարհներով նոր անձնագիր է ձեռք բերել, ամիսներ է արդեն՝ Շվեյցարիայում է ու սպասում է կարգավիճակ ստանալուն: Արմենը մեզ հետ զրույցում ասում է՝ անգամ կարգավիճակ չունենալով, այդ երկրում կյանքն ավելի ապահով է, քան Հայաստանում. «Հույս ունեմ, որ դրական պատասխան կտան, որից հետո աշխատանքի թույլտվություն, ուզում եմ երեխեքս այստեղ մեծանան, կրթություն ստանան: Տղաս քոլեջում լավ է սովորում, լավ մասնագետ կդառնա»: Արմենն ասում է, որ 9000 եվրոյի վարկ է ստացել, ապառիկով թանկարժեք հեռախոսներ է գնել, հետո վաճառել ու եկամուտ ստացել, չնայած չի կարողացել վարկը վճարել, ինչի համար հնարավոր է նրան 3 ամսով կալանավորեն. «Էստեղի բանտն ավելի լավն է, ապահով է, ավելի լավա ստեղ բանտ նստեմ, քան Հայաստանում ազատության մեջ ապրեմ, դաժե եթե աշխատեմ էլ ըտեղ, կոպեկներ եմ ստանալու, խի՞ չարչարվեմ: Շվեյցարիայում դաժե շներին են նպաստ տալիս, որ շուն վերցնես պահես, ահագին նպաստ են տալիս: Էս ամենը տեսնելով՝ չեմ ուզում գամ, ըտեղ մեզ շան պես էլ չեն վերաբերվում»:

Իմ բոլոր հորդորներն ապարդյուն անցան, որքան էլ փորձում էի Արմենին համոզել վերադառնալ ու աշխատանք գտնել հայրենիքում, մի պատասխան էի լսում՝ «Չեմ կարա, գամ ի՞նչ անեմ»:

Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ մեր հայրենակիցները Եվրոպա մեկնում են հիմնականում ապաստան հայցելու կամ փախստականի կարգավիճակով հանձնվելու: Ըստ տիկին Բեժանյանի՝ միգրանտները 2 խմբի են բաժանվում՝ աշխատանքային եւ ապաստան հայցողների: Աշխատանքային միգրանտները վերադառնալիս հեշտ վերաինտեգրվում են, որովհետեւ նպատակը չի եղել մնալ այնտեղ, իսկ ապաստան հայցողները մեկնում են Եվրոպա, տարիներով մնում են փախստականի կարգավիճակում, աշխատելու իրավունք չունեն, նրանք անընդհատ ինչ-որ նպաստներ են ստանում, որպես մարդ դեգրադացվում են, որպես աշխատող՝ կորցնում իրենց աշխատանքային հմտությունները, սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն մի բան պիտի անի. «Նրանց ռեինտեգրացիան շատ դժվար է, վերադարձից հետո բավականին լուրջ հոգեբանական խնդիրների են բախվում»:
Միգրացիոն հոսքերի մեծ մասը, ինչպես մեզ հետ զրույցում ասում է միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, դեպի Ռուսաստան է, իսկ Եվրոպա մեկնողների նկատմամբ եվրոպական երկրների կառավարությունները բավականին խստացումներ են կիրառում. «Այլեւս չեն հավատում այն լեգենդներին, որով ներկայանում են հայ միգրանտները՝ իբր քաղաքական կամ սեռական կողմնորոշման համար հալածյալ են: Եվրոպան լավ տեղեկացված է Հայաստանի մասին: Անցյալ տարի Շվեդիայից Հայաստան հետ ուղարկեցին մի ընտանիքի, որը 11 տարի այնտեղ էր, երեխաներն այնտեղ դպրոց էին գնում, բայց նրանց վերջնական մերժեցին: Շատերի մոտ խաբկանք կա, որ մի քանի տարի այնտեղ են, ուրեմն օրինական են, ու այդ մտայնությամբ այստեղից հերթական մարդն է գնում: Իրականում գուցե տարիներ սպասեն, որ կարգավիճակ ստանան, սակայն մերժման հավանականությունն ավելի մեծ է»:

Հիմա Ռուսաստանը դյուրացրել է աշխատանքային միգրանտների խնդիրը Եվրասիական տնտեսական միության երկրների համար, որի անդամ շուտով կլինի նաեւ Հայաստանը: Արդյոք սրա հետեւանքով արտագաղթն ավելի չի՞ մեծանա՝ պարոն Եգանյանն ասում է, որ աշխատանքի իրավունք ստանալու հարցը կհեշտանա, բայց դեռ վաղ է ասել, թե մեկնածների որքան մասը չի վերադառնա: Գագիկ Եգանյանն ասում է, որ Հայաստանից մեկնածներից տարեկան մոտ 32 հազարը չի վերադառնում:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ ասում է, որ միգրացիոն երեւույթը ձեւավորվել է քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրողություններից, մինչեւ սրանք չվերանան, միգրացիոն հոսքերի փոփոխություն չի լինի:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը մարզերում ստեղծած ռեսուրս կենտրոնների միջոցով վերադարձածներին վերապատրաստել է, գործատուներ գտել. այս աջակցությունը եւս կարող է ինչ-որ չափով նվազեցնել արտերկիր մեկնողների թիվը: Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ այդ աջակցությունը ստացողներից 50%-ը աշխատանք է ստանում, այդ նախաձեռնությունը նաեւ պոտենցիալ միգրանտների համար է, այսինքն՝ հայ մարդն այստեղ գտնի աշխատանք ու չմեկնի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031