«Հայաստանի հասարակությունը բնույթով աշխարհիկ է, եւ եթե լինում են կրոնական խտրականություններ հիմքը կրոնը չէ, այլ այն ունի քաղաքական ենթատեքստ»,- այսօր` նոյեմբերի 11-ին, Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ համաժողովի ընթացքում հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Նա նշեց, որ ազգը եւ էթնոսը տարբեր բաներ են, իսկ Հայ Առաքելական եկեղեցին, նույնականացնելով էթնոսը եւ կրոնը, հանդես է գալիս որպես եզդիների, ասորիների պաշտպան. «Եթե բողոքական եկեղեցու հետեւորդները գնում են այնտեղ քարոզելու, ինքը գալիս է այնտեղ պաշտպանելու, այսինքն` այդ քարացած իրավիճակը ոչ ոք իրավունք չունի խախտելու»:
Ստեփան Դանիելյանի խոսքերով` Հայաստանում լուրջ խնդիրներ կան, երբ մարդկանց կրոնական հիմքի հիման վրա հեռացնում են աշխատանքից. «Այն ոլորտներում, որտեղ Հայ եկեղեցին մուտք է գործում, այնտեղ խտրականության դեպքեր են առաջանում: Այն մարդիկ, որոնք գնում են բանակ ծառայելու, դուք իրենց ինչո՞ւ եք խանգարում: Բանակում շատ հանգիստ մթնոլորտ է եղել մինչեւ վերջերս: Հիմա նոր երեւույթ է, երբ հարցաթերթ են տալիս, որտեղ պետք է լրացնի նաեւ, թե ո՞ր կրոնական ուղղության հետեւորդ է: Եթե այդ մարդը սխալվում է, եւ գրում է, օրինակ` բողոքական եկեղեցու հետեւորդ է, հաջորդ օրը հոգեւորականը, որն իմիջիայլոց չի ծառայում եւ չի գնում սահման պաշտպանելու, գալիս է սահմանում կանգնած մարդուն հայրենասիրություն է սովորեցնում եւ սկսում է վերադաստիարակել: Նման դեպքերը 1-ը, 2-ը, 3-ը չեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































