ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ էր նախագծի ընդունմանը: Նրա բացատրելով՝ «ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը արդեն արծարծվել է խորհրդարանում եւ ՀԱԿ-ի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Մեր խմբակցությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի եւ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հռչակած անկախության միջազգային ճանաչման հետեւողական կողմնակիցն է: Միեւնույն ժամանակ մեր խմբակցությունը ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը համարում է վաղաժամ: 1992-ից ԼՂՀ խնդրի լուծմանն ուղղված Մինսկի խմբի բանակցությունների հիմնահարցը հենց ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի որոշումն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցությունների գործընթացը 1994-ի մայիսի 12-ին ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ ստորագրված զինադադարի պահպանման, ՀՀ-ի եւ Ղարաբաղի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկն է: ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից եւ դառնում է այդ բանակցությունների տապալման գլխավոր պատասխանատուն: Քանի որ ԼՂՀ իշխանությունները նման քայլը նույնպես վաղաժամ են համարում, ՀՀ-ի կողմից այդպիսի միակողմանի որոշումը կհակասի ԼՂՀ ինքնորոշման սկզբունքին»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, այսօրվա միջազգային իրավիճակում ՀՀ-ի կողմից նման միակողմանի քայլը ոչ թե կնպաստի միջազգային հանրության կողմից Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին, այլ հակառակը՝ միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանը եւ կավելացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ԼՂՀ ճանաչմանը կարելիէ հասնել ոչ թե ՀՀ-ի կողմից միակողմանի ճանաչման որոշմամբ, այլ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն զարգացնելով, բնակեցնելով, ստեղծելով այնպիսի ժողովրդագրական եւ ռազմական ռեսուրսներ, որի հետ հաշվի կնստի Ադրբեջանը եւ ողջ միջազգային հանրությունը. «ՀԱԿ խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցելու քվեարկությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































