«ԼՂՀ խնդրի եւ կոնֆլիկտի լուծումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Սա այն հարցն է, որտեղ մեր եւ նախորդ հռետորի կարծիքները համընկնում են»,- այսօր այսպիսի հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ԼՂ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ՝ նկատի ունենալով Լեւոն Զուրաբյանին:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը խոչընդոտ կհանդիսանա բանակցային գործընթացի համար. «Իշխանությունները մեկ անգամ չէ, որ ամենաբարձր ամբիոններից հայտարարել են, որ ՀՀ-ն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է: Այս տարիների ընթացքում մենք բոլորս քիչ դրական աշխատանք չենք կատարել, որպեսզի մեր միջազգային պարտնյորները գիտակցեն, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Ուկրաինական հանրաքվեն եւ բազում այլ հանրաքվեներ գալիս են ապացուցելու, որ աշխարհում շարունակվում է եւ անխուսափելի է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Ուստի, դրանից ելնելով, մենք պետք է գնանք ոչ թե միակողմանի ճանաչման, որը մեկուսացման մեջ կդնի եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը, այլ պետք է միասնական լինենք, որպեսզի միասնական աշխատանքով հասնենք ԼՂՀ միջազգային ճանաչմանը»:
Նա հիշեցրեց մի քանի օր առաջ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հնչեցրած կարծիքն այդ մասին, որ իրենց համար նախընտրելի է, որ այս օրինագիծը ճանաչվի 131 կողմ-ով: Պարտադիր է, որ նմանատիպ օրինագծերն ընդունվեն 131 կողմ-ով: Ըստ Էդուարդ Շարմազանովի, չպետք է գնալ որեւէ շահի գերակայությամբ. «Ոչ անձնական շահի, ոչ կուսակցական շահի: Այստեղ չկա ընդդիմություն եւ իշխանություն, այստեղ կան ՀՀ-ի , ԼՂՀ-ի հայության շահեր, որտեղ մենք բոլորս պետք է լինենք միասնական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































