Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որն այդպես էլ չթեժացավ. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 02,2014 17:33

Հարգելի խորհրդարան,

Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ:

Հարգելի գործընկերներ,

Հայոց խորհրդարանում երեկ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Մեր համոզմամբ՝ այդ միությանն անդամակցելը դրական է եւ բխում է մեր պետության շահերից:

Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ:

Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:

 

Հարգելի խորհրդարան,

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից  նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: Համոզված եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները  պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031