Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ քույրը հոգեմետ դեղեր էր «բաշխել» այլ անձանց

Դեկտեմբեր 12,2014 14:00 Share

Դեղորայքների հափշտակության գործով

«Դիլիջան» բժշկական կենտրոնի թմրադեղերի եւ հոգեմետ դեղերի գրանցման բաժնի աշխատակից, ավագ քույր Կարինե Սահակյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երեկ հերթական դատական նիստի օրն էր:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում արագացված ընթացակարգով է «ընթացել» դատական նիստը:

Այս տարվա ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից հերթական ստուգման ժամանակ «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ պոլիկլինիկայի դեղատան սենյակում թմրադեղերի եւ հոգեմետ նյութերի պահպանության վիճակի համապատասխանությունն ստուգելու ընթացքում պարզվում է, որ խախտվել են ավագ քույր Կարինե Սահակյանի պահպանությանը հանձնված հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ նյութերի պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները: Նա առանց թույլտվության եւ հաշվառման դեղորայքներ է իրացրել տարբեր անձանց:

Ըստ նրան մեղադրանք առաջադրած մարմնի, համաձայն 07.01.1999թ. N 41 հրամանի` նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի պահպանությունը եւ բաց թողնումն իրականացնող պատասխանատու անձ, 2014թ. հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Կ. Սահակյանը «դիտավորությամբ խախտել է հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում հաշվառված հոգեկան հիվանդների անվամբ հոգեմետ դեղերի դուրս գրելու եւ այն վերջիններիս չհատկացնելու, ինչպես նաեւ հաշվառված դեղորայքներն առանց դեղատոմսի տարբեր անձանց բաշխելու կարգը», որի հետեւանքով տեղի է ունեցել դեղորայքների հափշտակություն: Ըստ գործի նյութերի, Կարինե Սահակյանը նշված ժամանակահատվածում ունեցել է 60 հաբ «Ազալեպտին» 100 մգ, 2 հաբ «Հալոբերիդոլ» 5 մգ, 12 հաբ «Տրիֆտազին» 5 մգ դեղերի պակասորդ եւ 31 հաբ «Լորազեպամ» 25 մգ, 30 հաբ «Դիազեպամ» 5 մգ, 20 հաբ «Ցիկլադոլ» 2 մգ դեղերի ավելցուկ:

Դատաքննությունն սկսելուց առաջ մեղադրողը ներկայացրեց որոշում` Կարինե Սահակյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Համաձայն նոր որոշման` 07.10.2014թ. Կարինե Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, աշխատելով «Դիլիջան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես ավագ բուժքույր եւ բուժկենտրոնի տնօրենի 07.01.1999թ. N41 հրամանով հանդիսանալով թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի պահպանությունը եւ բաց թողնումը իրականացնող անձ, 2014թ. հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում խախտել է ՀՀ կառավարության 18.03.2010թ. N280-Ն որոշմամբ սահմանված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրա պրեկուրսորների շրջանառության կանոնները», առանց նախապես դեղատոմսը պահանջելու, հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում հաշվառված հոգեկան հիվանդներին եւ նրանց հարազատներին հատկացրել է հիվանդների համար նախատեսված հոգեմետ դեղեր, որի հետեւանքով տեղի է ունեցել խոշոր չափի չհասնող 2 հաբ «Հալոբերիդոլ»՝ 5-ական մգ, 12 հաբ 5-ական մգ «Տրիֆտազին» դեղերի ապօրինի շրջանառություն:

Կարինե Սահակյանը միջնորդել էր, որ դատաքննությունն անցկացվի արագացված կարգով եւ հայտարարել էր, որ լիովին համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ:
Դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը, հանգել նրան, որ ամբաստանյալ Կարինե Սահակյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

Ըստ դատարանի, ամբաստանյալը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով:
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել է շնորհակալագրով եւ պատվոգրով, կամովին վերականգնել է «Դիլիջան» բժշկական կենտրոնին պատճառված նյութական վնասը, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար:

Գործում ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Դատավճռի համաձայն, «Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու ամբաստանյալ Կարինե Սահակյանի անձը բնութագրող հանգամանքները` դատարանը գտավ, որ նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձեւով, որը բավարար կլինի նրան ուղղելու եւ վերադաստիարակելու համար:

Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին` դատարանը գտավ, որ այն պետք է թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով հարցը համարել լուծված, իսկ այլ ապացույց ճանաչված փաստաթղթերը պետք է պահպանել գործում` դրա պահպանության ողջ ժամանակահատվածում»:

Ի դեպ, ապացույց ճանաչված «Դիլիջան» բժշկական կենտրոնի թմրադեղերի եւ հոգեմետ դեղերի գրանցման եւ բացթողնման մատյանները եւ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդների 46 հատ դեղատոմսի ձեւաթղթերը կպահպանվի գործի մեջ` դրա պահպանության ողջ ժամանակահատվածում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031