Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթագրվում են» Կիեւյան կամրջին ու պայքարում «Հանրապետականի բոռերի դեմ»

Դեկտեմբեր 12,2014 15:00

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներից շատերը
պնդում էին, թե ՀՀ-ում չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները

«Երբ ենք ազատվելու ՀՀԿ-ի բոռերից», «Ստրուկի նման են մեզ հետ վարվում», «Երբ ենք ազատագրվելու այս իշխանավորներից». երեկ Ազատության հրապարակից մեկնարկած Մարդու իրավունքների օրվան նվիրված «Համաժողովրդական շարժման միջոցառման» շրջանակներում անցկացվող երթից հետո մասնակից քաղաքացիներն այսպիսի տրամադրություններ փոխանցեցին «Առավոտին»:

Հարթակից հնչում էին իշխանափոխության, հեղափոխության կոչեր: Հրապարակում հավաքված ժողովրդին եռյակի ուժերի ներկայացուցիչները կոչ էին անում սպասել մինչեւ գա պահը, երբ իրենք զինվորների պես պետք է կանգնեն եւ սկսած գործը հասցնեն ավարտին: Սակայն ինչպես ցույց տվեց հասարակ քաղաքացիների շրջանում մեր անցկացրած հարցումը՝ նրանց ուզածը ոչ այնքան իշխանափոխություն ու հեղափոխություն է, որքան առօրյա, օրվա հացի խնդրի լուծում:

Դպրոցի նախկին տնօրեն Վիոլետ Ղազարյանը մեզ հետ զրույցում մի կողմից՝ հայտարարեց, թե ոգեւորված է, որ պայքարում են, մյուս կողմից՝ վրդովվեց, թե ՀՀ-ում մարդու իրավունքները չեն պաշտպանվում: Նա մասնավորապես ասաց. «Վիրավորված եմ. ստրուկի նման են մեզ հետ վարվում: Երեսուն հազար դրամ կենսաթոշակ են ինձ տալիս, որով ես պիտի ապրեմ մեկ ամիս: ՀՀ-ում ծայրահեղ վիճակ է տիրում, Կիեւյանի կամրջում հերթագրված են, որ իրենց քցեն»:

ert-1

Տիկին Ղազարյանը հիշեցրեց նաեւ այն, որ մարտի 1-ի ոճրագործության մեղավորները պատժված չեն, ու ասաց. «Մենք դոնոր ազգ ենք, բայց հիմա այնքան ենք փոքրացել, որ մի կաթիլ արյունը մեզ համար շատ թանկ է: Մենք պետք է հասնենք նրան, որ կարողանանք արդարության համար զոհվածների հիշատակը բարձր պահել»:

Տեխնոլոգ-ինժեներ Ջուլիետա Հակոբյանը, ով իրեն ընդդիմադիր է համարում եւ պայքարողների առաջին գծում կանգնած, «Առավոտի» հարցին՝ արդյոք ՀՀ-ում բավարար չափով պաշտպանվա՞ծ են մարդու իրավունքները, պատասխանեց. «Անպաշտպանություն է, միայն պաշտպանված են Հանրապետականի բոռերը, ուրիշ ոչ մի սովորական քաղաքացի: Եթե ՀՀԿ-ից չես, ոչինչ չես կարող անել: Միայն նրանք կարող են տիրել, հարստանալ, մայրուղի մտնող բոլոր ճանապարհներին խաղատներ եւ ավազակային կառույցներ են կառուցված: Հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչ հանգստյան տներ ու դղյակներ ունեն»: Մեր հարցին՝ ո՞րն է այս իրավիճակից ելքի ճանապարհը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ճանապարհն այն է, որ սրանք ռադները քաշեն»: Հարցին՝ եռյակի ուժերի հետ հույսեր կապո՞ւմ է, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ես պայքարողների առաջին շարքում եմ, որ պրծնենք այս բոռերից եւ հարստահարողներից: Գալուստը, նրանց մայրերն ինչպես են ապրում: Մեր թոշակը որ տան իրանց մայրերին, նրանք կապրե՞ն, որ մեծ-մեծ խոսում են: Անմարդկային են նրանց բոլոր օրենքները, նրանց դեմքերը, նստած դիրքերը, ժողովրդի նկատմամբ խոսելը»: Ջուլիետա Հակոբյանը իշխանականներին ամոթանք տվեց ու հիշեցրեց. «Ինչ շքեղ մեքենաներ են կանգնած նրանց տների առաջ, մինչդեռ շատ երեխաներ սոված են քնում: Ամոթ նրանց»:

Մեր հարցին՝ արդյոք ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանվա՞ծ են Հայաստանում, Արտաշատի Դալար գյուղի բնակիչ Ռուբեն Կոստանյանը պատասխանեց. «Մարդ կա՞ Հայաստանում, մեռել ենք, մեզ թաղող չկա: Դալար գյուղից եկել եմ այստեղ, որ տեսնեմ՝ երբ ենք ազատագրվելու այս խուժաններից»: Մեր հարցին՝ եռյակի հետ հույսեր կապո՞ւմ են, պարոն Կոստանյանը պատասխանեց. «Ես դաշնակցական եմ, բայց սրանցից ինչքան շուտ պրծնենք, այնքան լավ, ժողովուրդը մեղք է»:

Մեր հարցին՝ ո՞վ է մեղավոր, որ ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, աղքատություն է տիրում, Աբովյանի Գետամեջ գյուղի բնակիչ Սուրիկ Գյուլամյանը պատասխանեց. «Մեղավորը բոլորս ենք՝ մենք էլ իրենց հետ: Մեղավոր ենք, որ չենք կարողանում կառավարել մեր երկիրը»:

Նշենք, որ երթին մասնակից երիտասարդները Ազատության հրապարակում երգում ու պարում էին, որոշ սիրահար զույգերի էլ կարելի էր նկատել նույնիսկ այն պահին, երբ հարթակից հնչում էին իշխանափոխության կոչեր, որոշ մարդիկ եկել էին իրենց մանկահասակ երեխաների հետ, որոշներն էլ ուղղակի չէին հասկանում՝ ինչու էին այդտեղ, միայն ժրաջան արեւածաղկի սերմով աղտոտում էին Ազատության հրապարակը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031