Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Եվրամիության հետ բանակցությունների վերսկսումը ցույց է տալիս, որ Եվրոպայի համար Հայաստանը չի կորցրել իր կարեւորությունը»

Դեկտեմբեր 23,2014 22:01

«Հայաստանի համար կենսական նշանակություն է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնների հետ հարաբերությունների պահպանումը եւ խորացումը, որոնցից մեկը Եվրամիությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը

Նա կարեւոր է համարում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերսկսումը: Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, ցույց է տալիս, որ Եվրոպայի համար Հայաստանը՝ որպես երկիր, չի կորցրել իր կարեւորությունը. «Դա ամենեւին էլ իշխանությունների արժանիքների կամ եվրոպական հայացքների համար չէ, այլ պարզապես Եվրոպան ինքն է կարեւորում: Թեպետ հանուն արդարության Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է, որ հասկանա, որ դա մեր անվտանգության համար չափազանց կարեւոր է, հետեւաբար՝ ինչ-որ մի մակարդակի պահպանումը ուղղակի անհրաժեշտություն է»:

Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ քննարկվելու է մի փաստաթուղթ, որի անվանումը դեռ ընտրված չէ. «Երբեմն այն անվանում են Ասոցացման համաձայնագիր «light», այսինքն՝ մեղմ տարբերակ, որոշ դեպքերում հնչում է համագործակցության եւ գործընկերության համաձայնագիր գումարած տարբերակը: Ինչ էլ, որ լինի այն ենթադրում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդեն իսկ անցյալում ձեռքբերված հարաբերությունների մի փոքր ավելի խորացում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը «Արմենպրես» գործակալությանն ասել է. «Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելագույնս պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր այն նորմերը, ինչը որ հնարավոր է և ինչը չի հակասում ԵՏՄ-ին հայաստանիանդամակցությանը»: Ըստ նրա՝ արդեն իսկ որոշված են այն հիմնական ուղղությունները, որոնցով Հայաստանը կխորացնի կապերը Եվրամիության անդամ պետությունների հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031