Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Դեկտեմբեր 26,2014 10:52

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներորդ

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Չնայած Հովհաննես Մելքոնյանը մի քանի անգամ տարբեր խմբագրություններում Հրաչի համար բարեխոսել էր, բանաստեղծությունների տպագրության առումով Պարկետչիկի բախտը զարմանալիորեն չէր բերում, ու էդ առումով հիմա էլ եմ զարմացած, որովհետեւ Պարկետչիկ Հրաչը որեւէ մեկիցս վատ չէր գրում, եւ, որ ամենակարեւորն էր, երբեւէ չէր հուսահատվում, որովհետեւ մեր ու մանավանդ Հովհաննեսի գովեստներն իր համար ավելի էական ու կարեւոր էին, քան՝ տպագրվելը, եւ երբ իր չտպագրվելու մասին խոսում ու մտահոգվում էինք, ինքը մեզ հույս էր տալիս ՝ ասելով, որ իր համար կարեւորը ոչ թե հոնորարն է, այլ՝ պոեզիան, եւ ինքն էդ ասելու համար միանգամայն բավարար հիմք ուներ, որովհետեւ Պարկետչիկ Հրաչը, ի տարբերություն մեզ, իր արհեստով ոչ միայն նորմալ վաստակում էր, այլեւ մեզ ու ուրիշներին աջուձախ հյուրասիրում ու պատիվներ էր տալիս. մի խոսքով, ինքը, ի տարբերություն մյուսներիս, իսկական բանաստեղծ էր եւ հոնորարի ակնկալիք բացարձակապես չուներ, եւ չնայած հոնորարի ակնկալիք չուներ, այդուհանդերձ, հոգու խորքում փափագում էր տպագրվել, եւ շուտով իր էդ փափագն իրականություն դարձավ, եւ իհարկե՝ ոչ առանց Հովհաննես Մելքոնյանի աջակցության ու միջամտության, եւ երբ Հովհաննեսի հորդորով Համո Սահյանը «Գրական թերթի» խմբագիր Սաղաթել Հարությունյանին Պարկետչիկ Հրաչի բանաստեղծությունների հաշվով բարեխոսեց, ընդամենը մի քանի օր անց վերոնշյալ թերթի երրորդ էջին շողշողացին Պարկետչիկի երեք բանաստեղծությունները, եւ էդ կապակցությամբ ու էդ առիթով «Թատերական» սրճարանում կերուխումերն ու շնորհավորանքները սկսվեցին ու շարունակվեցին՝ մինչեւ որ մի գեղեցիկ օր Հրաչի բանաստեղծությունները «Գարունի» մի ամբողջ էջն էլ զարդարեցին, եւ, իհարկե, Հովհաննեսի գլխավորությամբ համարյա բոլորն էին Հրաչի բանաստեղծական էդ զույգ հաջողություններով ուրախ՝ բացառությամբ մի քանիսի, որոնք Հրաչի էդ հաջողություններով ոչ միայն չէին ուրախանում, այլեւ նախանձում էլ էին նրան, որովհետեւ էդ մի քանիսից մի քանիսը նույնպես բանաստեղծություն էին գրում ու առ էդ օրը դեռեւս չէին տպագրվել, իսկ էդ մի քանիսից մի ուրիշ քանիսն էլ վաղուց տպագրվել էին, բայց շնորհքի ու տաղանդի առումով էապես էին զիջում Պարկետչիկ Հրաչին, եւ չնայած էդ նախանձողները լավ էլ օգտվում էին Հրաչի մաղարիչների սեղաններից, այդուհանդերձ, էդ մի քանիսի բամբասանքներն ու քչփչոցները շուտով քաղաքով մեկ տարածվեցին, եւ էդ բամբասանքների ու քչփչոցների համառոտ բովանդակությունն էն էր, որ Պարկետչիկ Հրաչը, նախքան «Գարունում» ու «Գրական թերթում» տպագրվելը, նախ Համո Սահյանի, հետո նաեւ՝ «Գարունի» խմբագիր Անժիկ Հակոբյանի բնակարանների մանրահատակներն էր խփել, ընդ որում՝ միանգամայն անվճար, եւ  երբ էդ բամբասանքը տարածվեց, Հրաչն սկսեց արդարանալ՝ բոլորիս մեկ առ մեկ բացատրելով, որ Համո Սահակիչի ու Անժիկ Հակոբյանի պարկետներն իր տպագրվելուց շուրջ տարիուկես առաջ է խփել, ընդ որում՝ Հովհաննեսի խնդրանքով, եւ, ընդ որում, արած գործի համար երկու դեպքում էլ վարձատրվել է, ընդ որում՝ միանգամայն նորմալ,  եւ չնայած Հովհաննեսն էլ էր Հրաչի էդ ասածը հաստատում, բամբասողներն իրենց երեւակայությանն էին զոռ տալիս, բայց ինչքան էլ նախանձողներն իրենց երեւակայությանը զոռ տային, արդեն շատ ուշ էր, եւ Հրաչն արդեն վերջնականապես բանաստեղծ էր, եւ «Գրական թերթում»  ու «Գարունում» տպագրվելուց հետո Հրաչն ընդհանրապես պարկետչիկությունը թարգեց եւ նույնիսկ ամենամոտիկների պարկետները չէր խփում ու չէր էլ կարող խփել, որովհետեւ «Գրական թերթում» ու «Գարունում» տպագրվելուց կարճ ժամանակ անց իր բոլոր գործիքները ծախեց, եւ նախանձողներն ուզեին թե չուզեին, ինքն արդեն լիարժեք բանաստեղծ էր, եւ արդեն մի տեսակ երգելով էր խոսում, եւ արդեն ինքն էր սկսնակներին ու չտպագրվածներին զանազան խորհուրդներ տալիս, եւ Հրաչն արդեն առանձին գրքով տպագրվելու մասին էր մտմտում՝ երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, եւ երբ Շարժումն սկսվեց, Հրաչն արդեն մյուս պոետների պես չունեւոր տղա էր, եւ արդեն ուրիշներն էին իրեն հյուրասիրում ու պատիվ տալիս, եւ, փաստորեն, արդեն ամբողջովին բանաստեղծական կյանքով էր ապրում, եւ հաճախ, երբ սկսնակ բանաստեղծներն իրենց ձեռագրերն էին Հովհաննեսին ցույց տալիս, Հովհաննեսն էլ իր հերթին սկսնակների էդ թոթովանքները Պարկետչիկ Հրաչին էր ցույց տալիս, որպեսզի վերջինս կարդա եւ իր կարծիքն անկեղծորեն ասի, եւ Հրաչն էդպես էլ անում էր. սկսնակների հետ «Թատերական» սրճարանի  ամենահեռավոր անկյունում ժամերով առանձնանում ու բանաստեղծական խորհուրդներ էր տալիս, եւ դրանք Հրաչի ամենահաճելի ու ամենասիրելի պահերն էին, եւ, փաստորեն, դեռ կարգին պոետ չդառած, Հովհաննեսի շնորհիվ Հրաչն արդեն պոեզիայի ուսուցիչ ու պոեզիայի վարպետ էր, եւ պոեզիայի ուսուցչությունը միանգամայն Հրաչի սրտով էր, եւ չնայած էդ գործի համար Հրաչն աշխատավարձ չէր ստանում, էդ գործն ու էդ աշխատանքը Հրաչին չափազանց մեծ հաճույք էին պատճառում, եւ, էդ պահի դրությամբ ու Մելքոնյան Հովհաննեսի միջնորդությամբ, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանն արդեն Հրաչին խոստացել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պիոներների պալատի գրական խմբակում հնարավորություն կստեղծի, որպեսզի Հրաչը պատանիներին պոեզիա դասավանդի, եւ խոսքն, իհարկե, ծայրամասային Պիոներ պալատի մասին էր, ավելի ստույգ՝ խոսքը Շահումյանի շրջանի Պիոներ պալատի գրական խմբակի մասին էր, որովհետեւ  կենտրոնական Պիոներ պալատի գրական խմբակը Սարգսյան Լիպարիտն անձամբ էր ղեկավարում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031