Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահանումը Ռուսաստան դառնում է ավելի դժվար»

Հունվար 12,2015 20:46

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը վստահեցրել է, որ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցության արդյունքում Հայաստանը տնտեսական աճ է արձանագրելու:

2014 թվականի վերջին tert.am-ին տված հարցազրույցում «Ինտեգրում եւ զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը կարծիք է հայտնել`«Ես միանշանակ պնդում եմ, որ նույնիսկ  մոտակա 1 ամսվա ընթացքում տնտեսական աննպաստ զարգացումների պարագայում, մենք որպես համեմատաբար փոքր  տնտեսություն, ԵՏՄ-ի մեջ 2015թ-ի վերջում արձանագրելու ենք  տնտեսական աճ»։

Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, մի շարք մասնագետներ արդեն կանխատեսում են ոչ թե տնտեսական աճ, այլ ճիշտ հակառակը:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոանիսյանը հղում անելով Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարարությանն ասաց, որ հենց ռուսների կանխատեսմամբ էլ

2015 թվականին Ռուսաստանում տնտեսական սղաճ է լինելու.

«Այսինքն` իրենք նախատեսում են, որ Ռուսաստանի տնտեսությունը այս տարի 0.8%-ով նահանջ է ապրելու նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, դա այն դեպքում, երբ իրենք նավթի 1 բարելի միջին գինը նախատեսել են 100 դոլար` ըստ իրենց պետբյուջեով հաշվարկածի: Իսկ բրենդայինի գինն արդեն 50 դոլարից պակաս է, այսօրվա դրությամբ` 47 դոլար է»:

Դանիել Իոանիսյանի դիտարկմամբ` Հայաստանի արտաքին առեւտրի 1/4-ից էլ պակաս մասն է ԵՏՄ երկրների հետ, իսկ 3/4-րդ-ը` 75%-ը տուժելու է`  մաքսային դրույքաչափերն են ավելանալու, որոշներն արդեն ավելացել են:  «Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  հետ բանակցություններ պետք  է վարեն, մյուս երկրներն արդեն մի գուցե մաքսային դրույքաչափեր բարձրացնեն եւ այլն: Այսինքն` մեր առեւտրի 75%-ը տուժելու է,  25%-ը, որը ԵՏՄ անդամ երկրների հետ է, ոչ տուժելու է, ոչ էլ առանձնապես  շահելու է, որովհետեւ մաքսային կարգավորումները նույն են մնալու, մաքսատուրք չի ավելանալու, չի պակասելու, ավելացված արժեքի հարկը նույնպես, ու այստեղ որեւիցե աճի պատճառ չկա:

Հիմա արտահանումը դեպի ՌԴ ավելի է  դժվարանում, որովհետեւ ռուսական ռուբլին դրամի համեմատ ավելի արագ է անկում ապրում, ու այս տեսանկյունից որեւէ ապրանք  արտահանել Ռուսաստան դառնում է ավելի ու ավելի դժվար. մեր ապրանքները ռուսական շուկայում դառնում են պակաս մրցունակ»:

Պարոն Իոանիսյանի խոսքերով` հիմա ռուսական որոշ ապրանքներ հայկականին դուրս են մղում շուկայից: Իոանիսյանի վերլուծությամբ`  օրինակ` բնական հյութերը, որոնք արժեին 350 դրամ` 1 լիտրը,  դոլարի արժեւորման արդյունքում մի քիչ թանկացել են,  ռուսական հյութերը նախկինում 500 դրամ էին, հիմա դարձել են 450 դրամ, քանի որ համարյա նույն գնի են մրցունակ չեն, «Եվ այսպիսի բան այլ ոլորտներում էլ նկատվելու են, հատկապես արդյունաբերության, գյուղատնտեսության, վերջինս առավելեւս տուժելու է.  տրակտորներն արդեն թանկացել են`14%-ով, մի քանի տարուց պարարտանյութերը, բեռնատարները, եւ այլն:

Հունվարից շինարարության ոլորտը. նյութեր, սարքավորումներ, սովորական սալիկներ, մանրահատակ եւ այլն, թանկանում են ԵՏՄ երկրների համար: Այս առումով տնտեսական աճ չի լինելու: Բացի այս, մարդկանց գնողունակության անկում է լինելու, սա հանգեցնելու է տնտեսական սղաճի, եւ իրենց խնդիրը պետք է լինի ինչ-որ միջոցներ ձեռնարկել` գոնե աղքատության չափաբաժինը շատ չմեծանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031