Շարունակելով ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնի քննիչի անգործության և անձի պաշտպանության իրավունքի սահմանափակման թեման՝ տեղեկացնեմ, որ հրապարակային բարձրաձայնումից և գրավոր բողոքներ ներկայացնելուց հետո, ի վերջո, ստացվեց քննիչի գրավոր պատասխանը։ Սակայն օրենքով պահանջվող փաստաթղթերի պատճենների փոխարեն ստացվել է մի գրություն, որը փաստացի օրինականացնում է պաշտպանության իրավունքի անորոշ ժամկետով սահմանափակումը։ Քննիչի պատասխանում բառացիորեն նշված է.
«Տեղեկացվում է, որ քրեական վարույթի նյութերը գտնվում են Արարատի մարզի դատախազությունում, իսկ պահանջվող արձանագրությունների պատճենները կտրամադրվեն առաջին իսկ տրամադրության տակ գտնվելու դեպքում»։
Այս պատասխանը ոչ թե լուծում է խնդիրը, այլ ի ցույց է դնում քրեական դատավարության պրակտիկայում ձևավորվող մի չափազանց վտանգավոր ու արատավոր երևույթ։
«Երբ հարմար լինի» գործելաոճն անթույլատրելի է
Կարդացեք նաև
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին և պաշտպանին տրամադրման ենթակա փաստաթղթերի պատճենների հանձնումը չպետք է դառնա կամայականության առարկա։ Օրենքում գոյություն չունի «կտրամադրվի առաջին իսկ տրամադրության տակ գտնվելու դեպքում» վերապահումը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հսկող դատախազն իրավունք ունի ստուգման համար քննիչից գրավոր պահանջել քրեական վարույթի նյութերը կամ ստուգել դրանք տեղում։ Ակնհայտ է, որ «ստուգման համար» նյութերը պահանջելը չի նշանակում դրանք շաբաթներով կամ անորոշ ժամկետով պահել դատախազությունում՝ ամբողջությամբ կաթվածահար անելով պաշտպանության իրավունքի իրացումը։
Էլեկտրոնային կառավարման և թվայնացված փաստաթղթաշրջանառության պայմաններում ուղղակի անհասկանալի է, թե ինչու վարույթի նյութերի թղթային տարբերակը դատախազությունում գտնվելը պետք է խոչընդոտի պատճենները պաշտպանին տրամադրելուն։ Առավել ևս, երբ հսկող դատախազն ու քննիչը գործում են փոխկապակցված, և նյութերի պատճենահանումը րոպեների հարց է։
Արդյունքում ստեղծվել է փակ շղթա.
- 7 օր պաշտպանը սպասում է քննիչի պատասխանին և ստանում «նյութերն ինձ մոտ չեն» բովանդակությամբ գրություն։
- Այնուհետև ստիպված է ևս 7 օր սպասել նույն դատախազության կողմից իր բողոքի քննարկմանը։
Այս ընթացքում անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանության իրավունքը շարունակում է մնալ միայն թղթի վրա։ Դատախազության և քննչական մարմինների միջև փաստաթղթերի տեղաշարժը երբեք չի կարող և չպետք է դառնա մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու պատճառաբանություն։
Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
17.11.2026



















































