Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը բռնվել էր թեյարանում գողության պահին

Հունվար 16,2015 15:30

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առանց դատարանի
հայեցողության՝ պատժի անհատականացումն անհնար է

Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Հովհաննես Աթոյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռով դատապարտվեց 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Հովհաննես Աթոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց եւ սահմանվեց փորձաշրջան` 1 տարի ժամկետով։

Զինծառայող Հովհաննես Աթոյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվեց ՊՆ N զորամասի հրամանատարությանը, իսկ զորացրվելուց հետո` ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնին:

Հովհ. Աթոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողության հանձնելը, թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը եւ փաստացի կատարումն ապահովելը։

Մեղադրող Ս.Յուզբաշյանը պատժաչափի հետ կապված բողոք է բերել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Բողոքի քննությունը կլսվի դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ:

Միջնակարգ կրթությամբ ամբաստանյալը ծառայել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես նորոգման վաշտի «կուտակչագործ»: Ամբաստանյալը մինչ դատական գործընթացը սկսելը, միջնորդել էր, որպեսզի արագացված ընթացակարգով այն լինի: Նա մեղադրվել է ուրիշի գույքի զգալի չափերի՝ 7.000-8.000 ՀՀ դրամ գաղտնի հափշտակություն կատարելու համար: Նա, ըստ գործի նյութերի, սեպտեմբերի 7-ին դռան կից փայտանյութե երեսպատումից երկու փայտե կտորներ հանելու միջոցով, ապօրինի մուտք է գործել բանակային կորպուսի տարածքում գործող «Զինառ» ՓԲԸ-ի թեյարանի շինության տարածք: Սակայն հիշյալ թեյարանի աշխատակից Գուրգեն Ջալավյանի կողմից հայտնաբերվելու եւ բռնվելու պատճառով՝ նրա կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Ի դեպ, ամբաստանյալը համաձայնել է իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Դատարանն ամբաստանյալ Հովհաննես Աթոյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող, ինչպես նաեւ անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, ինչպես զորամասի հրամանատարության, այնպես էլ բնակության վայրի համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի կողմից բնութագրվել է դրական, զղջացել է կատարած արարքի համար եւ ընդունել է մեղքը։

Զինվոր Հովհաննես Աթոյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել։

Մեջբերելով բազմաթիվ նախադեպային որոշումներ, առաջին ատյանի դատարանն անդրադարձել էր Վճռաբեկ դատարանին:

Բարձրագույն դատարանն արձանագրել էր, որ որպես պատիժ նշանակելու արդարության սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է դատապարտյալի, տուժողի եւ հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ. «Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, առավել եւս, որ դրանք ձեւավորվում են այն նույն հանգամանքների հիման վրա, որոնք դատարանը հաշվի է առնում պատիժ նշանակելիս (հանցագործության հանրորեն վտանգավորությունը, հանցավորի անձը եւ այլն)։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատժի նշանակման արդարության սկզբունքը դատարանը պետք է կիրառի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաեւ պատժի նպատակների համատեքստում»։

Ուստի, ըստ դատարանի իրավական դիրքորոշման, կոնկրետ արարքի եւ անձի նկատմամբ համընդհանուր քրեական օրենքով նախատեսված սանկցիան կիրառելիս դատարանը պետք է որոշակի հայեցողություն դրսեւորի։

Այդ կապակցությամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգել էր իր նախադեպային որոշումներից մեկով, որ առանց դատարանի հայեցողության պատժի անհատականացումն անհնար է։

Տուժող Էլմիրա Բաղրամյանի կողմից քաղաքացիական՝ հայց չներկայացնելու պատճառով, հարցը համարվել է լուծված։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031