Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մենք մեր շարքերից հանում ենք բռի հրամանատարի կերպարը»

Հունվար 27,2015 11:57

«Մենք մեր շարքերից հանում ենք բռի հրամանատարի կերպարը: Զինվորամոլությունը մեր ազգին հարիր չէ: Հրամանատարն այսօր զինվորի նկատմամբ ծնողական մոտեցում ունի»,- այսօր 2014 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`շեշտելով, որ անցյալ տարի բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում է եղել սպայական կազմի կրթական ցենզի բարձրացումը:

Բանակում շարունակվել են բարեփոխումները ընդհանուր ռազմական կրթության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում են քայլեր արել: Սեյրան Օհանյանի գնահատմամբ անցյալ տարի մենք զարգացրել ենք ռազմական համակարգը, համալրել զինված ուժերը, ինչպես նաեւ միջազգային ինտեգրմամբ դրական քայլեր արձանագրել: Քայլեր են ձեռնարկվում պաշտպանական համակարգի հետագա ուժեղացման առումով, հեռանկարային ծրագրեր են մշակվում:

Միջազգային հարաբերություններում էլ Հայաստանի ռազմական գերատեսչության գործունեությունը դրական գնահատվեց, դրական խոսք հնչեց հայ խաղաղապահների մասին, ովքեր պատվով են կատարել իրենց գործը:

Զինված ուժերի ռազմական կարողություններն են ավելացել պետական ծրագրերի շրջանակներում`ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա Անդրկովկասում ռազմական ուժերի հավասարակշռության պլանի համաձայն, ՀԱՊԿ-ի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվել, նաեւ տարբեր միջազգային զորավարժություններ են իրականացվել, որոնց հայկական կողմի մասնակցությունը նախարարը արդյունավետ գնահատեց:

Մինչ այդ՝ նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ մեր պաշտպանական համակարգն իր առջեւ դրված խնդիրը`հայրենիքի պաշտպանությունն, իրականացնում է բավական բարդ միջազգային իրադրության պայմաններում, ինչը մեզնից պահանջում է լրացուցիչ ճկունություն, թափանցիկություն, նոր մոտեցումների որդեգրում:

Նրա գնահատմամբ, լարվածության մեջ պահելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանները Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում`հայկական կողմերին պարտադրել քաղաքական զիջումներ: Ողջ անցյալ տարվա ընթացքում դիտավորյալ եւ հետեւողական դիվերսիոն գործողություներ է իրականացրել: Նախարարը նկատեց, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ ատելություն է սերմանում իր հասարակությունում, մերժողական դիրքորոշում դրսեւորում ԼՂՀ հարցում: Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պայքար է մղում`հակահայկական քաղաքականություն վարելով, փաստերը խեղաթյուրելով: «Հարեւան պետության նման գործելաոճը լուրջ վտանգ է տարածաշրջանի համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները`քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031