Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոշմապիտակավորման արդյունքում դեղերը թանկացել են 4,5-ից 5 տոկոսով»

Փետրվար 02,2015 12:28

Ըստ Սամվել Զաքարյանի` նախարարությունը պնդում էր, որ դրոշմապիտակավորման արդյունքում ամեն մի դեղ կթանկանա 3-ից 5 դրամով, սակայն դրանք թանկացել են մինչեւ 5 տոկոս

Եվրասիական Տնտեսական Միության շուկա մտնելու հետ կապված Հայաստանի դեղերի շուկայում փոփոխություններ են սպասվում: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտնեց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

«Ամբողջ տարին մենք բավականին լուրջ զբաղված ենք լինելու Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ` փորձելով հարմոնիզացնել դեղագործական շուկան: Դեղագործության կարգավորումը հետաձգվել է մինչեւ 2016 թվականի հունվարի մեկը»,- նշեց Սամվել Զաքարյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանի դեղագործական շուկան շատ ավելի լավ է կարգավորված, քան ԵՏՄ այլ երկրներինը. «Հայաստանում մի քանի կազմակերպություններ ունեն եվրոպական GNP հավաստագրեր, որոնք հնարավորություն են տալիս դեղեր արտահանել Եվրոպա: Մինչդեռ ԵՏՄ երեք երկրներում դրանք չկան: Սակայն այս մեկ տարվա ընթացքում պատրաստվում են ստեղծել նման հավաստագրեր»:

Սամվել Զաքարյանի խոսքով` ԵՏՄ երկրների հետ հարմոնիզացիայի քայլերից մեկն էլ դեղերի գրանցման հետ է կապված:

Սամվել Զաքարյանը նշեց, որ արժույթի արժեւորմամբ պայմանավորված` անցյալ տարվա վերջում դեղերի շուկայում եղան 10 -15 տոկոս թանկացումներ, որոնք դեռեւս պահպանվում են` 3-5 տոկոսով. «Քանի որ Հայաստանի դեղերի 90 տոկոսը ներմուծվում են, այդ թանկացումները սպասելի էին»:

Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման պատճառով գրանցված թանկացումներին, Սամվել Զաքարյանը նշեց, որ այն դեղերը, որոնք մինչեւ նոյեմբերի մեկը եղել են դեղատներում արդեն ներմուծված, դրանք չեն թանկացել: Սակայն նոյեմբերի 1-ից հետո ներմուծված դեղերը պարտադիր դրոշմապիտակավորված են. «Դրոշմապիտակավորման արդյունքում, ըստ մեր հաշվարկների, դեղերը թանկացել են 4,5-ից 5 տոկոսով: Նախարարությունը պնդում էր, որ ամեն մի դեղ կթանկանա 3-ից 5 դրամով, սակայն դրանք թանկացել են մինչեւ 5 տոկոս: Քանի որ այս դրոշմապիտակավորման գործողությունը սկսվել էր ստվերային տնտեսության կրճատման նպատակով, ապա մենք պատասխանի ենք սպասում ֆինանսների նախարարությունից,թե ինչ արդյունքներ է գրանցել օրենքի ընդունումը»:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ից ուժի մեջ մտած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն:

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728