Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Այդ մարդիկ գոնե իրենք իրենց հաշիվ տալի՞ս են՝ ի՞նչ է նշանակում երկրի առաջին դեմք լինելը». «Հայոց աշխարհ»

Փետրվար 13,2015 12:05

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

   -ԲՀԿ-ն հրապարակել է ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովի հռչակագրի նախնական տարբերակը, որի «մեխը» հետեւյալն է. կա՛մ իշխանությունը հրաժարվում է սահմանադրությունը բարեփոխելու մտքից, կա՛մ իրենք շուրջօրյա հանրահավաքային արշավ են սկսում երկրով մեկ՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով «ոչ»-ի հանրաքվեի։ Կարելի՞ է ասել, որ կամուրջներն այլեւս այրված են։ 

-Շատ ցավալի է, որ երկրի երկրորդ քաղաքական ուժը փորձում է իշխանության հետ վերջնագրերի լեզվով խոսել։ Փորձել են այդ համաժողովում արտահայտված ցաքուցրիվ արտահայտությունները մի փաթեթի մեջ տեղավորելով՝ ինչ-որ կոնկրետ առաջարկությունների հանգել, չի ստացվել։ Եվ առանց սահմանադրական փոփոխությունները մանրակրկիտ ուսումնասիրելու (իրենք բազմիցս են հայտարարել, որ դրա կարիքը չունեն) պարզապես վերջնագիր են ներկայացրել, թե՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու դեպքում կգնանք այլ ճանապարհով։

Խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ նման կոչերից՝ ներքաղաքական իրավիճակի արհեստական սրացումները ոչինչ չեն տա այդ քաղաքական ուժին կամ ուժերին։ Կարծում եմ՝ պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը եւ մտածել ապագայի մասին. իզուր չի ասված՝ քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ սերունդների մասին։

Սահմանադրական փոփոխությունները միտված են ապագային, եւ բոլորը պետք է դա գիտակցեն։ Իսկ եթե ոմանք այնպիսի մեծ հավակնություններ ունեն, որ իրենց տեսնում են պետության ղեկին, ուղղակի զարմանում եմ՝ այդ մարդիկ գոնե իրենք իրենց հաշիվ տալի՞ս են՝ ի՞նչ է նշանակում երկրի առաջին դեմք լինելը եւ ամբողջ երկրի պատասխանատվությունը վերցնելը։

Արդյոք ի վիճակի՞ են նման պատասխանատվություն ստանձնել, գիտակցո՞ւմ են դրա ամբողջ ծանրությունը, թե՞ ոչ։ Այդ հարցերի պատասխանը ես չունեմ, որովհետեւ մեծ համարձակություն է այսօր, այս պայմաններում ոչ միայն մտնել այդ ծանրության տակ, այլեւ նույնիսկ մտածել այդ մասին. դա կարող է անել միայն քաղաքական եւ ինտելեկտուալ լուրջ ներուժ, պատրաստվածություն ունեցող մարդը եւ քաղաքական ուժը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728