Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Մի հատ էլ պատգամավորներին կապեիք»

Փետրվար 19,2015 13:55

Այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացվեցին ԱԺ 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում՝ «Մանդատ» հ/կ-ի կողմից:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը նախագծեր ունի, որոնք հանձնաժողովներում դրական եզրակացություն են ստացել, բայց արդեն 1 տարի անցել է, չի մտնում ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ, որովհետեւ անընդհատ արտահերթ նստաշրջան է լինում, այլ հարցեր են մտնում օրակարգ: Նա նշեց, որ ԱԺ-ի դերը տարեցտարի նվազում է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ վերջին գումարման ԱԺ-ն նախորդների հետ համեմատ բավականին ակտիվ է աշխատում:

Հարցին, որ ՀՀԿ-ում պատգամավորների կեսից ավելին լուռ են մնացել ողջ նստաշրջանի արդյունքում, չեն տվել ոչ մի հարց եւ ոչ մի ելույթ չեն ունեցել՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բոլոր խմբակցություններում էլ կան լուռ պատգամավորներ: ՀՀԿ-ում մի փոքր ավելի շատ են, քանի որ ավելի մեծ խմբակցություն է: Լուռ պատգամավորները իրականում հանձնաժողովներում աշխատում են, ես դա խիստ բացասական չեմ ընդունում»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ վիճակագրությունը կոշտ է եւ իրականությունը չի արտացոլում: Օրինակ, ամենաշատ բացակայած պատգամավորներից է Հրանտ Բագրատյանը, բայց նա դասավանդում է, գործուղումների է լինում եւ դա անհարգելի բացակայություն չպետք է դիտարկել: Դա էլ է աշխատանք:

Ըստ նրա, պետք է մի տարբերակ գտնել, որպեսզի երեւա, թե ով է գործուղման եղել, ով հենց այնպես է բացակայել: Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի ցուցաբերած պասիվությանը, որն ընդամենը 1 դիմում էր ընդունել եւ մերժել էր, Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ «Նույն մարդը, որը հայհոյում էր, շարունակում է հայհոյել, ու ինչքանով է օգտակար էթիկայի հանձնաժողովը՝ բարդ է ասել»:

Հարցին, ի՞նչ եղավ ԱԺ նախագահի հանձնարարությունը, որ պետք է ուսումնասիրեիք պատգամավորների բացակայությունները՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բացակա պատգամավորները պետք է ներկայացնեն փաստաթղթեր. «Մի մասը ներկայացրել են, մի մասը չեն ներկայացրել: Այդ փաստաթղթերը քննարկման փուլում են: Որոշում կայացնելու իրավունքը ԱԺ նախագահինն է»:

Հարցին՝ անկախ պատգամավորների թիվը շատացավ, չե՞ք նեղվում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ եթե նրանց թիվը 10-ի հասնի, իրենք կարող են խումբ կազմել: Խոսքը միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մասին է:

Լրագրողները Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին՝ երբ Գագիկ Մելիքյանն ասում է՝ ՀՀԿ-ականները հանձնաժողովներում են ակտիվ աշխատում, կոնկրետ Ձեր հանձնաժողովում ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը ի՞նչ ակտիվություն են ցուցաբերել՝ նա պատասխանեց. «Վերջին սրացումների հետ կապված այդ պատգամավորների հետ այցելել ենք դիրքեր, իսկ հանձնաժողովներում ակտիվություն չի եղել»:

Էդմոն Մարուքյանը նաեւ ասաց, որ բացակայությունների հետ կապված եթե հիմք է ընդունվում քվեարկություններին ներկա լինելը, ապա պատգամավորները կարող են ընդամենը ԱԺ-ում լինել ժամը 12-ից մինչեւ 12.20 րոպեն եւ դա համարել գործունեությո՞ւն:

Մեր հարցին՝ երբ Սերժ Սարգսյաննն ասաց, որ խրամատները չլքեք, ՀՀԿ շատ պատգամավորներ վստահեցրին, որ իրենք իրենց աշխատասենյակներում օրնիբուն աշխատում են, ինչպե՞ս է հնարավոր վերահսկել՝ ինչո՞վ է զբաղված պատգամավորը ԱԺ-ում, աշխատո՞ւմ է, թե՞ չէ, որքան էլ տեսախցիկներ կան ԱԺ-ում, դրանց ինֆորմացիան ինչքանո՞վ է հասու մեզ՝ Ալեքսանդր Արզումանյանը կատակեց. «Մի հատ էլ պատգամավորներին կապեիք»:

Ըստ Գագիկ Մելիքյանի, միայն դահլիճային աշխատանքով չի որոշվում պատգամավորի ակտիվությունը: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հորդորը դեր ունեցել է, տասնյակում չկան արդեն բացակայող ՀՀԿ-ականներ: Բայց դրա վրա ազդեց նաեւ քվեարկությունների խնդիրը, երբ 5 պատգամավորի բացակայություն կարող էր տապալել օրինագծի անցկացումը. «Դա ստիպում է միշտ զգոն լինել եւ միշտ կոճակների մոտ լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728