«Կա՞ այլընտրանք կուսակցություններին․ ՀՀ օրենսդրության, Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ-օրենքի տրամաբանության մեջ գոյություն չունի այլընտրանք։ Մարդիկ պետք է քաղաքական կյանքով զբաղվեն, քաղաքական կյանք մտնեն, կուսակցական կյանք մտնեն, որ կուսակցությունները կայանան։ Ինչքան խուսափեն կուսակցություններից, այնքան կուսակցությունները չեն կայանալու, մենք էլ ունենալու ենք նման խնդիրներ, որոնք բերում են արհավիրքներ»,-
ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կազմակերպած «Կուսակցությունը, որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման սուբյեկտ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք պետք է մեր քաղաքական կյանքով զբաղվենք, մեր կյանքն առողջացնենք»,- կարծում է նա՝ հավելելով․ «Քաղաքակիրթ աշխարհն ինչ-որ կերպ ազդո՞ւմ է կուսակցությունների գործունեության վրա։ Այո՛, միանշանակ։ Եթե ժամանակին, օրինակ, հիշում եք՝ կուսակցական թերթեր կային, կուսակցություններն իրենց թերթերն ունեին, պաշտոնաթերթերը բաժանվում էին մարդկանց, հիմա սոցիալական մեդիայի և բլոգինգի դարաշրջանում, օրինակ, կան Հայաստանում բլոգերներ, որ մի հինգ հատ կուսակցությունից ուժեղ կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեն։ Այսինքն՝ սրանք բավականին մեծ փոփոխություններ են, տրանսֆորմացնում են քաղաքական կյանքը։ Բայց վերջին հաշվով՝ ով ինչ ուզում է ձևավորի, ինչ ձևի ուզում է հանրային կարծիքը ձևավորի, արդեն պետք է ուղղորդի ինչ-որ կերպ կուսակցական խողովակին»։
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանն իր խոսքում նաեւ հիշեց․ «Ժամանակին՝ երբ որ ես զբաղվում էի մարդու իրավունքների պաշտպանությամբ, պայքարում էի մի հայկական հին ավանդական խոսքի դեմ, որ ասում էին՝ բժշկից ու դատարանից հեռու, գործ չունենք։ Բայց երկուսն էլ ինչի՞ համար են. դատարանը նրա համար է, որ դու վեճդ քաղաքակիրթ ճանապարհով գնաս լուծես, չգնաս ձեր թաղի գողականների մոտ, չգնաս ինչ-որ քավորի մոտ, որ ինքը հարցերը լուծի, այլ գնաս դատարան, որ դատարանը վեճդ լուծի։ Իսկ բժշկի գնալն ինչի՞ համար է. որ վեց ամիսը մեկ լավ կլինի գնաս, ստուգվես, մի օր չկանգնես մի հատ ինչ-որ փաստի առաջ, որ արդեն շատ ուշ է, և քեզ բան չի մնացել, որ հաջող ասես կամ պաշտպանվես»։
Նա եզրակացնում է․ «Ունենք ձևակերպված խոսույթներ, որոնք որ մարդուն հետ են պահում զարգացումից և մարդուն հետ են պահում իր բարօրությունն ապահովելու ճանապարհը բռնելուց։ Հիմա կուսակցությունները ինչի՞ մասին են։ Օրինակ, ես իմ ամբողջ կյանքի ընթացքում մի կուսակցության անդամ եմ եղել և կամ, և 11 տարի է՝ մենք զբաղված ենք կուսակցական շինարարությամբ։ Եվ ես ձեզ ասեմ՝ եթե ես ասեմ, որ մեծ հաջողություններ ենք արձանագրել կուսակցությունը՝ որպես լիբերալ դեմոկրատիայի ինստիտուտ զարգացնելու, այն ինստիտուցիոնալ դարձնելու, տարբեր սուբյեկտներ, ստորաբաժանումներ ստեղծելու, դրանք զարգացնելու գործում, ես սուտ կասեմ. եթե ասեմ՝ հաջողություններ չենք ունեցել, դա էլ սուտ կլինի, որովհետև լուրջ հաջողություններ ենք արձանագրել հենց հիմնադրման օրվանից սկսած։ Բայց անցնում ենք մի հատ բարդագույն ճանապարհով, որտեղ դու անընդհատ պատասխանատու ես քաղաքական որևէ քո գործունեության, հայտարարության համար, բայց ընտրությունից ընտրություն դու արձանագրում ես իրավիճակ, որ կուսակցությունների թիվը կամ դաշինքների ձևավորված թիվը շատանում է, ընտրությունից հետո դրանք նվազում են, արագ կորցնում ես դու անգամ հետքը, որ հետևես, թե ո՞ր հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն, և էլի հինգ տարի անց, որ նորից հայտնվում են, դրանք գալիս են առաջ»։
Բանախոսի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունում մենք լուրջ խնդիր ունենք, և եթե մենք չենք առողջացնելու մեր քաղաքական համակարգը, ունենալու ենք շատ-շատ լուրջ խնդիրներ․ «Այսօրվա խնդիրներն էլ են դրա հետ կապված։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես մեծ հույսեր եմ փայփայել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգը կառողջանա, և կուսակցությունները՝ որպես ժողովրդավարության կարևոր սուբյեկտներ, որոնք որ ձևավորում են հանրային կարծիքը, և ձևավորված հանրային կարծիքը խողովակով անց են կացնում, դարձնում ուժ, ազդեցություն փոփոխության համար և որոշումների կայացմանը մասնակցում, լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնած»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































