Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից» (Տեսանյութ)

Մարտ 05,2015 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Գագիկ Ծառուկյանի ելույթը

Սիրելի գործընկերներ, ընկերներ

Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որևէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը:

Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք:

Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. Քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով:

Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ: Իմ թիմի և ժողովրդի մեջքի հետևում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, և ոչ թե արցունքներ:

Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ:

Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:

Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին:

Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան և անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի: Շնորհակալություն:

Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. հոպար says:

    ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ
    ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը
    Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ
    կուսակցության նախագահի պաշտոնը Ես առաջարկում եմ, որ վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին

    Ափսոս, մեր ԴՈԴ ազգը կորցրեց իր հերթական փրկչին, մտքի գիգանտ եւ հանճարեղ քաղաքական գործչին

    • Միքայել says:

      Ցավացում եմ, որ ազգդ ԴՈԴա, հրաժարվիր ազգիցդ.

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Տարիներո՛վ «ընդդիմություն» խաղաց ու ամենավերջին պահին ժողովրդին քցեց՝ ի՛ր ու իր բիզնեսների ապահովության համար. հերթական մի օլիգարխ:

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031