Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գունագեղ վտանգ՝ երեխաների համար

Մարտ 16,2015 13:00

Մանկական խաղալիքներ. արտաքինից՝ գունավոր, գրավիչ, միաժամանակ վտանգավոր ու անվտանգ: Արտաքին տեսքից շատ խաղալիքներ կարող են չհարուցել անգամ նվազագույն կասկած երեխաների առողջության համար վտանգավոր լինելու մասին, մինչդեռ եղել են դեպքեր, որոնք ապացուցում են հակառակը:

Մանկաբույժ Արթուր Ջանազյանի խոսքով՝ շատ խաղալիքներ կարող են բացասաբար ազդել երեխաների առողջության վրա. «Որոշ խաղալիքներ, որոնք ունեն տհաճ հոտ կամ պատրաստված են վատ որակի կաուչուկից ու պլաստմասսայից, կարող են բերել աղիքային ինֆեկցիայի, մաշկային ալերգիայի»:

Նման խնդիրներից խուսափելու համար սպառողն ինքը պետք է լինի զգույշ եւ հետեւողական՝ երեխաների համար խաղալիքներ ընտրելիս: ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի հոդված 9-ի համաձայն, «Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի եւ իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով»: Բացի սրանից, ներկրվող խաղալիքները պետք է ունենան համապատասխանության սերտիֆիկատ, որի միջոցով, համաձայն Համապատասխանության գնահատման մասին ՀՀ օրենքի` «հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի եւ բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին»:
Լրագրողական հարցման համաձայն՝ հարցված 30 քաղաքացիներից 12-ը խաղալիքները գնում են ոչ մասնագիտացված խանութներից, 10-ը՝ մասնագիտացվածներից, 8-ը չեն վստահում տեղի խանութներին (հիմնականում գնում կամ ստանում են խաղալիքներ Դանիայից, Ֆրանսիայից…):

Այն հարցին, թե խաղալիք գնելիս ներկրված ապրանքների համար պահանջում են համապատասխանության սերտիֆիկատ, թե ոչ, հարցվածներից 13-ը պատասխանեց, որ գիտի իր այդ իրավունքի մասին, բայց չի պահանջում, 7 քաղաքացիներ չգիտեին, որ կարող են պահանջել սերտիֆիկատ, եւ միայն 2 քաղաքացիներ նշեցին, որ պահանջում եւ ստանում են համապատասխան սերտիֆիկատ:

Երեւանում գործող մանկական խաղալիքների մասնագիտացված խանութներից քաղաքացիներին քաջածանոթ են «Մանկան», «Բեյբի րում», «Ջիորդանի», «Մեգա թոյս», «Պիկոլինո» մանկական մասնագիտացված խանութ-սրահները: Դրանով պայմանավորված՝ մենք փորձեցինք ստանալ այս խանութներ ներկրված խաղալիքների համար համապատասխանության սերտիֆիկատ: «Մանկանի» աշխատակցուհին գնված խաղալիքի համար չտրամադրեց որեւէ սերտիֆիկատ, պատճառաբանելով, որ սերտիֆիկատ ունեն, բայց տրամադրել չեն կարող:

«Բեյբի րում» խանութ-սրահի աշխատակցուհիներն անկեղծացան, որ սերտիֆիկատներ չեն տրամադրվում, գնորդներն էլ երբեւէ չեն պահանջել: «Ջիորդանիում» աշխատակցուհին հավաստիացրեց. «100 տոկոս կարող եք վստահ լինել խաղալիքների որակի համար»: Խոսքին վստահելու փոխարեն, սերտիֆիկատ ստանալ այստեղ այդպես էլ չհաջողվեց, քանի որ աշխատակցուհին մեկնաբանեց. «Փաստաթղթերը տնօրինության մոտ են ու մի խաղալիք գնելու դեպքում սերտիֆիկատ չենք կարող տրամադրել, ամեն մի խաղալիքի համար, որ սերտիֆիկատ տրամադրենք, ի՞նչ կդառնա»: «Մեգա թոյսը» հարցված մասնագիտացված խանութներից միակն էր, որ տրամադրեց ներկրված խաղալիքների համար սերտիֆիկատ: Աշխատակցուհու խոսքով՝ չնայած հազվադեպ են գնորդները սերտիֆիկատ պահանջում, բայց պահանջելու դեպքում ցանկացած խաղալիքի համար տրվում է համապատասխանության փաստաթուղթ:

«Պիկոլինո» խանութ-սրահի աշխատակցուհու խոսքով, իրենց խաղալիքները իտալական ու ֆրանսիական են. «Չինական, անորակ խաղալիքներ մենք չենք ներկրում, միայն բարձրակարգ ու աշխարհահռչակ բրենդներ են»: Այստեղ էլ սերտիֆիկատ չտվեցին՝ պատճառաբանելով, որ մենեջերը տեղում չէ:

Մի քանի ոչ մասնագիտացված խանութներում, որտեղ խաղալիքներ վաճառվում են առանձին բաժիններում, սերտիֆիկատներ առհասարակ չեն տրամադրում: Վաճառողների խոսքով՝ սպառողն էլ չի պահանջում: Սպառողի պահանջից զատ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 188 հոդվածի համաձայն՝ «Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը), ինչպես նաեւ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:
Այս ամենից հետո մնում է միայն ասել, որ իրավունքների ամենալավ պաշտպանը հենց սպառողն է. եթե նա լինի հետեւողական ու զգոն, տեր կանգնի իր իրավունքներին, խաղալիքներ արտադրողների ու վաճառողների պատասխանատվությունն էլ ավելի կմեծանա, իսկ արտադրող-սպառող փոխհարաբերությունները կգործեն ավելի արդյունավետ:

ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031