Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Լիբանան

Մարտ 16,2015 19:14

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում  Քուվեյթի Պետություն մեկնած  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 12-ին Քուվեյթից ժամանեց Բեյրութ:

Մարտի 13-ին նախարար Հ. Հակոբյանին  ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը բարձր գնահատեց նախարար Հ. Հակոբյանի նվիրյալ աշխատանքը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում: Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպական և Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերի հետ կապված  հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյան:

Արամ Ա. Վեհափառի հետ հանդիպումից հետո նախարար Հ. Հակոբյանը Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում հանդիպեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանին:

Նույն օրը նախարարն այցելեց Հայ կաթողիկե պատրիարքարան, ուր հանդիպեց Տանն Կիլիկիոյ կաթողիկե հայոց Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս- պատրիարքի հետ:

Ամենապատիվ հոգևոր տերը տեղեկացրեց Հայ կաթողիկե պատրիարքության ծրագրերին և շեշտեց միացյալ ճակատով հանդես գալու հրամայականը: Նա կարևորեց մեծաշուք սուրբ պատարագը, որ պիտի տեղի ունենա  ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի Մայր տաճարում, որի ընթացքում Ֆրանչիսկոս սրբազան քահանայապետը Ս. Գրիգոր Նարեկացուն հանդիսավորապես պիտի հռչակի Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Այնուհետև, նախարարը հյուրընկալեց նաև Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ և Հայ ավտարանական համաշխարհային խորհրդի նախագահ վեր. Մկրտիչ Գարագյոզյանին։

Լիբանանյան այցի շրջանակում  նախարար Հ. Հակոբյանը մասնակցեց Բեյրութում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երախտագիության երեկոյին:

Լիբանանի և Հայաստանի Հանրապետությունների ազգային օրհներգներից հետո բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշեց, որ  աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների նպատակն է հայ ժողովրդի պահանջատիրությունը իրազեկել և լսելի դարձնել միջազգային հանրությանը:  Դեսպանն ընդգծեց, որ ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են  հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար  և վերածնունդ  ուղղություններով: Նա կարևորեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունված Ցեղասպանության համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի  միասնության և համախմբվածության արդյունք էր: Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի փոխատենապետ Շահան Կանդահարյանը:Նա խոսեց հայ ժողովրդի համար հույժ կարևոր տարվա խորհրդի մասին՝ հույս հատնելով, որ միջազգային հանրությունը արդար  իրավական գնահատական կտա կատարված հանցագործությանը։

Իր ելույթում Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Ղասան Մուխայբերն անդրադարձավ  Օսմանյան Կայսրությունում հայ և լիբանանցի ժողովուրդների  զրկանքներին և տառապանքներին՝ օգտագործելով  <<Մենք բոլորս հայ ենք>> արտահայտությունը: Եթե հայերի հանդեպ իրագործվել է անմարդկային ոճիր՝ ջարդեր և ցեղասպանություն, որին զոհ են դարձել 1.5 միլիոն անմեղ մարդիկ, ապա Լիբանանի ժողովուրդը մատնվել է սովի և կորցրել բնակչության 40 տոկոսը:  Ղասան Մուխայբերը համոզմունք  է հայտնել, որ կգա ժամանակ, երբ թուրքերը կվերադարձնեն հայ ժողովուրդից զավթած տարածքներն ու ունեցվածքը: Նա հպարտությամբ է խոսել լիբանանահայ համայնքի մասին, որի հանդեպ Լիբանանի ժողովուրդը ունի  հատուկ վերաբերմունք և  հարգանք և կոչ է արել միջազգային հանրությանը համախմբվելու հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու նպատակով:

Երեկոյի վերջում ներկաներին խոսք ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, ինչի շնորհիվ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեցին, ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Նախարարը, մեջբերելով ՀՀ Նախագահի ՄԱԿ-ի ԳԱ ելույթը, շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, երեկոյին ներկա դեսպաններին, որոնք ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ կատարված սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝  Հրանուշ Հակոբյանը նշեց. որ ներկայումս Թուրքիան ջանքեր չի խնայում խեղաթյուրելու, ժխտելու և կեղծելու իրականությունը: Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունում մարդիկ սկսել են ուսումնասիրել իրենց իրական պատմությունը, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այլևս չի լռելու և անընդհատ պահանջելու է համազգային իրավունքների վերականգնումը:  Նախարար Հակոբյանը ներկայացրեց համահայկական հռչակագրի գլխավոր սկզբունքները  100-ամյակի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին համահունչ։ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը կառուցում է ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն անկախ այն բանից, որ արդեն շուրջ 25 տարի գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող անօրինական շրջափակման մեջ :

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառներ սկանդինավյան արխիվներից և միջազգային մամուլից, հնչեցին երաժշտական կատարումներ:

Երախտագիտության երեկոյին ներկա էին Լիբանանի էներգետիկայի, կրթության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության նախարարները, խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ և այլ նախարարությունների պաշտոնյաներ, նախկին նախագահների ներկայացուցիչներ, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Մեքսիկայի, Պարագվայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ավստրիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, Կիպրոսի դեսպանները, Հունաստանի և Սերբիայի գործերի հավատարմատարները, Սուրբ Աթոռի ներկայացուցչության, Սիրիայի դեսպանության, ԵՄ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների, բազմաթիվ  լրատվամիջոցների թղթակիցներ:

Մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին ընդունեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրրիին: Ընդունելությանը մասնակցում էր նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նախարար  Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Բըրրիին, որի նախագահության օրոք` 1997-ին և 2000-ին, Լիբանանի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր:

Նախարարը խորհրդարանի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Հայաստանում տեղի ունենալիք պետական և կառավարական ձեռնարկներ: Նա նշեց, որ այդ ձեռնարկների շրջանակում մարտի 18-20-ը Երևանում տեղի է ունենալու լրագրողների ֆորում, որին մասնակցություն պետք է ունենան աշխարհի շուրջ 150 լրատվամիջոցներ, որոնցից 7-ը` լիբանանյան:

Հանդիպման ընթացքում  նախարարը Նեբիհ Բըրրիին առաջարկեց բարձրաստիճան պատվիրակությամբ Լիբանանը ներկայացնել ապրիլի 24-ին Երևանում  տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Սփյուռքի նախարարը  նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում տեղի կունենա նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագիրը կրող ընդգրկուն խորհրդաժողով, որին  կմասնակցեն 100-րդ տարելիցի  նշումին իրենց մասնակցությունը բերած պաշտոնական պատվիրակությունները:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների սրբադասման պատարագի արարողություն:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը  գոհունակություն հայտնեց, որ ուրախ է գտնվել տարածքով փոքր երկիր Լիբանանում, ուր սակայն տասնյակ հազարավոր հայեր են ապրում հայկական մթնոլորտում և հայկական ոգով:

Լիբանանում գտնվելու օրերին նախարարը ներկա է գտնվել նաև լիբանանահայ տաղանդավոր նկարիչ-քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, այցելել է «Լյուսի Թյությունճյան» սրահում բացված ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսին, ՀՄԸՄ կենտրոնական վարչության կենտրոնատեղի, մասնակցել և գնահատանքի խոսք է ասել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Բեյրութի «Ծաղիկ» գրական հանդեսի կազմակերպած Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը:

Այցի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Այնճար, ուր ունեցել է բազմաթիվ տպավորիչ և հուզիչ հանդիպումներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031