Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինը մարզերում կմեկնարկեն ճանապարհաշինարարական աշխատանքներ 

Մարտ 18,2015 17:16

Ճանապարհաշինարարության տարեշրջանը կմեկնարկի ավտոճանապարհների
վերականգնման միանգամից չորս ծրագրով: Դրանցից առաջինը Հայաստանի
Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ
իրականացվող 118 կմ ընդհանուր երկարություն ունեցող ավտոճանապարհների
վերանորոգումն է:

«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝
հետազոտման և նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս
կհայտարարվեն համապատասխան մրցույթներ: Այս ծրագրով Հայաստանի 5 մարզերի՝
Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի 22 համայնքներ կունենան
բարեկարգ և հուսալի ճանապարհներ. «Նախատեսված է իրականացնել կենսական
նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքներ, որոնք ամբողջովին
շահագործման կհանձնվեն 2016 թվականի ավարտին: Ընդհանուր առմամբ՝ կծախսվի 13
մլրդ դրամ, որի 20 տոկոսը համաֆինանսավորվելու է պետական բյուջեից, մնացած
գումարը կտրամադրի Համաշխարհային բանկը»,- ասաց Էմիլ Սարգսյանը:

Այս տարի կավարտվեն 2014-ին կիսատ մնացած Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ
երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները՝ կնքված պայմանագրի
գումարի շրջանակներում:

ՀՀ կառավարության 2014-ի փետրվարի 6-ի որոշմամբ նախատեսվել էր կառուցել
շրջանցիկ ճանապարհ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի
Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար
անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով:

Անցյալ տարի կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն
ամբողջությամբ ավարտվել էին։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված էին նաև
ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։

Պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից մեկնարկել էր նաև ճանապարհի
ասֆալտապատումը։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին,
սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, առատ տեղումները թույլ
չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ
թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում կատարել:

Ասֆալտապատվեց ճանապարհի 1,5 կմ հատվածը։ Չասֆալտապատված հատվածում
կատարվեցին խճային ամրացման լրացուցիչ աշխատանքներ, ինչը հնարավորություն
տվեց, որպեսզի ճանապարհն անվտանգ երթևեկելի լինի բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցների համար:
«Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կվերսկսվեն աշխատանքները և
մինչև այս տարվա հուլիսի վերջը պատրաստ կլինի: Կատարվել է շատ խոշոր
աշխատանք: Նշված ճանապարհահատվածն անվտանգ է և այս պահին էլ շահագործվում
է»,- նշեց Էմիլ Սարգսյանը:

Կիրառված նախագծային լուծումները, մասնավորապես, ճանապարհամերձ որոշակի
հատվածներում կառուցված արգելապատնեշներն ապահովում են նոր
ճանապարհահատվածի անվտանգությունը: Այլընտրանքային այս ճանապարհահատվածն
ունի 6-7 մետր լայնություն: Կատարված ծավալուն աշխատանքը կկրճատի նաև
ճանապարհի երկարությունը մոտ 2 կմ-ով։

Աշխատանքի ծավալով աչքի կընկնեն նաև Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից հավանության արժանացած Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի
սահման 92 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ ճանապարհի
վերականգման աշխատանքները, որի համար կներդրվի շուրջ 100 մլն. եվրո: Արդեն
կան ճանապարհի նախնական հետազոտության արդյունքները: Կառավարության կողմից
բանակցություններ են ընթանում դոնոր կազմակերպությունների հետ:

«Այնտեղ ճանապարհը բավական նեղ է և պետք է լայնացվի, կան  թունելներ,
որոնք հիմնանորոգման կարիք ունեն և ներառված են ծրագրում: Կան կամուրջներ,
որոնք կենթարկվեն լրիվ փոփոխության, այսինքն կկառուցվի նորը»,- ասաց Էմիլ
Սարգսյանը:

Այս տարվա ընթացքում նախատեսված է վերանորոգել նաև շուրջ 47 կմ ընդհանուր
երկարությամբ ճանապարհահատված՝ հանրապետության ութ մարզերում: Այդ նպատակով
պետական բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ դրամ: Գումարի շրջանակներում
կմեկնարկեն նաև Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք
կընթանան 3 փուլով՝ 3 տարվա ընթացքում:

Ճանապարհաշինարարության ոլորտում ակտիվ տարի է եղել նաև 2014-ը:
Հայաստանի 10-ը մարզերում հիմնանորոգվել են միջպետական և հանրապետական
նշանակության 32 ճանապարհահատվածներ՝ շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ:
Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 13.3 մլրդ դրամ, որից շուրջ
2.54 մլրդը վերաբաշխվել և տրվել է մարզպետարաններին, 1.6 մլրդ դրամն էլ՝
«Հայաստան» համահայկական հիմնադրամին:

2014-ին ճանապարհներ են հիմնանորոգվել նաև Համաշխարհային բանկի «Կենսական
նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով:
Մասնավորապես, Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում վերականգնվել են
39.45 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ:

Կատարված աշխատանքների ընթացքում տնտեսվել են նաև շոշափելի միջոցներ,
որոնք օգտագործվել են վերականգնման հրատապություն պահանջող այլ
ճանապարհահատվածների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռևս անցյալ տարի
հանձնարարել էր ոլորտի պատասխանատուներին մրցույթների անցկացման ժամանակ
ուշադրություն դարձնել հաղթած ընկերությունների կողմից աշխատանքներ
կատարելիս պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը, տնտեսմանը, ինչը
չպետք է լինի ճանապարհի որակի հաշվին:

«Ճանապարհների վերանորոգման ընթացքում ամենօրյա վերահսկողություն է
իրականացվում տրանսպորտի նախարարի կողմից: Բացառում եմ, որ տնտեսումները
կատարվել են ճանապարհների որակի հաշվին, քանի որ գործում է գնումների մասին
ՀՀ օրենսդրությունը: Օրենսդրությամբ հայտարարվում է մրցակցային ընթացակարգ:
Առաջարկներ են լինում: Եվ հաղթում է այն կազմակերպությունը, ով, օրենքով
սահմանված կարգով, ներկայացնում է նվազագույն առաջարկը, իհարկե, եթե
բավարարում է ընթացակարգում նշված ճանապարհի որակի չափանիշները»,- նկատեց
Էմիլ Սարգսյանը:

Պատրաստի ճանապարհը ստուգվում է նաև նախարարության համապատասխան
լաբորատորիայի կողմից՝ օրենսդրության պահանջներին համապատասխան: ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն
ընդունող հանձնաժողովը տվյալ ճանապարհահատվածը շահագործելու վերաբերյալ
վերջնական եզրակացությունը տալիս է միայն լաբորատոր թեստավորման
արդյունքներն ուսումնասիրելուց հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031