Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան Երևանում, 9 միլիոն դրամից ավել աշխատավարձ․ ի՞նչ ունեցվածք ունի գեներալ Մանվելի սանիկը

Հոկտեմբեր 06,2026 20:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Արթիկի ներկայիս համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը դարձյալ գլխավորում է ՔՊ-ի ցուցակը հոկտեմբերի 25-ին Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է գույքի և եկամուտների մասին 3 էջանոց հայտարարագիր։

Նրա հաշվառման ու բնակության վայրը Պեմզաշենն է․ հիշեցնենք, որ Անանիկ Ոսկանյանը երկար տարիներ՝ 2008-2021 թվականներին, եղել է Պեմզաշենի գյուղապետը։ Ըստ հայտարարագրի՝ նա 62,60 քառակուսի մետր տարածությամբ բնակարան ունի մայրաքաղաքում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում, այն միանձնյա սեփականություն է։

100 քառակուսի մետր հողամաս ունի իր հարազատ Պեմզաշենում, դարձյալ միանձնյա սեփականություն։ Թեկնածուն թանկարժեք գույք չունի, նմանապես չունի շարժական գույք, համենայնդեպս, որևէ ավտոմեքենա ներկայացված չէ հայտարարագրում։

«Եկամուտներ» տողում նշված է, որ 23 միլիոն դրամով օտարել է 2007 թվականի արտադրության «TOYOTA LAND CRUISER 200» մակնիշի ավտոմեքենան։

«Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից նրա ստացած եկամտի չափը կազմում է 9 066 618 ՀՀ դրամ։ Նա հայտարարագրել է նաև ավագանու ծախսերի փոխհատուցման վճար, որը կազմել է 600 հազար դրամ։

Թեկնածուի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 34 միլիոն դրամ։

Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում տեղադրված նրա կենսագրական տվյալներից էլ ծանոթանում ենք, որ նա, լինելով ԵԿՄ վարչության անդամ և ԵԿՄ Շիրակի մարզի փոխնախագահ, 1989-1994 թվականներին մասնակցելով Արցախի ազատագրմանը, իր գործունեության ընթացքում բազմաթիվ մեդալներով է պարգևատրվել․ ՀՀ նախագահի ու ԼՂՀ նախագահի մեդալներով, «ՀՀ վարչապետի», «ՀՀ Ազգային ժողով» հուշամեդալներով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Վազգեն Սարգսյան» մեդալով, «Անվեհեր փրկարար» մեդալով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, անգամ 2017 թվականին «ՀՀ վարչապետի անվանական զենք» է ստացել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել