Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Նախագահը խոսեց ժողովրդի սրտից»

Մարտ 20,2015 19:30

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել՝ «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

Մեր հարցին՝ այն, որ Սերժ Սարգսյանն արդեն բաց տեքստով է նման հայտարարություն անում, սա նոր հակառուսական քաղաքականությո՞ւն է Սերժ Սարգսյանի վերջին պաշտոնավարման ժամկետում՝ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի զենք վաճառելու պայմաններում պետք է խիստ ուշադիր լինել, որովհետեւ սահմանին մեր զինվորը շատ լավ գիտի, թե իրեն ինչպիսի զենքով են կրակում: Ես կարծում եմ, այս միտքը մեր հասարակության մեջ վաղուց կար: Ի պատիվ ՀՀ նախագահի, պիտի ասել, որ սա այն հայտարարություններից է, որտեղ նախագահը խոսեց ժողորդի սրտից: Մեր բոլորի՝ եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի հասարակության մտքում եղածը ինքը բարձրաձայն հրապարակեց: Սա նույնպես բնութագրում է երկրի նախագահին: Կարծում եմ, մեր ռազմավարական գործընկերը սա ուշադիր լսեց եւ հույս ունեմ, հետեւություններ կանի: Քանի դեռ ինքը հետեւություններ չի արել, ձնագունդը կարող է մեծանալ: Ես վստահ եմ, որ հետեւություններ կանեն, որովհետեւ ճիշտ այնքան, որքան Ռուսաստանն է կարեւոր Հայաստանի համար՝ որպես ռազմավարական գործընկեր, նույնքան, գուցե եւ ավելի այս պահին Հայաստանն է կարեւոր Ռուսաստանի համար: Դրա համար գործընկերային հարաբերությունները պետք է լինեն հավասար»:

Ինչ վերաբերում է պաշտոնավարման ժամկետի ավարտին՝ Մարգարիտ Եսայանն ասաց. «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում, ինքը դեռ ունի մոտ 4 տարի ժամանակ: Եթե դա լիներ 2018-ի հունվարին արված հայտարարություն, դուք կարող էիք դա կապել պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ: Բայց եթե ինքը մոտ 4 տարի ժամանակ ունի պաշտոնավարելու, սա կապված է միայն մեկ բանի հետ՝ երկրի նախագահը առաջնորդվում է բացառապես ՀՀ եւ ԼՂՀ շահերով»:

Մեր հարցին՝ սա կարո՞ղ է հիմք դնել, որ մի օր էլ Սերժ Սարգսյանը ձեռքը խփի սեղանին ու ասի՝ Պերմյակովին պետք է այստեղ դատենք ու բոլոր այն հարցերը, որտեղ մենք զիջել ենք ռուսական կողմին, արդեն վերանայվեն՝ Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Միջպետական իրավական հարաբերությունները կարգավորվում են միջպետական համապատասխան փաստաթղթերով: Ճիշտ այդպես կարգավորվում է նաեւ այդ անձի դատավարության գործընթացը: Մինչ այս պահը տեղի չի ունեցել որեւէ գործընթաց, որը հակասում է ՀՀ շահերին եւ որը հակասում է միջպետական իրավական հարթությունում գտնվող պայմանավորվածություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Եթե ժողովրդի սրտից է խոսում, ապա թող խոսի նաև ժողովրդին հուզող հազարավոր այլ հարցերի մասին՝ կոռուպցիա, չգործող դատա-իրավական համակարգ, կեղծված ընտրություններ, կրկես հիշեցնող խորհրդարան և այլն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031