Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Հայաստանում կարող է գործել միայն եվրոպական մոդելը

Մարտ 23,2015 16:30

Իսկ այն հիմնված է ազատական գաղափարների վրա

Երբ մարդիկ երբեմն ասում են, որ Հայաստանը զարգանալու համար պետք է որդեգրի սինգապուրյան, չինական կամ իսրայելյան քաղաքական եւ տնտեսական մոդելը, ես դրան վերապահումով եմ նայում: Իհարկե, ցանկացած ազգից (ինչպես եւ անհատից) կարելի է ինչ-որ բան սովորել եւ առանձին տարրեր կիրառել քո կյանքում: Բայց եթե խոսքը մոդելի մասին է, ապա մեզ համար բացի եվրոպականից՝ ես այլ մոդել չեմ պատկերացնում:
Քրիստոնյա ժողովուրդ, որի փիլիսոփայական միտքը միջնադարում զարգանում էր Արիստոտելի ազդեցության տակ, որի առաջին հանրապետության հայրերը առաջնորդվում էին 19-րդ դարի Եվրոպայում ծնված ազգային-ազատագրական գաղափարներով, որի երկրորդ (ոչ անկախ) հանրապետությունը մաս էր կազմում մի պետության, որը թեեւ խեղաթյուրված, ապականված ձեւով, բայց փորձում էր կիրառել 19-րդ դարում Եվրոպայում ծագած մարքսիստական ուսմունքը, նման ժողովուրդը Սինգապուրից կամ, ասենք, Հարավային Կորեայից, համաձայնեք, բավականին հեռու է: Գուցե դա այնքան էլ լավ չէ, բայց, կարծում եմ, փաստ է:

Թե՛ ազգային-ազատագրական եւ թե՛ մարքսիստական գաղափարները իրենց ծագումնաբանությամբ գնում են դեպի 17-րդ դարի երկրորդ կես, երբ բուրժուազիայի ուժեղացմանը զուգահեռ Եվրոպայի ազատական միտքը, այսպես ասած, դուրս եկավ քաղաքական ասպարեզ: Որքան էլ դա շատերի համար արտառոց թվա, բայց մասնագետները դա կապում են այսօր շատերի համար այդքան ատելի դարձած ազատական գաղափարախոսության վաղ շրջանի հետ:

Հիշեցնեմ այդ գաղափարախոսության հիմնական տարրերը: 1. Կրոնական հանդուրժողականություն. տիեզերական ժողովների որոշումներն այլեւս վերջին ատյանի ճշմարտություն չեն, կրոնական պատերազմները հիմարություն են: 2. Շուկայական հարաբերություններ, սեփականության անձեռնմխելիություն, որոնք այնուհետեւ մերժեցին կոմունիստները: Բայց անկախ մասնավոր սեփականության հանդեպ վերաբերմունքից՝ թե՛ ազատականները եւ թե՛ սոցիալիստները գտնվել են միեւնույն քաղաքակրթական համակարգում: 3. Անհատի դերի բարձրացում: Դեկարտի՝ «մտածում եմ, հետեւաբար գոյություն ունեմ» թեզը նշանակում է, որ անհատի գոյությունը պայմանավորված է հենց իրենով եւ ոչ թե այլ անհատներով, անհատների միությամբ կամ վերին ուժերով: 19-րդ դարում անհատը դառնում է հերոս, այդ թվում՝ ազգի ազատագրման համար մարտնչող:
Ահա այդ տարրերի, դրանց հաստատման, ձեւափոխման, ժխտման հիման վրա է զարգացել Եվրոպայում քաղաքական միտքը: Թեեւ այսօրվա հայաստանյան կուսակցությունները գրեթե թշնամաբար են վերաբերվում «քաղաքական միտք», «գաղափար», «գաղափարախոսություն», «ազատականություն», «արժեքներ» եւ այլ նմանատիպ եզրերին ու ղեկավարվում են «Պողոս, հեռացիր, Պետրոս, մոտեցիր» պարզունակ բանաձեւերով, իրենց ասածը նույնպես «քաղաքական միտք» է՝ կենդանական աշխարհի ոչ մի ներկայացուցիչ, նույնիսկ դելֆիններն ու կապիկները, ունակ չեն այդպիսի միտք արտահայտել:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես վստահ եմ, որ Հայաստանը պետք է զարգանա վերը նկարագրված եվրոպական ազատական ավանդույթների հիման վրա: Բայց հավատարիմ մնալով այդ նույն ավանդույթներին՝ ամենեւին չեմ կարծում, որ իմ կարծիքը վերին ատյանի ճշմարտություն է: Ես գրում եմ ոչ թե իմ մտքերը մարդկանց վզին փաթաթելու, այլ ուրիշների միտքը շարժելու նպատակով:

Այո, հասարակության մեջ պետք է լինեն բանավեճեր, բայց դրանք հնարավոր են միեւնույն մտավոր ստանդարտների շրջանակներում: Եթե չկա համաձայնություն, օրինակ՝ նույն արիստոտելյան ձեւական տրամաբանության դրույթների վերաբերյալ, ապա ստացվում է մոտավորապես այն պատկերը, որը մենք ունենք հայաստանյան բանավեճերի պարագայում: Մեկն, օրինակ, ասում է, որ A-ն հավասար է A-ի եւ հավասար չէ B-ի, մյուսը դրան հակադրվում է մոտավորապես այսպես՝ «այդ ի՞նչ A է, ի՞նչ B է, եւ ընդհանրապես՝ ո՞վ ես դու, որ նման բաներ ես ասում»:

Փոքր-ինչ ձեւափոխելով Պլատոնի ասածը (նա խոսում էր փիլիսոփայելու մասին)՝ կարելի է ասել, որ բանավիճել անիմաստ է երկու տիպի բանական էակների հետ՝ աստվածների, որոնք ամեն ինչ գիտեն եւ չեն ուզում իմանալ, քանի որ արդեն իմաստուն են, եւ տգետների, որոնք ոչ մի բան չգիտեն եւ չեն ցանկանում իմանալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե Դուք օտար երկրների մոդելներից (եվրոպականից) բացի այլ մոդել չեք պատկերացնում, դա նշանակում է, որ Դուք հյուսիս-արեւելյան Հայաստանի բնակչության 999% – ի մեկ մասնիկն եք (ցավոք):
    Հայկական մոդելը իրավունք ունի՞ ի հայտ գալու:
    Ինչու՞ ես պետք է ապրեմ ուրիշի (օտարի) կանոնով:

    • Ընթերցող says:

      եվրոպան երկիր չէ, մայրացամք է: քաղաքակրթական առումով էլ ունի մոդել, որի ստեղծմանն ու զարգացմանը էլի ինչ որ չափով մասնակցել են հայերը, և ինչպես հոդվածագիրն է ցույց տալիս, արդեն երկար ժամանակ հաջողությամբ կիրառել են:

      • Ruben says:

        «որդեգրի սինգապուրյան, չինական կամ իսրայելյան քաղաքական եւ տնտեսական մոդելը», եվրոպական տունգուս…

  2. Ընթերցող says:

    լավ հոդված էր, մենակ թե վերևի նկարում Բելառուսի դրոշը որ մեղքս էր:

  3. Աբո says:

    Կենդանական աշխարհում առյուծը կըսատկի,բայց խոտ չի ուտի,որքան էլ նրան համոզեք,որ տես շատ կենդանիներ անգամ փիղը՝ միայն կանաչեղեն է ուտում ու շատ առողջ է և ուժեղ:
    ԽՍՀՄ-ի տարիներին մի մեծ գործարանի դիրեկտոր,գնում է Եվրոպա գործուղման, և այնտեղ տեսմում է,բանվորները ընդմիջման ժամանակ,բասեինից կարթով ձուկ են որսում (ներվային համակարգը հանգստացնելու նպատակով) դուրը շատ է գալիս:Վերադառնալով Հայաստան,գործարանի բասեինում բաց է թողնում ձկներ,մի քանի կարթ էլ դնում է,որ իր բանվորները օգտվեն:Երեկոյան բանվորները էլեկտրական հոսանքը գցում են բասեինի մեջ և ողջ ձկներին հավաքում տանում տուն:))

  4. Հրանտ Պապիկյան says:

    Հիմա վաղուց արդեն իսկի եվրոպան եվրոպական արժեքներով չի ապրում ախր… այդ բառակապակցությունը քանի գնում իր արժեքը կորցնում է, ինչպես Բոշ կամ Վռանգլեր բրենդը, որը վաղուց թուրքիայում է արտադրվում… միայն պիտակավորումն է մնացել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031