Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների կառավարման խորհուրդները թքած ունեն կրթության վրա

Մայիս 14,2015 13:30

Տարածքային կառավարման մարմիններն ու դպրոցների կառավարման խորհուրդները թքած ունեն կրթության վրա:

Դպրոցներում տնօրենների ընտրությունների ժամանակ տարածքային կառավարման մարմինների անօրինական ինքնագործունեության մասին շատ եմ բարձրաձայնել, բայց ձայն բարբառո հանապատի, ոչ մի փոփոխություն, լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այն կամայականությունները, որոնք կատարվում են նրանց կողմից իրենց ենթակայության դպրոցների տնօրենների ընտրությունների ժամանակ՝ տապալելով կրթության կազմակերպման գործընթացը: Վերջապես ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:

ՀՀ օրենքներով տարածքային կառավարման մարմինը պարտավոր է ապահովել մարզի (Երևանի) տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը, որն առաջին հերթին պայմանավորված է գրագետ, բարոյական բարձր նկարագիր ունեցող ու օրենքով սահմանված կարգով ընտրված տնօրենով: Այնինչ, շատ հաճախ այս պաշտոնյաները պարզապես ձախողում են այս գործընթացը, որի նպատակը մեկն է՝ գտնել իրենց շահերը սպասարկող տնօրեն ու թքած կրթության կազմակերպման որակի վրա:

Կոնկրետ դեպքե՞ր, որքան ասես, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը: Շուտով կլինի մեկ տարի, երբ դպրոցի նախկին տնօրենի 65 տարին լրանալու պատճառով խզել են նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նույն մարդուն անմիջապես նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար, ում կամայական և ոչ օրինական գործունեության հետևանքով վերջերս ստիպված են եղել կասեցնել նաև ժամանակավոր պաշտոնակատար լինելու պայմանագիրն ու դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել դպրոցի մեկ այլ ուսուցչի: Այդ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել 3 մրցույթ, սակայն այդպես էլ ընտրությունը չի կայացել, որովհետև գյուղից հավաստագիր ունեցող միակ ուսուցիչը մարզպետարանի ուզած մարդը չէ, և կրթության վարչության պետի անմիջական հանձնարարականով խորհուրդը նրան ձայն չի տվել:

Մարզպետարանն էլ իրեն հավատարիմ մարդուն տնօրենի աթոռին դնելու համար ինչ մեթոդներով ասես չի ձգձգում հայտարարված մրցույթները: Իր ուզած թեկնածուներին ուղարկում է հավաստագիր ստանալու, ովքեր այդպես էլ չեն կարողացել հանձնել քննություններն ու ձեռք չեն բերել այդ  հավաստագիրը:

Հաջորդ մրցույթի օրը նշանակված է հունիսի 3-ին: Տեսնենք այս անգամ ինչ ընթացք կունենա մրցույթը, ինչպես իրենց կդրսևորեն դպրոցի կառավարման խորհրդի անդամները կամ ավելի ճիշտ՝ ո՞ւմ շահերով կառաջնորդվեն:

Անհասկանալի է, թե ինչպես դպրոցների կառավարման խորհուրդների անդամները, որոնց մեջ նաև դպրոցի ծնողներն են, չեն առաջնորդվում սեփական երեխաների կրթության, այլ՝ տարբեր շահերով և հլու-հնազանդ կատարում են մարզպետարանից կամ քաղաքապետարանից եկող հրահանգը:

Ցավոք, հանրապետությունում համատարած իրականություն է, երբ դպրոցների կառավարման խորհուրդների անդամները դեռևս չեն գիտակցում, թե իրենց անսկզբունքայնությամբ ի՛նչ վնաս են հասցնում հենց իրենց երեխաների կրթությանը: Ինչպես, օրինակ, 2014 թվականի օգոստոսի 1-ին Երևանի թ. 27 դպրոցի տնօրենի մրցույթում կառավարման խորհրդի 6 անդամներից 4-ը փակ գաղտնի քվեարկությամբ իրենց ձայնը տվեցին նախկին տնօրենին, ով իրենց երեխաների կրթությանը հատկացված գումարները դրել էր սեփական գրպանը, դատապարտվել էր և դատվածությունը չմարած՝ համարձակորեն, առանց դույզն-ինչ անհարմարության զգացումի, կրկին մասնակցել էր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

Այսինքն՝ խորհրդի անդամ թե՛ ուսուցչի, թե՛ ծնողի կողմից այդ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ առնվազն հակակրանք չկար, որը կարտահայտվեր նրան «դեմ» քվեարկությամբ: Ու չմտածեցին անգամ, թե դատապարտված տնօրենն ի՞նչ հեղինակություն կարող է լինել ի՛ր երեխայի համար, որքանո՞վ է բարոյական երևույթը և ինչպիսի՞ օրինակ նա կծառայի ի՛ր երեխային, մի՞թե այս աստիճան անբարոյական հասարակություն ենք մենք այսօր: Իսկ եթե այդ նույն երեխան հարց տա իր ծնողին, թե՝ մեր տնօրենը դատապարտվել է, իսկ ինչի՞ համար, ո՞նց ես դու նրան ձայն տվել, ի՞նչ է պատասխանելու այդ ծնողը: Կարծում եմ՝ պատասխան չի գտնելու, բայց նույն ծնողներն ի՛նչ ոգևորությամբ են աջ ու ձախ քննադատում դպրոցը՝ կաշառակերության, պատշաճ կրթություն չկազմակերպելու համար, մոռանալով, թե որքան պատասխանատու են իրենք տվյալ դպրոցում կրթությունը տապալող տնօրենի ընտրության համար, որ իրենց է օրենքով իրավունք տրված ընտրել որակյալ կրթություն կազմակերպողին՝ տնօրենին:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Հ.Գ. Հոդվածս կարևոր ասելիք ունի, որը հայտնի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ դեռևս մենք բոլոր մակարդակներում մեր ընտրության իրավունքը չենք գնահատում և քանի դեռ այսպիսին է մեր իրականությունը, որևէ փոփոխություն չսպասեք, լա՞վ:

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031