Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյատեւման հնարավորություններ

Մայիս 16,2015 12:00

«Երևակայական հանրույթներ»

Բենեդիկտ Անդերսոնի՝ ազգերի մասին գրքի վերնագիրը

«Ազգերի ստեղծումը Աստծո սխալն է»:

Անանուն աֆորիզմ

Ընդհանրապես, հայտնի բան է, որ ամեն ինչ, որ ունի սկիզբ, ունի և վերջ: Եթե այդպես է, ապա ազգերը, պետությունները, մարդկությունը, երկիրը և ողջ տիեզերքը, ի վերջո, պիտի վերջանան՝ վերանան:

Մինչ այդ բավական ժամանակ է անցնելու: Տիեզերքի կործանման համար՝ թերևս միլիարդավոր տարիներ: Իսկ մեր մոլորակի, մարդկության ու ազգերի համա՞ր: Տրամաբանորեն, առաջինը պիտի վերանան՝ համահարթվեն ազգերը: Եթե, իհարկե, մարդկությունն այնքան հավաքական խելք ունենա, որ մինչ այդ իրեն չոչնչացնի պատերազմներով կամ էկոլոգիական աղետներով:

Պետությունները զարմանալիորեն նման են անհատ հայերի: Առանձին-առանձին նրանք, թվում է, բավական խելոք են, մտածող, իրենց շահը տեսնող և երբեմն խիզախորեն առաջ տանող, ինչպես հայը, երբ միայնակ է: Բայց երբ պետք է միավորվել մի համընդհանուր շահի, գաղափարի շուրջ, ընդհանուրին սպառնացող աղետի դեմ, Րաֆֆու ասած հայերի պես «կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, իրար միս ուտել»:

Լավ, ենթադրենք, որ մարդկությունը, ինչպես և հայերը, կգտնեն ելքեր, և մենք դեռ երկար կգոյատևենք: Ժողովուրդները, ազգերը, պետությունները, նրանց լեզուները, մշակույթները արժեքներ են, մարդկության մեծագույն արժեքները: Թեև, մյուս կողմից, արդյո՞ք մարդկության բաժանումը իրար դեմ գործող պետությունների, կրոնական խմբերի, իրար ատող ազգերի, մեծ արժեք է:

Ապագայի կանխատեսումների մեջ ազգերի հարատևությանը սովորաբար շատ հույս չի թողնվում: Ընդհանրապես, ազգապահպանությունը մտահոգում է աշխարհի թույլ ու փոքրաքանակ ժողովուրդներին, որոնց վերացումը «քթի տակ» է: Կան փոքրաքանակ ժողովուրդներ, փոքր լեզուներ, որոնք օրեցօր վերանում են, կամ անհետացման վտանգի տակ են: Իսկ հզոր ժողովուրդների դեպքո՞ւմ: Օրինակ, չինացիների համար դա ի՞նչ խնդիր է: Համարյա զրոյական: Կամ, պատկերացրեք, որ ամերիկացիները շահագրգռված աշխատեն իրենց սփյուռքի պահպանության ուղղությամբ և նրանց համար դասագրքեր գրեն:

Լավ, ելնենք այն դրույթից, որ մենք ուզում ենք երկար, ինչքան միայն հնարավոր է, պահպանվել: Իսկ մենք մտահո՞գ ենք մեր ապագայով: Թվում է, թե այո: Օ՛, այո: Պետություն, իշխանություն, բանակ… Էլ ի՞նչ է արվում դրա համար: Զարգացնո՞ւմ ենք արդյունաբերությունը, մշակույթը, գիտությունը: Համեստորեն ասենք՝ ոչ այնքան: Արդյունաբերություն չկա, արտահանում ենք միայն հումք և գյուղատնտեսական արտադրանք: Արվեստում՝ սերիալներ, ռաբիս և «սիրված երգիչներ»… Հումանիտար գիտության եռանդը գնում է մեր անցյալը ճոխացնելու և պանծացնելու վրա: Դպրոցում դասավանդում ենք հայ եկեղեցու պատմություն, իրականում կրոն՝ երևի, որպես ազգապահպանության միջոց: Մինչդեռ կրոնն ազգապահպանության միջոց կարող է լինել սփյուռքում, իսկ այստեղ դրանով մարդկանց մեջ ներդնում ենք ընդամենը հակագիտական աշխարհայացք և այլադավան հայերի նկատմամբ վատ վերաբերմունք:

Բայց դա՞ է կարևոր, թե՞ դեմոգրաֆիան: Դրա՞նք են կարևոր, թե՞ ընտրովի աբորտները: Ահավասիկ՝ մի քանի խորհելու փաստ: Հայաստանում ծնելիության ցուցիչը (վերարտադրողական հասակի կնոջ երեխաների միջին թիվը) 1.4 է, որն աշխարհում վատթարագույններից մեկն է (այր և կինը երկու հոգի են, այսինքն՝ մեր հաջորդ սերունդը նախորդի 70% է կազմելու): 2013-ին ծնվել է 41770 երեխա, նախորդ տարվանից 1.7 %-ով քիչ: Ընդ որում, ընտրովի աբորտների հետևանքով մեզանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ (այլ տվյալներով՝ 2000): Որոշ շրջաններոմ ծնվող աղջիկների և տղաների հարաբերությունը հասել է 100:124, որը երևի աշխարհի ամենավատ ցուցանիշն է: Մինչդեռ երկրի մահացման կանխատեսումը որոշվում է, այսպես կոչված, «բնակչության վերարտադրման մաքուր գործակցի» միջոցով: Դա հաշվարկելիս հաշվի է առնվում երկրում միջին վիճակագրական կնոջ կողմից ծնած աղջիկների միջին թիվը և նրանց վերապրումը մինչև վերարտադրողական շրջանի ավարտը (ըստ երկրի ծնելիության և մահացության մակարդակների): Սրանց գումարվում է հսկայական արտագաղթը: Այստեղ են ասել՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամական հարաբերությունը ծանր է նստում մեր երկրի վրա: Երկու երկիր, երկուսն էլ տնտեսապես Հայաստանից հզոր: Բայց կա աշխարհում չորս այլ թյուրքական պետություն Միջին Ասիայում (և մի քանի ինքնավար պետական կազմավորում Ռուսաստանի և Չինաստանի կազմում): Բոլորը մահմեդական են, Հայաստանից մեծ մարդկային և տնտեսական ռեսուրսներով և իրար, հնարավորության սահմաններում, պաշտպանում են ու կպաշտպանեն: Կա նաև մուսուլմանական աշխարհ, որի երկրները, նույնպես հնարավորության սահմաններում, իրար օգնում են:

Մեր դեպքը բարդ է: Մեր պատմությունը դաժան է եղել՝ գոյատևելու գիտափորձ: Եվ մեր առջև, հենց հիմա, ավելի սուր, քան մյուսների առջև, դրված է որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես առանձին լեզու և մշակույթ ունեցող հանրույթ վերանալու վտանգը: Դա մտահոգի՞չ է: Այո: Մինչդեռ դա շատ-շատերին բոլորովին չի մտահոգում: Հայաստանից հեռացողների նշանակալի մասը չի ուզում վերադառնալ, կամ չի վերադառնալու: Ախպեր, էսի երկիր չի դառնա…

Ե՛վ փոքր ու թույլ, աղքատ երկիր, և՛ թշնամական վիճակ ավելի հզոր հարևանների հետ, և՛ վատ դեմոգրաֆիա, և՛, այսպես ասենք, ոչ լավագույն կառավարում:

Հնարավոր լուծումներ կա՞ն: Ահա իդեալիստական տարբերակներ: Կգա մի նոր իշխանություն, լեգիտիմ ու տաղանդավոր, պետությունն արագորեն կհզորանա, դեմոգրաֆիան թռիչքներ կգործի, հաշտություն և բարեկամություն կհաստատվի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Բայց, ավա՛ղ: Դա կարող է լինել միայն երազում: Կրոնական տարբերակ՝ խորացնենք մեր հավատը և Աստված մեզ կօգնի գոյատևել ու կփրկի: Դժվար խնդիր է. ինչպես տեսանք, 1915-ին շատ չօգնեց: Իսլա՞մ ընդունենք: Դեմոգրաֆիայի տեսակետից կարծես վատ միտք չէ, բայց դա դեմ է մեր ողջ պատմությանը և դրան դեմ կլինի եկեղեցին: Եվ արդյո՞ք դա արագ կհաշտեցնի մեզ մեր հարևանների հետ:

Իրատեսական լուծումները լինում են իրական հնարավորությունների շրջանակներում: Իսկ մեր լուծումները, ցավոք, սովորաբար լինում են վատի և շատ վատի միջակայքում, և հաճախ ընտրվում կամ հնարավոր է լինում ամենավատը:

Ահա մի տարբերակ, որը, հաշվի առնելով մեր իրականությունը, առավել իրատեսական է թվում: Որպեսզի Հայաստանը պահպանվի, պիտի մեր տարածաշրջանում դեմոկրատիա չլինի և հաշտեցում չլինի: Իսկ եթե եղավ, պիտի մտնենք մի այնպիսի բլոկի մեջ, որը կպաշտպանի մեր երկիրն ավելի բազմաքանակ և հարուստ հարևանների կողմից խաղաղ եղանակով «յուրացվելուց»: Այդ «բլոկը» պարզ է՝ Ռուսաստանն է, եթե, իհարկե, ուզենա մեզ վերցնել իր հովանու տակ (չնայած մահմեդականների աճին, Ռուսաստանում քրիստոնեական արմատներով բնակչությունը դեռ երկար ժամանակ մեծամասնություն կլինի): Կամ՝ ուղղակի մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, ուր մենք մեր փոքրիկ ու աղքատ տարածքով բոլորովին գրավիչ չենք լինի ռուսաստանցիների համար ու կշարունակենք մնալ մեծամասնություն մեր երկրում:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031