Օրերս Աթենքի «Պառնասո» հնագույն համերգասրահում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, տեղի «Orchestra Mobile» նվագախմբի հետ կայացած համերգը կազմված էր բացառապես հայ կոմպոզիտորների երկերից:
Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը հրավիրված ճանաչված հույն երգչուհի Սոնիա Թեոդորիդոն հնչեցրել է Այվազյանի, Բաբաջանյանի, Սաթյանի ստեղծագործությունները, իսկ հունաբնակ դուդուկահար Վահան Գալստյանն էլ հանդես եկել Արամ Սաթյանի՝ դուդուկի եւ նվագախմբի համար գրված «1915» երկի մեկնաբանմամբ:
«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Ասատրյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում մեկնարկել են դեռեւս տարեսկզբից՝ Նոր Զմյուռնիայում 1979թ. տեղադրված հայ եւ հույն զոհերի հուշարձանի հրապարակում կայացած ոգեկոչման արարողությամբ:

Ռուբեն Ասատրյանը տպավորված է հանդիսատեսից, որոնց թվում, մեր զուցակցի հավաստիացմամբ, եղել են ոչ միայն հայ համայնքի եւ հույն ունկնդիրներ, այլեւ օտարազգիներ, ինչպես նաեւ Նոր Զմյուռնիայի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը՝ իր աշխատակազմով:
Կարդացեք նաև
«Նոր Զմյուռնիայի փոխքաղաքապետ Վանկիլիս Խաչատուրյանի հեղինակությամբ հրատարակված «Ցեղասպանության հուշարձաններ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Արցախի քարակերտ կոթողները, տպագրվել է հունարեն եւ անգլերեն լեզուներով»,- ասաց պարոն Ասատրյանը: Հետաքրքրությանը, թե փոխքաղաքապետը մտադրություն չունի՞ հայ ընթերցողին նույնպես ներկայացնել այն, Ռուբեն Ասատրյանը պատասխանեց. «Պարոն Խաչատուրյանը ցանկություն ունի հանդիպում ունենալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ եւ մեզ մոտ նույնպես անցկացնել գրքի շնորհանդեսը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015




















































