Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ըմբշամարտի հավաքականը Բաքու մեկնում է ներկայացուցչական պատվիրակությունով

Հունիս 03,2015 16:22

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը վերահաստատեց Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող մեր ըմբիշների անունները եւ մարզաձեւի ֆեդերացիայի ղեկավար կազմի այն անդամների անունները, որոնք հարեւան հանրապետությունում լինելու են մեր մարզիկների հետ կողք-կողքի:

«Այսօրվանից ըմբիշները ուսումնամարզական հավաք են սկսել: Բաքու մեկնելու են Եվրոպայի անցած տարվա մրցանակակիր, 57 կգ  քաշային Գարիկ Բարսեղյանը, այս տարվա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը, 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի լավագույն մարզիկ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, նախորդ եւ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ, Եվրոպայի բազմակի մրցանակակիր, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ Հայաստանի հավաքականի նորեկ, 125 կգ քաշային Լեւան Բերիանաձեն, որը Վրաստանի հավաքականի կազմում եղել է երիտասարդների եւ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի մրցանակակիր», – ասաց Արայիկ Բաղդադյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Եվրոպական խաղերում ներկայացուցիչներ չենք ունենա 71 եւ 97 կգ  քաշային կարգերում, քանի որ առաջինում թեեւ ունենք խոստումնալից հեռանկարային ըմբիշ, սակայն նա դեռ երիտասարդ է եւ առայժմ շուտ է ենթարկել փորձության: Իսկ 97 կգ քաշային կարգում փորձառու Էդգար Ենոքյանը վնասվածքից հետո դեռ լիովին չի ապաքինվել, դրա համար էլ նպատակահարմար է համարվել, որպեսզի նա շարունակի վերականգնողական փուլը եւ նախապատրաստվի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը եւ պայքարի օլիմպիական վարկանիշի համար:

Գլխավոր մարզիչը հետաքրքրասեր լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ Եվրոպական խաղերում մեր ըմբիշների կողքին լինելու նպատակով ըմբշամարտի ֆեդերացիան պատկառելի պատվիրակություն է գործուղում Բաքու: «Մեզ հետ լինելու են նաեւ հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, Դավիթ Սաֆարյանի անձնական մարզիչ Աբդուլա Մագոմեդովը, Արթուր Պետրոսյանը, թիմի բժիշկ Արա Կարապետյանը, ինչպես նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը եւ գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը», – տեղեկացրեց մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930