Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդության պատմություն

Հունիս 06,2015 16:30

Հանցագործությունների բուն էությունը, այսինքն` հիմնական իմաստը, այդպես էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից:

Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ Եվրոպա` իրենց հետեւից թողնելով արյան եւ այրված քաղաքների խանձահոտ, թուրքերը դեռ չկային: Նրանք հետո եկան:

Չհայտնվեցին մոնղոլների նման, այլ դանդաղ, իրենց կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու ոչխարների հոտերն արածացնելով՝ աննկատ եկան-հասան հին աշխարհի սրբազան մեր կողմերը` թողած Ալթայն ու Սիբիրը, ուր իրենց մրոտ չումերից սոված աչքերով նայում էին ունեւոր աշխարհին: Նրանք հայտնվեցին մոնղոլների հետքերով` ճանապարհին ուտելով ու արածելով մոնղոլների թողած թերմացքը:

Այդպես հայտնվեցին նրանք:

Հետո, սակայն, իրենց երկար ճանապարհին սովորելով ուրիշներից` միավորվեցին, բանակներ ստեղծեցին եւ դարձան ուժ, որին արդեն սոսկ արածելը քիչ էր` իշխանություն էր պետք:

Եվ տարօրինակն այն է, որ առաջին ճակատամարտում նույն ցեղի երկու մեծ ճյուղերը` սելջուկներն ու օղուզները, իրար դեմ ելան: Ու օղուզների Օսման սուլթանը ջախջախեց իրենց իսկ ցեղի սելջուկներին, քանզի իշխանությունն ավելի թանկ էր, քան ցեղային պատկանելությունը:

Այդ ժողովուրդը այդպես էր մտածում…

Եվ հիմա է, որ ուրիշների հայրենիքներում այդ երկու ցեղերը պետության տեր դարձած` իրենց հռչակում են եղբայրներ, մեկը` մեծ, մյուսը` փոքր: Եվ հույսը մեծ եղբոր ուսին` փոքր եղբայր ազերին հայտարարում է, թե Երեւանից Ստեփանակերտ թռչող ինքնաթիռը իրենք օդում կխփեն: Ինչ տխուր է ուրիշների հայրենիքները սեփականացրած այս ցեղի ոչ մի կերպ չբուժվող հին հիվանդությունը, երբ աշխարհը վաղուց սկսել է ազատագրվել այդ ախտից…

Ու ես հիմա ուզում եմ ըստ արժանվույն գնահատեմ մեր երկրի նախագահի՝ ժամանակին հնչեցրած խոսքը, թե` այդ առաջին թռիչքի ուղեւորը ես եմ լինելու: Եվ իր այդ խոսքը հնչեցնելով` մեր նախագահը, թերեւս, գուցե ենթադրում էր, որ իր հետ միասին նույն չվերթով տասնհինգ միլիոն հայ է վայրէջք կատարելու Ստեփանակերտում, քանզի մենք ազգովի մեր հայրենիքն ենք վերադառնում… ինչը աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին, եւ ապրիլի 25-ից շարունակվում է…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930