Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառում Վիեննայում

Հունիս 15,2015 16:42

Հունիսի 14-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ համերգ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Գրաց քաղաքի հայ համայնքը: Վերջինս տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին:

Համերգին ներկա էին ավստրիական երաժշտական և հասարակական կառույցների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի մեկնարկն ազդարարվեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի բացման խոսքով, որում դեսպանը ողջունեց երգչախմբի մասնակիցներին ու երեխաներին ուղեկցող ուսուցիչներին և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կխթանի հայ մշակույթի ճանաչողությանն արտերկրում: Այնուհետև ելույթներով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և երգչախմբի համերգների համադրող-կազմակերպիչ, երաժիշտ Գայանե Միրզոյանը:

Տեղի ունեցած համերգի ընթացքում երեխաների երգչախումբն ու դպրոցի մենակատար-սաները կատարեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Շաքարյանի և Շուբերտի ստեղծագործությունները:

Երգչախումբը համերգներով հանդես է գալու նաև Ավստրիայի Գրաց քաղաքում, որից հետո մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Էրվիտե քաղաքում կայանալիք երգչախմբերի միջազգային մրցույթին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930