Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում» (Տեսանյութ)

Հունիս 23,2015 12:05

Ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում լուսադեմին տեղի ունեցած դեպքերին:

Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարները, որոնք գիշերն անցկացրել էին Բաղրամյան պողոտայում, առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է: Ընդհարումներում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, կան տեսանյութեր ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության մասին, 237 անձ բերման է ենթարկվել: Տուժել են նաեւ լրագրողներ:

Արմեն Աշոտյանն ասաց, որ հպարտություն է զգում Հայաստանի երիտասարդության համար, որ պայքարում է իր քաղաքացիական պարտքի զգացումով և հպարտություն է զգում արհեստավարժ ոստիկանների համար, որը բավականին «արհեստավարժ, եվրոպական չափանիշներով գործողություններ է իրականացրել»: «Որպեսզի այս երկուսը մեր երկրում չբախվեն, պետք է բոլոր կողմերը առաջնորդվեն բացառապես օրենքով: Ուստի ես ուրախ եմ, որ ունենք նման երիտասարդություն մեր երկրում և ուրախ եմ, որ ունենք արհեստավարժ ոստիկանություն»,- ասաց նա:

Նրա խոսքով` ցուցարարները երկու ռազմավարական սխալ են թույլ տվել: Նախ, երբ մերժեցին ՀՀ նախագահի հանդիպման առաջարկությունը: Հայաստանի քսանհինգամյա պատմության մեջ, շեշտեց նա, որևէ նախագահ, որևէ ցույցի մասնակիցներին իր մոտ` Բաղրամյան նստավայր չի հրավիրել. «Սա քաղաքական մշակույթի տեսակետից աննախադեպ էր և կարող էր նաև լավ զարգացում ստանալ, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու և այդ երկխոսությունը երկրի նախագահի ու երիտասարդության միջև կայանար»:

Մյուս սխալն, ըստ Աշոտյանի, մարտավարական էր` չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ. «Այնուհանդերձ պետք է ասեմ, որ առավոտյան հետևելով լրահոսին ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»,- հավելեց նա:

Aravot.am- ի դիտարկմանը`այս բռնությունները քայլ առաջ էի՞ն, քան որ արյուն չկա, Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Բռնություն հասկացությունը ոչ թե զգացմունքային լրագրողական ձեւաչափի մեջ պետք է օգտագործել, այլ այս դեպքում հստակ հղում տալ այն իրավական նորմերին, որոնցով առաջնորդում է ՀՀ ոստիկանությունը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արմեն Աշոտյանը նաեւ մեղադրեց «Ազատություն» ռադիոկայանին`երեկվա իրադարձություններն անկողմնակալ չլուսաբանելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930