Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական տոնը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին

Հուլիս 24,2015 12:47

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն անցյալ տարի մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի: ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ 40 000 այցելություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարի ԴիջիԹեքն առանձնահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելառուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Բացի այդ, սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցելություն: ԴիջիԹեք էքսպոյի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև իրանական ընկերությունների կողմից, որոնք Հայաստանը դիտարկում են նաև որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»:

ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ:

Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

 

 

Շուշանիկ Ներսեսյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության

Հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031