Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի կախվածությունը Հայաստանից կթուլանա պատժամիջոցների վերացմամբ

Հուլիս 30,2015 16:00

2015 թվականին Հայաստանի 1.5 տնտեսության աճի միջազգային կանխատեսումներին տնտեսագետ Արտակ Մանուկյանը թերահավատորեն է մոտենում, քանի որ աճի որեւէ կարեւոր նախադրյալ չի տեսնում:

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը այս տարի մեր երկրում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5% աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5% անկում:
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն էլ 0% էր կանխատեսել:
Հայաստանի տնտեսության աճն ապահովող կարեւոր ճյուղերում որեւէ դրական տեղաշարժ չկա, որպեսզի մեր տնտեսությունն աճի:

Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ նման հեղինակավոր կառույց եթե աճ է կանխատեսում, ապա պիտի նշի, թե ասենք՝ պղնձի միջազգային ո՞ր գների դեպքում է այդ կանխատեսումն անում, իսկ պղնձի միջազգային գները էական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա՝ այնպես, ինչպես նավթի գները՝ Ռուսաստանի վրա: «Եթե դիտարկենք պղնձի ասենք՝ 5300 դոլար գինը, ու օր օրի այն անկում է ապրում, ապա Fitchi-ի կանխատեսած 1,5%-ը լավատեսական է: Չեմ կարծում, թե այդ գներով 1,5% աճ լինի: Կարծում եմ՝ կվերանայեն իրենց գնահատականը»,- նկատում է տնտեսագետը: Նա հակված է պնդելու, որ մեր երկրում այս տարի կլինի 0-1% աճ. «Որովհետեւ ի հակակշիռ Fitchi-ի՝ պետք է նշել, որ Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանը արտադրանք չի տվել՝ չնայած ակնկալվում է, որ օգոստոս-սեպտեմբերին խտանյութ կտա, իսկ մոլիբդենի խտանյութն ավելի թանկ է, քան պղինձը: Եթե այդպես լինի, ապա որոշակիորեն տնտեսության մեջքը կուղղվի, մի քիչ ակտիվություն կլինի»:
Մանուկյանն ասում է, որ զբոսաշրջության ոլորտից, որը սովորաբար այս սեզոնին ինչ-որ դրական ծավալ է ունենում, հիմա ակնկալիք չկա, իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում որոշակի դրական միտումներ կան, գյուղմթերքների արտադրությունն աճել է, արտահանումն էլ: Տնտեսագետն ասում է, որ 0-1 եւ ավելի տոկոս աճը մեր երկրի համար կարելի է համարել հետընթաց, որովհետեւ որպես զարգացող երկիր՝ 0-1% աճով համաշխարհային շուկայում մրցակից երկրներից բավականաչափ հետ ենք ընկնում:
Արտակ Մանուկյանի ներկայացմամբ՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացում կլինի, նույնիսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» աուդիտից հետո թանկացում կլինի, եւ պարզ չէ՝ կառավարությունը միայն բնակչությա՞նն է այդ ավելացված 7 դրամը փոխհատուցելու, թե՞ նաեւ բիզնեսին. «Ամեն դեպքում հոսանքի թանկանալուց հետո ռիսկերը մեծանալու են, ու ավելի վատթարանալու է տնտեսության վիճակը: Ռազմավարական որեւէ ուղղություն չենք տեսնում, որ դրական ազդեցություն թողնի տնտեսության աճի վրա»:

Շատ է խոսվում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կազդի նաեւ Հայաստանի վրա, սակայն Մանուկյանը գտնում է, որ պատժամիջոցների վերացմամբ Հայաստանի դիրքերը թուլանալու են: «Եթե պատժամիջոցների կիրառման ժամանակ մենք Իրանի համար լավ հարեւան էինք, ու որոշակի փոխշահավետ կախվածություն կար մեզանից, ապա պատժամիջոցների վերացումից հետո մեզանից Իրանի կախվածությունը նվազելու է: Եվ եթե մինչ այս մենք Իրանի հետ մեր հարաբերությունները չենք զարգացրել, կայուն, համատեղ արտադրություն չենք հիմնել, ապա ապագայում դրա հավանականությունը կկրճատվի: 2014 թվականին, պաշտոնական տվյալներով, իրանական ներդրումը Հայաստանում եղել է ընդամենը 45 միլիոն դրամի, այսինքն՝ պատժամիջոցների կիրառման ժամանակ մենք, որպես Իրանի համար շահավետ հարեւան, չենք փորձել տնտեսական հարաբերություններ զարգացնել»,- ասում է Մանուկյանը:
Մեր այն դիտարկմանը, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չզարգացնելն ավելի շատ քաղաքական որոշում է, ի վերջո՝ մենք ԵՏՄ անդամ ենք, Ռուսաստանին ենք նախապատվություն տալիս նաեւ տնտեսական հարցերում, Մանուկյանը նկատում է. «Տնտեսական եւ քաղաքական ոլորտներում պետք է ռազմավարությունն իրականացվի ի հակակշիռ Ռուսաստանի, բայց մենք միշտ՝ որպես երկիր, կախվածությունը Ռուսաստանից գերադասել ենք՝ ստորադասելով տնտեսական սեփական շահերը: Հիմա հնարավորություն կա, որ Հայաստանը որպես տրամպլին լինի եվրոպական երկրների համար՝ ներթափանցելու պարսկական շուկա, բայց սա էլ պետք է լինի որոշակիորեն ի հակադրություն Ռուսաստանի նկրտումների: Որքան դիվերսիֆիկացված լինի տնտեսությունը, այնքան որեւէ երկրի ազդեցությունը մեր տնտեսության եւ քաղաքականության վրա եւ կախվածությունը որեւէ երկրից թույլ կլինի: Առայժմ այդ ուղղությամբ քայլեր չենք տեսնում»:

Օրերս կառավարությունը որոշեց տեսչական ստուգումները բիզնեսում կասեցնել 6 ամսով: Սա արդյոք բավարա՞ր քայլ է տնտեսության ակտիվացման համար՝ մեր այս հարցին ի պատասխան՝ Մանուկյանն ասում է. «Իհարկե, դրական քայլ է, բայց կառավարությունն էլ չի թաքցնում, որ ստվերը խոշոր հարկատուների մոտ է շատ, այդ տեսչական ստուգումների կասեցմամբ ուղղակի կօգնեն, որ փոքր ու միջին գործարարները չարտագաղթեն, իրենց կենսունակությունը պահեն, բայց լուրջ տնտեսական հետք չի թողնի, չենք կարող ակնկալել լուրջ էֆեկտ: Շատ կարեւոր է, որ այդ կասեցումը զուգորդվի հարկային վարչարարության լավացմամբ, հարկային բեռի թեթեւացմամբ: Տնտեսվարողները մշտապես ասում են, եւ նաեւ միջազգային կառույցներն են նշում, որ հարկային, մաքսային ընթացակարգերն ու գները խնդիր են»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031