Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի’, Հայաստան»-ը իշխանափոխության պահանջի հարցում դեռ չի կողմնորոշվել

Օգոստոս 07,2015 14:51

«Ոտքի’, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի հավաք՝ ներկայացնելու իր գործունեության մեկ ամսվա հաշվետվությունը:

«Նոյյան տապան» մամուլի սրահում «Ոտքի’, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց համար օրակարգային են երեք կետեր. ՀԾԿՀ հանձնաժողովի անդամների հրաժարական, ՀԷՑ-ի ազգայնացում և հանրայնացում, էներգետիկ ճգնաժամ առաջացրած վիճակի համար պատասխանատուների՝ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկում:

Պարոն Ղուկասյանը հայտնեց, որ մոտ ժամանակներս իրենց պահանջներն ընդլայնելու են: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իշխանափոխության պահանջ դնելու՞ են, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մեր շարժման նպատակն է ՀՀ-ում վերականգնել սահմանադրական կարգը: Այդ նպատականերին հասնելու ճանապարհներից մեկն էլ իշխանափոխությունն է: Բայց նման պահանջները, ինչպիսին է իշխանափոխությունը, փոքր խմբերի առաջադրման հարց չէ, այլ լայն միավորման արդյունք պիտի լինի: Դա հարթակ է տարբեր ուժերի միավորման համար»:

Մեր մյուս հարցին՝ միանալու՞ են ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացվող շարժումներին, օրինակ՝ ՀԱԿ-ի նախաձեռնած «ոչ»-ի շարժմանը, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Մենք աջակցելու ենք բոլոր քաղաքական հոսանքներին, որոնք ակտիվորեն դուրս են գալու սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Մենք կարևոր ենք համարում ձևավորել բարեփոխումների տեսլական, որը պետք է ողջ հանրությանը բացահայտի, որ այսօրվա վերնախավը ի վիճակի չէ իրականացնել այդ բարեփոխումները: Պետությունը, իշխանությունը պետք է մաքրվի հանցագործներից»:

Դիտարկմանը՝ արդյոք նահանջ չէ՞ր համաձայնել անցկացնել հավաք Հանրապետության հրապարակի ոչ կենտրոնում, պարոն Ղուկասյանն ասաց, որ դա վերաբերում է միայն օգոստոսի 11-ին:

Անդրադառնալով Ռոբերտ Նազարյանի՝ իրենց նամակի պատասխանին, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանն ասաց. «Նազարյանը պատասխանել է, որ մենք վիրավորել ենք նրան: Մենք ընդամենը իրենց հրաժարականի պահանջի մասին մեր հայտարարությունն ենք փոխանցել ու պատասխան չէինք ակնկալում: Ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ եթե մի մարդ կամ մարդկանց խումբ անում է քայլ, որը բերում է ժողովրդի մեծամասնության ըմբոստացմանը և փաստացի ՀՀ-ում ստեղծում քաղաքացիական ըմբոստություն, ապա դու` որպես հայ տղամարդ, պարտավոր ես գալ այդտեղ և ներկա գտնվել, թե որպես մասնագետ, և թե ի պաշտոնե:  Եթե դու չես գալիս, ուրեմն ունենք այդ բարոյական իրավունքը և′ պահանջել հրաժարական, և′ կոշտ հայտարարություն հնչեցնել: Եթե պարոն Նազարյանը գար Բաղրամյան, իրեն ավելի բուռն կողջունեին, քան Աշոտյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31