Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Ես կարողանում եմ ինձ տիրապետել»

Օգոստոս 20,2015 14:15

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 20-ին դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ շարունակվում էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Armenia Today» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատավոր Վազգեն Ռշտունին հետաքրքրվեց, թե արդյոք Արգիշտի Կիվիրյանը ցավ զգացել է, վերջինս պատասխանեց՝ իհարկե՛, զգացել եմ. «Եղել են հարվածներ եւ հայհոյանքներ իմ նկատմամբ»:

Նկատառմանը, թե Վահան Վրթանեսյանը Կիվիրյանին ամուր բռնել է, որ ինքն իրեն չվնասի, Կիվիրյանը պատասխանեց. «Ավելի շատ եղել է խեղդելու նման գործողությունը: Այսինքն՝ ինքը սեղմում էր իմ վիզը եւ անգամ խեղդելու նման գործողություններ էր կատարում»:

Դատավորը հետաքրքրվեց, թե Արգիշտի Կիվիրյանը օրինաչափ չի համարո՞ւմ, որ եթե ցավ է զգում, կարող է նաեւ կծել եւ հարվածել, վերջինս պատասխանեց՝ ո՛չ, ես դա օրինաչափ չեմ համարում, որովհետեւ կարողանում է իրեն տիրապետել: Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը հավելեց. «Այդ հարցը ես ու Լուսինե Սահակյանը առաջին օրը տվել ենք նրան հիվանդանոցում, որովհետեւ ակնհայտ էր մեզ համար, որ եթե ինքն այդ վիճակում կծեր ոստիկանի 316 հոդվածով չէր ենթարկվի պատասխանատվության: Եվ մենք իրավաբանական խորհրդատվություն տալու ժամանակ այդ մասին իրեն ասել ենք եւ նաեւ ավելացրել ենք, որ մեր պաշտպանական մարտավարությունը կառուցելու համար մեզ ավելի հեշտ կլինի, որ դա այդպես լինի, սակայն Կիվիրյանն այդ ժամանակ էլ ասել է՝ ես սուտ բան չեմ ասելու երբեք»:

Արգիշտի Կիվիրյանը հավելեց. «Այնտեղ գնում էր դասական սադրանք: Այդ գործընթացը նկարահանվում էր ոստիկանության կողմից, իրենք վստահ էին, որ կխփեն ինձ, կսկսեն հայհոյել, եւ ես կպատասխանեմ: Դրանից հետո առաջին մասը կվերանա, երկրորդ մասը կներկայացվի սիրուն, պուպուշ ձեւով նախաքննական մարմին, հետո՝ դատարան: Ես, երկար տարիներ ինքս աշխատելով փաստաբան, հոյակապ հասկանում էի ՝ ինչու է դա նկարահանվում: Եվ այդ պարագայում հասկանալի է, որ ինձ լավ տիրապետում եմ»:

Դատաքննությունն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն թվականի հունիսի 8-ին Արգիշտի Կիվիրյանին մեղավոր է ճանաչվել ոստիկանության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական գործով: Կիվիրյանը դատապարտվել է 400 հազար դրամ տուգանքի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31