Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի ևս կտրամադրվեն Գյումրիի բուհերին      

Օգոստոս 26,2015 16:16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով: Այս ծրագրի նպատակը ոչ այնքան վերոնշյալ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունն է, որքան հայապահպանության խնդիրը:

Հետևաբար, ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է առաջնահերթությունը տրվի այն համայնքների դիմորդներին, որտեղ առկա է հայապահպանության լրջագույն խնդիր: Խոսքը նախ և առաջ մանկավարժական կադրերի պատրաստմանն է վերաբերում, բայց առկա են նաև համայնքի զարգացմանը նպաստող այլ մասնագիտական գործունեության խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դժվար է բարձր գնահատել այս ծրագրի արդյունավետությունը: Չնայած որ ամեն տարի մեծ է սփյուռքահայ դիմորդների թիվը, սակայն հետադարձ կապը համայնքների հետ փաստում է, որ, ցավոք, այդ երիտասարդների զգալի մասը չի վերադառնում հայրենի գաղթօջախներ: Հետևաբար, այսուհետ պետք է ավելի արդյունավետ աշխատել համայնքների հետ. վերջիններս պետք է իրենք շահագրգիռ լինեն, որ ՀՀ բուհեր ընդունվեն այն երիտասարդները, ովքեր կվերադառնան համայնքներ` աշխատելու: Հակառակ պարագայում` պետական նշանակության այս կարևոր հայապահպանական ծրագիրը վերածվում է կրթական միգրացիոն ծրագրի, որը բնավ էլ պետության նպատակը չէ»,-նշել է Արմեն Աշոտյանը` հանձնարարելով համապատասխան ստորաբաժանմանը խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները, այն է` ստեղծել իրավական հիմք, որպեսզի այն պայմանագրային բազան, որը ներկայումս օգտագործվում է ՀՀ բուհերում պետպատվերով նպատակային կրթություն ստացող երիտասարդների համար, համապատասխան փոփոխություններով հանդերձ կիրառելի լինի նաև սփյուռքահայ դիմորդների համար:

«Վերոնշյալ փոփոխության դեպքում այն երիտասարդները, ովքեր հուսախաբ են անում իրենց համայնքին և չեն կատարում իրենց պարտավորությունները, ստիպված կլինեն փոխհատուցել իրենց վրա ծախսված պետական գումարները` դրանով բարձրացնելով իրենց պատասխանատվության աստիճանը»-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը տրամադրելու են Գյումրիի բուհերին: «Այս նախաձեռնության նպատակն է` մի կողմից նվազեցնել կրթական միգրացիայի ռիսկերը, մյուս կողմից աջակցել Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և երրորդ` բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է»,-նշել է նախարարը` հիշեցնելով, որ այն դիմորդները, ովքեր ուզում են կրթություն ստանալ ոչ հայագիտական մասնագիտությունների գծով, պետք է գիտելիքների ստուգում անցնեն մրցութային հիմունքով: «Պետությունը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների թվի աճով, և պետք է անել հնարավորը, որ ՀՀ բուհերում սովորել ցանկացողների թիվը մեծանա` չնայած վերջին տարիներին այն հաստատապես աճի միտում ունի»,-նշել է նախարարը` հանդիպման մասնակիցներին տեղեկացնելով, որ սիրիահայ ուսանողների համար տարվող սոցիալական քաղաքականությունը մնալու է նույնը, ինչ նախորդ տարի: «Սիրիահայ դիմորդների համար այս տարի ևս պահպանվելու է վարձավճարների նույն չափը, ինչ տեղացի ուսանողների համար: Սիրիահայ մեր հայրենակիցները շարունակում են մնալ նույն ծանր վիճակում, որոնց պետությունը պարտավոր է օգնել»,-նշել է նախարարը` հանդիպմանը մասնակից բուհերի ներկայացուցիչներին հորդորելով ճկուն քաղաքականություն որդեգրել այս հարցում, այն է` աջակցություն ցուցաբերել սիրիահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացում և անհարկի բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծել:

Նշենք, որ ներկայումս շարունակվում է 2015-16 ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններ դիմած սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31