Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայացվել է ստանդարտ որոշում». Ալումյանը՝ Արա Բուդաղյանի կալանքը երկարացնելու մասին

Օգոստոս 31,2015 12:07

Արա Բուդաղյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել են: Օգոստոսի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Արա Բուդաղյանի վերաբերյալ քննիչը չի ներկայացրել որեւէ փաստարկ, որեւէ նյութ, ապացույց, որ Արա Բուդաղյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել որեւէ հանցանք: Չնայած դրան՝ Կենտրոնի դատարանը ոչ միայն հուլիսի 5-ին կալանավորեց Արա Բուդաղյանին, այլ նաեւ երկարացրեց հետագայում երկու ամսով նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Ընդ որում` քննիչը պարտավոր էր ներկայացնել Արա Բուդաղյանի առնչությունը այդ հանցագործությանը հաստատող որոշակի, գոնե նվազագույն ապացույցներ, որը քննիչի կողմից այդպես էլ մինչեւ հիմա չի կատարվել: Բանը հասել է նրան, որ այս կալանքը երկարացնելու դատավարության ժամանակ քննիչը ներկայացրել էր ընդամենը մեկ ապացույց, մի առերեսման արձանագրություն, ընդ որում՝ առերեսում ոչ թե Արա Բուդաղյանի հետ, այլ գործով անցնող երկու այլ անձանց միջեւ առերեսում: Եվ երբ որ մենք հարցրեցինք, իսկ ի՞նչ կապ ունի այս առերեսման արձանագրությունը Արա Բուդաղյանի հետ, քննիչը այդպես էլ չկարողացավ այդ հարցի պատասխանը տալ»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ դատարանի որոշումը ստանդարտ, չպատճառաբանված, ընդհանուր բնույթի արտահայտություններով որոշում է: Նա հավելեց, որ այդ գործով չորս մեղադրյալների փաստաբանները համեմատել են այդ որոշումները եւ տեսել են, որ որոշումներում տարբերությունը միայն մարդկանց անուն-ազգանուններն են. «Այսինքն` դատարանը կայացրեց ստանդարտ որոշում, որը նույնպես իրավունք չուներ: Անձին կալանավորելու որոշումը պետք է կայացվի անհատապես տվյալ անձի վերաբերյալ՝ հաշվի առնելով տվյալ անձի առանձնահատկությունները, դատարանը պետք է հիմնավորի, թե ինչու տվյալ անձը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը, թաքնվել քննությունից, նոր հանցանք կատարել: Այս դեպքում մենք գործ ունենք ստանդարտ շտամպ արած որոշումների հետ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն արդարադատության հետ»:

Ըստ նրա՝ նպատակը, ոչ թե կոնկրետ Արա Բուդաղյանին կալանավորելն է, այլ ըստ նրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ավանդույթ է ձեւավորվել չեն մերժվում Ազգային անվտանգության ծառայության՝ որեւէ անձին կալանավորելու միջնորդությունը. «Նոտարը 1 հատ գործարք վավերացնելիս ավելի երկար է քննարկում, քան դատարանը անձին կալանավորելիս կամ կալանքի տակ պահվող ժամկետը երկարացնելիս: Նորմալ երեւույթ չէ, սա հանգեցնելու է շատ շուտով նրան, որ մենք ստանալու ենք Հայաստանի դեմ վճիռների տարափ Եվրոպական դատարանից, ես վստահաբար ասում եմ: Նույն Արա Բուդաղյանի գործով գանգատի երեք հիմք կա, մենք սպասում ենք Վճռաբեկ դատարանի ստանդարտ որոշումներին, որով մեր վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը կմերժվի, եւ մենք դիմենք Եվրոպական դատարան»:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31