Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը կարծում է, որ հոսանքի թանկացման ցույցերին Արեւմուտքն է աջակցել. «Российская Газета»

Սեպտեմբեր 09,2015 13:01

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հարցազրույց է տվել ռուսական «Российская Газета»-ին, որում անդրադարձել է նաեւ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

«Վերջերս Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, որն ինչ-որ չափով նման էր 2014 թվականի սկզբին Մայդանում տեղի ունեցած դեպքերին: Ընդ որում, բազմաթիվ դիտորդներ ընդգծել էին կասկածելի նմանություններ, որոնք մինչ այդ բնորոշ չէին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Օրինակ` բազմության մեջ կային դիմակավոր մարդիկ, որոնք հավաքվածներին իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություններ կիրառելու բացահայտ կոչեր էին անում»,- կարծում է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը:

Ըստ նրա՝ հենց այդ մարդիկ էին հավաքի մյուս մասնակիցներին ցույց տալիս արդյունավետ միջոցներ ջրցան մեքենաներից պաշտպանվելու համար. «Ոստիկանության բոլոր գործողությունները, որոնք ուղղված էին կանխելու ցուցարարների սադրանքները, ձայնագրվել են բջջային հեռախոսներով, հավանաբար, հետագայում պատվիրատուներին փոխանցվելու նպատակով: Բացի այդ՝ բազմության մեջ կային Եվրամիության դրոշներով մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է ցուցարարներին ցույց տային ճանապարհը դեպի «վառ ապագան», որը կունենար Հայաստանը, եթե միանար ԵՄ-ին, այլ ոչ թե ԵՏՄ-ին»:

Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ դա վկայում է նախապես ծրագրված ու սադրիչ բնույթ ունեցող գործողությունների մասին, որոնք միտված էին դանդաղ մարող հակամարտությունը ակտիվ փուլ փոխադրելուն. «Հետաքրքիր է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բողոքի ակցիաները սկսվելուց անմիջապես հետո հայտարարություն է տարածել, որում «անհանգստություն» է հայտնել, հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության այսպես կոչված «բռնի գործողությունների կիրառման» կապակցությամբ եւ պահանջել է (հենց պահանջել է) ինքնիշխան Հայաստանի Հանրապետության իշխանություններից մանրակրկիտ հետաքննություն անցկացնել»:

Նա նաեւ կարծիք է հայտնել, թե, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն գոհ չէ, որ, ի վերջո, իրավիճակը չստացավ այնպիսի հեղափոխական թափ, ինչպիսին Ուկրաինայում էր:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930