Լրահոս
Օրվա լրահոսը

«էս ի՞նչ փնթի գործ է, տպավորություն է, որ առավոտը ինչ-որ տեղ եք շտապում, ձվածեղ եք անում». Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին

Սեպտեմբեր 17,2015 15:42

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում հանդես եկավ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Հովհաննես Սահակյանին հորդորեց համեմատել 1995-ի Սահմանադրության ընդունման գործընթացը այս նախագծի ընդունման հետ: 95-ի Սահմանադրությունը մշակվել է 4 տարի, 2 մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, հանձնաժողովի՝ 100-ի հասնող նիստեր են հրավիրել, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը. «Հետո երբ այդ փորձությունը հաղթահարվել է, 150 հազար օրինակով տեքստը տպվել է եւ բաժանվել ժողովրդին, որ ժողովուրդը կարողանա ծանոթանալ եւ կարծիք հայտնել հանրաքվեում:

Իսկ դուք տեսեք ինչ եք անում՝ Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է ընդամենը 10 օրվա ընթացքում եւ իսպառ բացակայել է քաղաքական համաձայնությունը խնդրի շուրջ: Հանձնաժողովում ընդգրկվել են բացառապես իշխանության համար հաճո մարդիկ: Ամենամեծ խայտառակությունն է՝ տեքստը չունեցած՝ մաս-մաս հրապարակել եք, էս ի՞նչ փնթի գործ է, սկզբում 7 գլուխն եք հրապարակել, հետո էլի մի քանի դրույթ, հետո վերջում անցումային դրույթները: Եվ այսպես հապշտապ ԱԺ-ում քննարկելուց 2 շաբաթ առաջ հանձնաժողովը փոփոխություններ է կատարել տեքստում: Սա ի՞նչ բան է, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ առավոտը ինչ-որ տեղ եք շտապում, ձվածեղ եք անում, ի՞նչ եք անում: Դուք Սահմանադրություն եք մշակում ամբողջ ժողովրդի համար: Ո՞ւր եք շտապում, ի՞նչ խնդիր եք լուծում: Կարելի՞ է նման անլուրջ, փնթի, շտապողական մոտեցում ունենալ մեր երկրի համար այսքան կարեւոր փաստաթղթի հարցում»:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ գայթակղությունը շատ մեծ է քաղաքական պատասխան տալու փնթի, շտապողականություն արտահայտությունների համար, բայց կփորձի բացատրել, թե ինչ ճանապարհ է անցել Սահմանադրության նախագիծը: Նա ասաց, որ գործընթացը սկսել է 2013-ից. «Եթե ունեիք առաջարկ, որ մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող էր ձեր թիմից ընդգրկվել մի լավ մասնագետ, մենք 2013-ից հայտարարում ենք, հրավիրում ենք, ձեր թիմից որեւէ մարդ չի եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930