Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Կեցցեք, բրավո, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ»

Սեպտեմբեր 18,2015 17:47

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում այս պահին գտնվում է տասներկու՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, և իրենք սա համարում են բովանդակային քննարկում:

Կեցցեք, բրավո, դուք հաջողել եք բովանդակային քննարկման մեջ:

Հիմա անցնեմ բուն իմ հայտարարությանը, որն ընդհանրապես կապ չունի «սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ գտնվող քննարկման հետ: Իմ այս հայտարարությունն ուղղված է մեր հանրության ներկայացուցիչներին:

Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները, իրենց գործունեության առաջին իսկ օրերից փոխանակ քաղաքական ազգ դառնալու հայտ ներկայացնելու և քաղաքական կանոններով առաջնորդվելու՝ որպես անկախ պետականության կրող, ընդօրինակեցին և առաջնորդվեցին խորհրդային իշխանությունների գործելաոճով՝ Հայաստանը ներկայացնելով որպես վասալային պետություն:

Վասալը և իրեն սպասարկողները, հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և հաճախորդի կարգավիճակի խոցելիությունը, ձեռնարկել են «Սահմանադրական բարեփոխումներ» անվանմամբ օպերացիան, որով նախատեսում է կրկին զինաթափել ժողովրդին, որպեսզի նորից տիրանա իշխանությանը:

Սրանք են այն մերժելի, ոչ քաղաքական խաղի կանոնները, որոնցով ղեկավարվում են Սերժ Սարգսյանը և բոլոր անհատներն ու միավորները, որոնք փորձում են ստեղծված իրավիճակում իրենց համար որևէ օգուտ որսալ:

Հայաստանի հանրային կյանքում գործունեություն ծավալող բոլոր քաղաքական միավորներին Սերժ Սարգսյանն ակնարկեց՝ ասելով, որ «Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերա­դարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զար­գացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն»:

Փաստորեն, Սերժ Սարգսյանն ընդունեց, որ կա մարտահրավեր, և ինքը խնդիր ունի մաքրելու այդ դաշտը, որտեղ ինքը միատեր է, և այդ դաշտն իր համար վտանգ է ներկայացնում: Սույն թվականի հայտնի փետրվարյան ելույթից հետո Սերժ Սարգսյանն իր պատկերացումով արդեն ստեղծել է այդ վերոնշյալ մտավոր ուժը և քաղաքական հարթակը, որի միջոցով փորձում է լուծել իր ներկայիս պաշտոնավարման և ավտորիտար համակարգի վերարտադրության խնդիրը:

Միգուցե իր պատկերացմամբ Սերժ Սարգսյանը լուծել է իր համար «քաղաքական հարթակ» ձևավորելու խնդիրը, սակայն նա չի լուծել քաղաքական հայտ ներկայացնելու հայ ժողովրդի պահանջն օրակարգից հանելու խնդիրը:

Մենք, ըստ էության, շուրջ 25 տարիների անկախության ընթացքում, որպես ազգ քաղաքական հայտ չենք ներկայացրել: Այդ իսկ պատճառով է, որ ունենք այսպիսի հետընթաց: Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը կարող է շարունակել պաշտոնավարել, և իրենց քաղաքական ուժեր հայտարարած մարդիկ իր այդ ապօրինի գործընթացին սատարել, երբ գոյություն ունի մեր պետության մեջ, իր իսկ պաշտոնավարման տարիներին, 4 մլրդ 680 մլն դոլարի պարտք: Այս պարտքը, որը նա, իհարկե, կեսը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից, նա կրկնապատկել է այդ պարտքը: Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանին, մենք չունենալով որպես քաղաքական ազգ օրակարգում ներկայանալու խնդիր, այսօր կարող ենք ասել, որ մենք կարող ենք սատարել նրա կողմից այս ապօրինի գործընթացին և ունենանք 1 մլն-ից ավելի քաղցած մարդիկ:

Այս երկու միջին տարիքի արդեն անձինք, ում որ ճանաչում եմ երիտասարդ տարիքից.. լինելով շնորհալի իրավաբաններ, ժամանակին փաստաբան էին և ներկայացնում էին դատական ատյաններում մարդկանց իրավունքները: Այսօր լծվել են Սերժ Սարգսյանին սպասարկելու գործընթացին: Իհարկե, ափսոս է, սա նշանակում է, որ մենք դեռ քաղաքական ազգ ներկայանալու հայտ չունենք ձևակերպված, բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ձեզ են ահազանգում, որ մենք ցանկանում ենք լինել քաղաքական ազգ և ունենք քաղաքական իրավունքներ, գիտակցում ենք և հետապնդում ենք այդ իրավունքների իրացումը:

Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր համախմբված են և մերժում են Սերժ Սարգսյանին և ցանկանում են օր առաջ նրանից ազատվել, իսկ այս պահի դրությամբ նա փորձում է այս հանրաքվեի միջոցով ուղղակի սպասարկել իր ապագան մինչև 2018-ի պաշտոնավարումը, որից հետո էլ փորձելու է իբրև թե վերարտադրվի, չի հաջողվելու:

 

Բոլոր նրանց, ովքեր մերժում են Սերժ Սարգսյանին, իսկ դա մեր ազգն է, համահայկական օրակարգի ներքո՝ լինի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, թե այլ տարածքում, հայկական օրակարգի ներքո մենք պետք է ընդունենք նվազագույն սահմանադրական օրենքներ, որոնցից առնվազն պետք է ընդունվի.

1.      Նոր ընտրական օրենսգիրք, որը պետք է ապահովի ընտրական իրավունքի լիարժեք իրացում:

2.      Լյուստրացիայի մասին օրենք:

3.      Ապօրինի սեփականաշնորհված գույքի հետ վերադարձ պետությանը:

4.      Մենք պետք է սկսենք անցկացնել անցումային արդարադատություն: Այդ անցումային արդարադատությունում առաջինը պետք է անցնեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո կլինեն, ես համոզված եմ, այլ անուններ ևս, որոնք նույնպես պետք է անցնեն այդ անցումային արդարադատությամբ:

5.      Բոլոր այն ոստիկանները և ԱԱԾ-ի աշխատակիցները, ովքեր այս տարիների ընթացքում ապօրինի հետապնդել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց ապօրինի ազատազրկել են, նրանք բոլորը պետք է անցնեն այս անցումային արդարադատությամբ:

6.      Բոլոր այն դատավորները, ովքեր դատավճիռներ են կայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և դատապարտել են նրանց՝ իրենց խոսքի ազատությունը խոչընդոտելու նպատակով, այդ դատավորները նույնպես պետք է անցնեն անցումային արդարադատությամբ:

Հաջորդ քայլը պետք է լինի, իհարկե, ժամանակավոր կառավարության ստեղծումը: Այսինքն՝ ժամանակավոր կառավարությունը պետք է մասնակից լինի այս բոլոր գործընթացներին, պետք է պաշտոնավարի առավելագույնը 6 ամիս, և դրանից հետո մենք պետք է անցկացնենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Արդեն նոր խորհրդարանի և նախագահի միջոցով մենք կարող ենք խոսել մեր ազգային օրակարգը սպասարկող նոր Սահմանադրությամբ, իսկ մինչ այդ՝ այն, ինչ որ տեղի է ունենում այստեղ, խորհրդարանի պատերի ներքո, սա ուղղակի Սերժ Սարգսյանի համար բեմադրություն է: Մենք այս բեմադրությունը կարող ենք դիտել, բայց մենք այս բեմադրության դերակատարները չենք:

Հարգելի և սիրելի հայրենակիցներ, մեր տեղը այսօր լինելու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները և փողոցները, համախմբման միջոցով, բոլորիս ուժերի միջոցով մենք կաթվածահար ենք անելու այս ապօրինի իշխանության գործունեությունը, Սերժ Սարգսյանի ծավալած գործունեությունը:

Առաջին հերթին, մինչև այդ հանրաքվեի օրը, մենք պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից: Հանրաքվեի օրը մենք պետք է հիմնադրենք նոր ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծում տա այս իմ բարձրացրած հարցերին :

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930