Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստ, որից մեղեդի է հորդում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2015 22:35

Բացվեց Արսեն Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 21-ին «ՀայԱրտ»  մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Արսեն Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը:  Նույն օրը արվեստագետը դարձավ 33 տարեկան:  Ինքնատիպ ցուցահանդեսը յուրօրինակ հաշվետվության ձեւ էր՝ խիստ խորհրդանշական տարիքում:

Արսեն Հարությունյանը խոստովանում է, որ սկզբում տատանվում էր ցուցահանդես ունենալու առումով, ինչ-որ տեղ պատրաստ չէր քննադատություններ լսել, թեեւ բավականին աշխատանքներ է ստեղծել ու լուրջ գնահատականների արժանացել ավագ վրձնակիցների կողմից:

«ՀայԱրտում» ցուցադրված էր նրա շուրջ 3 տասնյակ գործ: «Ասպետ», «Երաժիշտ», «Մունետիկ», «Նավապետ», «Սեր նավակում», «Թագուհին»՝ այսպես է երիտասարդ նկարիչը վերնագրել  իր ստեղծագործությունները, որոնցից, ինչպես եղբայրը՝  գրող, հրապարակախոս Հարություն Հարությունյանն է փաստել, ուղղակի մեղեդի է հորդում…

IMG_1 IMG_2 IMG_3 IMG_4 IMG_6 IMG_7

Շնորհավորելով Արսենին, «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանն ասաց, որ բոլոր ստեղծագործական պտուղները գալիս են լրացնելու նրա  ծննդյան տոնակատարությունը: Նա նաեւ «ՀայԱրտի» անունից պարգեւատրեց նկարչին առաջին ցուցահանդեսին լավագույնս ներկայանալու համար:

Արսեն Հարությունյանի գույներն ու ստեղծագործական խորքն այնպիսի հետաքրքրություն էին առաջացրել, որ ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ճանաչված մշակույթի գործիչներ ու գրչի վարպետներ:

Հավելենք, որ Արսեն Հարությունյանը սովորել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ գրաֆիկայի բաժնում, իսկ երկու տարի առաջ ավարտել նույն ակադեմիայի մագիստրատուրան:

Aravot.am-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ ազդվել է բոլոր հանճարեղ նկարիչներից ու իրեն համարում է բոլորի սանը: Նշեց, որ իրեն ավելի ինքնավստահ է զգում հատկապես գրաֆիկական աշխատանքներում, դրանով ավելի վաղ տարիքից է զբաղվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031